«Թուրքական օպերացիան Սիրիայում անուղղակի մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի համար». Ֆելգենգաուեր
«168 Ժամի» զրուցակիցն է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
– Պարոն Ֆելգենգաուեր, հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության գարուն» գործողությունը սկսելու մասին: Թուրքական բանակը ու օդուժը ռմբահարում և հրետակոծում են քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանը: Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում սիրիական հակամարտության շրջանակում և դրանից դուրս:
– Բնականաբար, հետևանքներ կլինեն ձեր նշած երկու ուղղություններով էլ, բայց հստակորեն կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում, բավականին բարդ է: Ռազմական տեսանկյունից թուրքական գործողության հարցում ամեն ինչ հասկանալի է՝ թուրքերն ունեն ժամանակակից ՆԱՏՕ-ական ծանր հրետանի, գերմանական տանկեր, ամերիկյան Ֆ-16 ռմբակոծիչներ՝ հավաքված Թուրքիայում՝ լիցենզիայի համաձայն: Քրդերը դրանց պատասխանելու, դիմադրելու համար ոչինչ չունեն, ոչ մի ժամանակակից սպառազինություն, չեն կարող ճնշել հրետանու առաջխաղացումը, էլ չխոսենք ավելի լուրջ սպառազինության, ՀՕՊ-ի և այլնի մասին, ծանր հրետանի ևս չկա օպերատիվ հետմղող պատերազմ վարելու համար:
Ռազմական տեսանկյունից քրդերի համար նպատակահարմար է արագորեն նահանջելը, սակայն նրանք դա չեն անի, քանի որ քաղաքական տեսանկյունից նրանց համար կարևոր է երկար դիմադրություն ցույց տալը, իսկ քանի որ թուրքերը չեն ցանկանում կորուստներ կրել քաղաքականապես և ռազմական տեսանկյունից, նրանք սիրիական ազատ բանակից են զինվորներ ներգրավում, զինում, պատրաստում, որպեսզի թվա, թե սիրիացիներն ազատագրում են սիրիական տարածքը, և, որպեսզի իրենք կորուստներ չկրեն, ինչը ևս երկարաձգելու է այս օպերացիան:
Այս ամենը շատ նման է լինելու նրան, ինչ տեղի ունեցավ Աֆրինում 2018 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսներին: Աֆրինի օպերացիան շարունակվեց 58 օր, թեև այն, հնարավոր է, որ կարճ տևեց, քանի որ քրդերը դիմադրեցին որոշակիորեն, բայց հայտարարեցին նաև, որ մարտեր չեն մղելու և հեռանալու են, ու հեռացան, որի արդյունքում այնտեղ ամեն բան մարեց:
Իսկ այստեղ զարգացումները կարող են և չընթանալ այնպես, ինչպես Աֆրինում, քանի որ քրդերը պատրաստվում են դիմադրության, թեև դա ևս հստակորեն պնդել հնարավոր չէ, քանի որ գուցե լինի գաղտնի համաձայնություն գերտերությունների միջև այն առումով, որ քրդերը հեռանան այդ հատվածից, թուրքերը գան, իսկ քրդերը հաստատվեն ավելի հարավային շրջաններում: Չի բացառվում նաև, որ շարունակվի պարտիզանական պատերազմ և հենց հայտարարված գոտում, ինչպես նաև Թուրքիայի տարածքում: Թուրքիայի տարածքում, վստահորեն կարելի է ասել, որ կլինեն էական ակցիաներ քրդերի կողմից, կարող է հենց Թուրքիայի տարածքում քրդերը թիրախավորեն թուրքական բազաները: Թեև դա բավականին վտանգավոր սցենար է, բայց այն, որ քրդերը ուզում են դիմադրել և երկար՝ Արևմուտքի քաղաքական աջակցությունը ստանալու նպատակով, փաստ է: Թուրքական օպերացիայի ռազմական հատվածը կանխատեսելի է, իսկ քաղաքականը՝ ոչ:
– Այսինքն՝ սա կարող է երկարաձգվել: Իսկ քաղաքական հետևանքների և զարգացումների ի՞նչ սցենարներ են հնարավոր:
– Այո, կերկարաձգվի, Աֆրինում հասկանալի էր, որ քրդերի համար ամեն բան անհուսալի է, բայց նրանք այնտեղ ևս դիմադրում էին, կորուստներ էին կրում, ներկայումս ևս դա անելու են ավելի մեծ թափով: Դիմադրելու են բավական երկար: Թուրքերը կարող էին այս ամենն արագ անել, բայց հարկավոր էր լինելու դրա համար ներգրավել Երկրորդ բանակն ամբողջությամբ, սակայն նրանք դա չեն անի, քանի որ որոշել են իրենց հատուկջոկատայիններին ուղարկել տանկերով, բայց թուրքերը չեն ցանկանում կորուստներ կրել, ուստի սիրիացիներին են առաջին ճակատում կանգնեցրել, իսկ թվային առումով նրանք քիչ են այդ տարածքի համար:
Վերջնարդյունքը հասկանալի է՝ քրդերը կնահանջեն: Քրդերը ցանկանում են քաղաքական դիվիդենտներ քաղել, և այս երկարաձգման պատճառով, շատ հնարավոր է, որ և՛ Եվրոպան, և՛ Միացյալ Նահանգները սպառազինության էմբարգո կիրառեն Թուրքիայի նկատմամբ, ինչը Թուրքիայի համար էական հարված կլինի, քանի որ թուրքական սպառազինությունը հիմնականում ՆԱՏՕ-ական է, թեև պետք է նշել, որ նրանց ռազմարտադրությունը հզոր է, իրենք իրենց արտադրությունն ունեն, բայց նման էմբարգոն Արևմուտքի կողմից կունենա էական ազդեցություն:
