«Ես հավատում եմ, որ սա վիզուալ դարաշրջանի ավարտն է և նոր, ավելի մեծի սկիզբը». Գարի Վայներչուկ
VaynerX ընկերության նախագահ, գործարար, վիդեո-բլոգեր, գրող Գարի Վայներչուկը (Gary Vaynerchuk) Հայաստան է այցելել՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 2019)։ Վայներչուկի մասին համառոտ ասում են՝ նա տաղանդավոր վաճառող է: Նա նաև Wine library TV վիդեոբլոգի ստեղծողը և վարողն է, 1998 թ.-ին քոլեջը ավարտելուց հետո նա սկսում է զբաղվել հոր լիկյորի խանութի գործերով:
Վայներչուկը բիզնեսը մեծացնում է՝ այն տարեկան 3 միլիոն դոլարից հասցնելով մինչև 50 միլիոն դոլարի: Վայներչուկի համոզմամբ՝ լավ վաճառողը չի վախենում նոր մարտավարություններ փորձելուց, սա հիանալի միջոց է բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար:
Իսկ ո՞րն է, ըստ Վայներչուկի, այն միտքը, որն արժե կրկնել ամեն առավոտ, որպեսզի չմոռանանք կյանքում ամենակարևորի մասին: Իր հոդվածում նա գրում է, որ լավագույն մոտիվացնող արտահայտությունը բաղկացած է 3 բառից՝ «Դու հավերժ չես»:
«…Ես չեմ փորձում ձեզ վախեցնել, այլ փորձում եմ խոսել ըստ էության: Երջանիկ լինելու համար մենք ունենք ընդամենը մեկ կյանք: Եվս մեկ հնարավորություն էլ չենք ունենալու: Չսիրած աշխատանքով զբաղվելու պատճառով դժգոհելու և նվնվալու փոխարեն սկսեք գործել: Աշխարհում շատ կան ուրիշների երջանկությամբ մտահոգված մարդիկ, չնայած չէր խանգարի, որ նրանք մտահոգվեին հենց իրենց երջանկությամբ:
Գիտե՞ք` ինչու է ինձ դուր գալիս երջանկացնել ու մոտիվացնել ուրիշներին, որովհետև ես ինքս արդեն երջանիկ եմ: Հնարավոր է` հնչում է էգոիստական, բայց առաջին հերթին պետք է երջանկացնել ու մոտիվա գտնել ինքդ քեզ համար, և հետո նոր կարելի է զբաղվել ուրիշներին երջանկացնելով: Ես խնդրում եմ, անկեղծ հարցրեք ինքներդ ձեզ. այն, ինչով զբաղվում եք հիմա, դարձնո՞ւմ է ձեզ ավելի հաջողակ: Երջանիկ մարդը գիտակցում է, որ կարևոր չէ, թե ինչքան գումար է աշխատում ինքը, այլ այն, թե ինչպես է նա դա վաստակում: Երբ ես 20 տարեկան էի շատ ժամանակ էի անցկացնում 90-անց մարդկանց շրջապատում: Կարևոր չէ, թե ես որտեղ ու ինչպես էի նրանց հանդիպում՝ ճանապարհորդելով, թե գինեգործական արտադրությունում աշխատելով: Ես խնդրում էի նրանց պատմել ինձ իրենց կյանքի մասին:
…Ամեն առավոտ «դու հավերժ չես» արտահայտությունը պետք է ստիպի Ձեզ արթնանալ ու անել հենց այն ամենը, ինչ իսկապես ուզում եք, ինչը ձեզ կդարձնի երջանիկ: Ձեզ տրված է ընդամենը 1 կյանք, մեկ հնարավորություն: Ոչինչ չի թունավորում կյանքն այնպես, ինչպես ափսոսանքը: Հենց այդ պատճառով դադարեք փնտրել արդարացումներ և սկսեք քայլել դեպի երջանկություն»,-գրել է նա իր հայտնի հոդվածում:
Գարի Վայներչուկի ելույթը Երևանում՝ WCIT 2019-ում
«Օգնեք, ստիպեք, որ ձեր երազանքները կատարվեն։ Դուք ունեք այդ հնարավորությունները։ Ես այստեղ եմ՝ ձեզ ասելու, որ եթե նպատակ ունեք, ապա սկսեք այսօր, հենց այսօր սկսեք հավաքել ձեր երազանքի 200-ից ավելի փոքրիկ մասնիկները։ Եթե դուք հետքայլ անեք, ու նայեք, թե ինչ էր կատարվում աշխարհում, կտեսնեք, որ ոչինչ կանգ չի առել։ Վստահ եմ՝ այստեղ ներկաների 99,9 տոկոսը կարող է հաջողությամբ սկսել ու առաջ տանել իր բիզնեսը։
Ընկերներ, այս ամենին հավատալու ամենապարզ ճանապարհը մի փոքրիկ պատմություն լսելն է։ Ամեն անգամ, երբ որևէ լսարանում ես պատմում եմ իմ հաջողության պատմությունը, այն լսողներից մեկը գնում է տուն, ու ասածներիս վերաբերվում է ամենայն լրջությամբ։ Դա դառնում է նոր հաջողության սկիզբը։ Ու դա անընդհատ շարունակվում է։ Նայեք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում։ Շատերն են տարբեր էջերում տեղադրում տեսահոլովակներ։ Բայց շատ կարևոր է այս հոլովակների իմաստը հասկանալը, ու ճիշտ մեկնաբանություն դրան տալը։
Հաճախ այդ հոլովակները շատ երկար են լինում։ Հավատացեք՝ 1 րոպեն բավական է ասածը տեղ հասցնելու համար։ Հաղորդակցությունն ու շփումը միշտ ամենաառաջնայինն են։ Շփումը ևս մեծ գիտելիքներ ու հմտություններ է պահանջում։ Այսօր դուք կարող եք մի պահ կանգ առնել, շունչ հաշել, հավաքել ձեր հմտությունները ու հաղթել։ Շատերդ գուցե տեսահոլովակներ ստեղծելիս ինքներդ ձեզ հոլովակներում այնքան էլ լավ չեք խոսում, բայց դա սոցիալական ցանցերում հաջողության հասնելու ամենալավ տարբերակն է։ Դրանով դուք ավելի լավ շփում ու կապ եք հաստատում ձեր հետևորդների, հանդիսատեսի հետ։ Կարող եք նաև միայն ձեր ձայնն օգտագործել՝ առանց կադրում երևալու։ Ոչ ոք այս պահին հոլովակում նկարահանվելու պատրաստ իր տանը նստած չէ։
Բայց հենց հիմա մենք մի այնպիսի սրահում եք, որտեղից կարող ենք մի գեղեցիկ հոլովակ ստեղծել ու ուղարկել աշխարհին։ Կտեսնեք, թե ձեր հոլովակն ինչ մեծ հաջողություն ձեզ կբերի։ Ներկաներիդ ամենամեծ հնարավորությունը դուք եք, ձեր դեմքն ու ձայնը։ Եթե դուք հավատում եք այն ամենին, ինչ ես ասում եմ, ապա դա մի բան է նշանակում․ դուք հասկացել եք, որ ձեր բրենդը հենց դուք եք։
Հենց հիմա դուք կարող եք ստեղծել ձեր բրենդը։ Հենց հիմա պետք է հավատաք ու սկսեք։ Ես հավատում եմ, որ սա վիզուալ դարաշրջանի ավարտն է և նոր, ավելի մեծի սկիզբը։ Հույս ունեմ, որ խոսքս տեղ հասավ ու այստեղից դուրս գալուց անմիջապես հետո դուք կսկսեք ստեղծել՝ վատնելու փոխարեն»։
WCIT 2019-ը տեղի է ունենում Հայաստանում՝ հոկտեմբերի 6-9-ը։ WCIT-ը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ Համաժողովի հիմնական կազմակերպչական մարմինն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։
Հիշեցնենք, որ իր նշանակությամբ և ազդեցությամբ չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս նախկին իշխանությունների օրոք:
2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը:
Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:
Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք նաև Լարի Քինգի և Գարի Վայներչուկի հետաքրքիր զրույցը։