Փաշինյանին պետք են իրակա՞ն, թե՞ միֆական գեներալներ
Վերջին օրերի մեդիադաշտի քննարկվող առանցքային թեման կապված է Վիտալի Բալասանյանի՝ օրերս արված հայտնի հայտարարության հետ, որը հատկապես իշխանամերձ հատվածում շոկային էֆեկտ է ունեցել։ Բալասանյանն իր հարցազրույցում բավականին սուր քննադատել էր նաև «Սասնա ծռերին»՝ ևս մեկ անգամ ակնարկելով, որ հեռու մնան քաղաքական գործընթացներից ու ինքնագործունեությունից, առավել ևս՝ պետության և պետականության հետ կապված հարցերի վերաբերյալ ակտիվություն դրսևորելուց, հակառակ դեպքում գեներալը նրանց սպառնացել էր ընդհուպ ֆիզիկական ոչնչացման հանգամանքով։
Արցախի գեներալի առաջնային մեսիջը, թերևս, հետևյալն է՝ Փաշինյանը շեղվել է պետականամետ գծից: Սա նորություն չէ, այս մասին ակնարկել է անգամ Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանը և ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ կապված են զինված ուժերի հետ, չմոռանանք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոշտ հայտարարությունը։
Այս ենթատեքստում փորձենք ավելի համընդգրկուն ներկայացնել տեղի ունեցող օպերացիան։
Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքն իրեն հակասող և երկդիմի հայտարարություններ ու գործելաոճ դրսևորել, որոնց խորքային ուսումնասիրությունը հանգեցնում է բավականին հետաքրքիր եզրահանգումների։ Նախօրեին Աշգաբադում նա բավականին կոշտ հակադարձեց հայ ազգի բոլոր ժամանակների հերոս Գարեգին Նժդեհի հասցեին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններին, սա՝ առաջին հայացքից։
Հենց նման սպոնտան ռեակցիա եղավ նաև սոցցանցերի հայկական տիրույթում, երբ բոլորը խելակորույս լծվեցին գովաբանել Փաշինյանի «փայլուն ու շշմեցուցիչ պատասխանը», այնինչ, դա երկրի ղեկավարի բնական, ինչ-որ տեղ՝ նաև ռացիոնալ դրսևորում էր։
Այստեղ տեղին է մի քանի դրվագ արձանագրել։ Կատարվածի հատկանշականն այն է, թե ո՞րն էր այն առիթը, որ Ադրբեջանի ղեկավարը Աշգաբադում, առանց ոչ մի լուրջ առիթի, հիշում է Նժդեհին ու նրա Երևանում գտնվող արձանի առկայությունը։ Կարևոր է փաստել, որ այս հանդիպումից առաջ նույն Նիկոլ Փաշինյանի «հարվածային գունդը» Երևանում լծված էր հայ ազգի մեկ այլ նվիրյալի՝ Վիտալի Բալասանյանի քարկոծման գործին։
Երբ Փաշինյանն Աշգաբադում խոսում էր հայ ազգի արժանավոր զավակների ու հերոսների սխրանքների մասին, արդյոք մի պահ մտաբերե՞ց, որ իր իշխանության սատելիտները տոտալ գրոհ են սկսել գեներալ Բալասանյանի նկատմամբ՝ նրան համարելով «ազգի դավաճան», անգամ թեզեր են շրջանառում նրան կոչումազրկելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Այս դրվագում ֆիքսենք առաջին հայացքից գուցե մոռացության մատնված մի դետալ. Ալիև-Փաշինյան այս կոլորիտային «խաղը» զուգադրվում է այն ֆոնին, երբ Փաշինյանի ռեյտինգը երկրի ներսում բավական ցածր է, և լուրջ խնդիրներ կան ազգային արժեքների խնդիրների ու ընդհանուր պահպանողական կոնցեպտի նկատմամբ։
Ըստ օդում կախված լուրերի՝ սա մի գեղեցիկ մշակված ստրատեգիա էր, որն իրականացրեց Փաշինյանի PR թիմը՝ փորձելով թեկուզ ժամանակավորապես, բայց որոշակիորեն ցրել նրա շուրջ ստեղծված գաղջ մթնոլորտը։ Այս համատեքստում կարևոր է առանձնացնել մի հանգամանք ևս. ինչպես ցույց է տալիս Փաշինյանի կառավարման շրջանը, նա առանձնակի հակակրանք է դրսևորում գեներալիտետի նկատմամբ և իր ելույթներում հաճախ ակնարկում, թե՝ «գեներալները չպետք է խառնվեն պետական գործերին», և նման այլ ձևակերպումներ։
Այդ հակակրանքի դրսևորումներ մենք նկատում ենք մի շարք գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերով (Միքայել Հարությունյան, Յուրի Խաչատուրով), ոմանց ուղղակի փորձեց լիկվիդացնել իր տեսադաշտից (Լևոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան, Սամվել Կարապետյան (Օգանովսկի), գեներալներ Ղարամյանն ու Մնացականյանը միայն Բակո Սահակյանի նախաձեռնությամբ այլ դասավորությամբ շարունակեցին իրենց գործունեությունը)։ Իսկ այն, ինչ կատարվում է Բալասանյանի առումով, դա բացահայտ գրոհ է գեներալի նկատմամբ. հիշեցնենք, ամիսներ առաջ, երբ Բալասանյանը դեռևս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր, Երևանում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը կանգնեցրել էր նրա մեքենան և փորձում էր ստուգում իրականացնել։
Այստեղ հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը չի սիրում զինվորականներին, ովքեր իրենց կյանքը դրել են ի նպաստ հայրենիքի բարօրության, և վերոնշյալ բոլոր անձինք լուրջ կադրային զինվորականներ են։
Ի դեպ՝ հավելենք, որ Ալիևին հակադարձելիս՝ Փաշինյանը խուսափեց «ազգ» և «հերոս» ձևակերպումներից։ Սա վկայում է, որ նա ուղղակի ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել, որ հայ ժողովուրդն ունի հերոսական պատմություն և լուրջ ազգային ավանդույթներ։ Ստացվում է այնպես, որ մերօրյա հերոսները Փաշինյանի համար անընդունելի կերպարներ են և ասոցիացվում են նախորդ «կոռումպացված ռեժիմի հետ», իսկ 70 տարի առաջ Վլադիմիրի բանտում մահացած Գարեգին Նժդեհը ազգի նվիրյալ է և հերոս։
Փաստորեն, ըստ Փաշինյանի հայտնի ակնարկի՝ Արցախում հենց նրանք են այն «դավադիր ուժերը», ովքեր փորձում են պատերազմ հրահրել։ Այսինքն՝ ինչ է ստացվում. ըստ Ն. Փաշինյանի՝ գեներալները սադրում են Ադրբեջանին, որպեսզի դրա հաշվին ինքնահաստատվեն, իսկ ինքը տապալվի։ Նման հակապետական մտածելակերպ երկրի ղեկավարի դեպքում դժվար է անգամ պատկերացնելը։ Միանգամից առաջանում է հաջորդ հարցը. եթե Գարեգին Նժդեհը ողջ լիներ, ինչպիսի՞ն կլիներ Փաշինյանի վերաբերմունքը նրա նկատմամբ, արդյո՞ք նա նույնպես չէր դասվի «դավադիրների» շարքին։ Թերևս մտածելու բան է։
Արմեն Հովասափյան
Հ.Գ. Ի դեպ՝ այսօր ունեցանք փաշինյանական հերթական «փայլատակումը». նա Արագածոտնում հայտարարեց. «Այսօր մեր երկրում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների։ Նրանց շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, նրանց բոլորին համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը. ով ընդդիմադիր է` մեր թշնամին է»։