Իսրայելը էմբարգո չի մտցնի, Թուրքիան իսրայելական շատ սպառազինություն ունի, քանի որ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ մեծ պատերազմի, իսկ պատժամիջոցների կիրառումը, որը հնարավոր է, և որի համար քրդերը պետք է երկար դիմադրեն, կարող է հանգեցնել լուրջ առճակատման Թուրքիայի և ԵՄ ՆԱՏՕ-ական անդամ երկրների և ԱՄՆ-ի միջև: Այս ամենին կարող են հետևել նաև տնտեսական պատժամիջոցներ: Դա կհանգեցնի լուրջ հետևանքների, այդ թվում՝ Հայաստանի համար:
– Ինչպիսի՞ հետևանքների:
– Եթե լինի լուրջ հակամարտություն Թուրքիայի և ԵՄ ՆԱՏՕ-ական անդամների, ԱՄՆ-ի միջև, ապա այդ դեպքում Մոսկվայի երազանքը կդառնա իրականություն, ինչպես ասում են, Մոսկվան կջանա Թուրքիային ավելի շատ մոտեցնել իրեն՝ օգտագործելով այդ առիթը, ինչպես 1920-ական թթ., երբ երիտասարդ սովետական կառավարությունը բարեկամություն էր անում Քեմալ փաշայի հետ և ստորագրում էին պայմանագրեր, քանի որ կարևոր էր Թուրքիան այն ժամանակ, իսկ ներկայումս Թուրքիան ավելի կարևոր է Ռուսաստանի համար: Իսկ ռուս-թուրքական մերձեցումը սովորաբար հայերի համար մշտապես վատ հետևանքներ է ունենում:
Մոսկվան ներկայումս այնպիսի քաղաքականություն է վարում, որը, եթե կարդաք, նույնիսկ կծիծաղեք: ՄԱԿ ԱԽ նիստին Նյու Յորքում նախագահողի հայտարարությունը թուրքական օպերացիայի մասին պահանջում էր կոնսենսուս, այդ հայտարարությունը չընդունվեց, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դրան խոչընդոտեցին, այսինքն՝ աջակցելով թուրքերին: Ահա այսպիսի զվարճալի և հուզիչ տեսարան՝ Թրամփն ու Պուտինը աջակցում են Էրդողանին: Եվրոպացիներն էին ցանկանում ընդունել դատապարտող հայտարարություն, ի դեպ, որը պարտավորեցնող չէր նույնիսկ, այլ կրում էր բարոյական բնույթ: Դա հետաքրքիր ցուցիչ է:
– Ինչպե՞ս այս ամենը կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա, քանի որ խոսքը Ռուսաստանի մասին է, որը համանախագող երկիր է ԵԱՀԿ ՄԽ-ում, Թուրքիայի, որը Ադրբեջանի քաղաքականության աջակիցն է, Հայաստանի ու Ադրբեջանի՝ Իրանի և Իսրայելի գործընկերները, Միացյալ Նահանգները՝ համանախագահ երկիր:
– Այո, վերջերս ևս լարում կա Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաև տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը ևս հավանական է և ուրվագծվում է ապագայում: Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները ևս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական աղբյուրներից հայտնի է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ նաև պրեվենտիվ հարված հասցնել Իրանին, դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մերձավորարևելյան զարգացումներում, փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի և Իսրայելի միջև, որը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա, իսկ քանի որ Իրանը Հայաստանի հետ է գործընկեր, Ադրբեջանը՝ Իսրայելի, կլինեն լարումներ տարածաշրջանում:
Թուրքական արշավը քրդերի դեմ ուղիղ կերպով հայերին չի անդրադառնում, սակայն հետագա արդյունքը եթե լինի Մոսկվայի և Անկարայի մերձեցումը, ապա Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ և մեծապես տուժել:
– Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և այդ պայմաններում հնարավոր է, որ Հայաստանի շահերը ստորադասվե՞ն:
– Ռուսաստանը երաշխավոր է, կա ռուսական ռազմական ներկայություն Հայաստանում, ինչը նշանակում է, որ չի լինի թուրքական ներխուժում Հայաստան, բայց թե ի՞նչ գործարքներ կարող են լինել, դա արդեն այլ հարց է: Մոսկվայի համար Հայաստանը կարևոր է, բայց Թուրքիան ավելի կարևոր է, Մոսկվայի համար կարևոր է նաև Ադրբեջանը: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը, ինչո՞ւ ոչ՝ նաև Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում: Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար: Ուստի Մոսկվան մշտապես հավասարակշռում է, միանշանակորեն երբեք չի աջակցում Երևանին, թեև ֆորմալ առումով, այո, կա նման աջակցություն, երաշխիքներ կան: Ներկայումս այդ հավասարակշռությունը կա, բայց կան նաև կարևոր շահեր:
– Ի՞նչ գործարքներ:
– Ես դա չեմ կարող ասել: Ես ընդհանուր միտումներն եմ կանխատեսում: