Մեր դպրոցի թվային պատկերը
Առայժմ պաշտոնապես չի հրապարակվել տեղեկատվություն հանրակրթական դպրոցների այս ուստարվա ցուցանիշների մասին: Այն ինչ-որ իմաստով հասարակական ուշադրության կենտրոնում է: Որովհետև իշխանությունները պարբերաբար խոսում են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին: Առայժմ հստակ պարզ չէ, թե որքանով ու ինչ մեթոդով է կատարվելու բարձրացումը: Հստակ չէ նաև, թե պետական հանրակրթական դպրոցների ուսուցչակազմի աշխատավարձերի բարձրացումն ինչպես կազդի մասնավոր դպրոցների վրա: 2018/19 ուստարում մեր երկրում գործում է 1409 դպրոց:
Այս թվից 46-ը ոչ պետական են: Բնականաբար, ոչ պետական հանրակրթական դպրոցների մեծ մասը (թվով 38-ը) կենտրոնացած են մայրաքաղաքում: 5 ոչ պետական դպրոց գործում է Գյումրիում, 2-ը` Արմավիրում, և 1-ը՝ Տավուշի մարզում: Մեկ հետաքրքիր փաստ. Շիրակի մարզի գյուղական մի համայնքում գործում է միակ ոչ պետական հանրակրթական դպրոցը:
Մեր հանրակրթական դպրոցներում 18/19 ուստարում սովորել է 382 հազար 378 աշակերտ: Ոչ պետական դպրոցներում սովորում է աշակերտների ընդամենը 2.44 տոկոսը` 9 հազար 314 երեխա: Հիմա մոդայիկ է դիտարկել աշակերտների կազմը՝ ըստ սեռերի: Ուստի կարելի է արձանագրել, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր դպրոցներում տղա/աղջիկ համամասնությունը նույնն է: Այսինքն՝ մասնավոր դպրոց ուղարկելու որոշում ընդունելու հարցում երեխայի սեռը դեր չի խաղում:
Սեպտեմբեր ամսին սովորաբար ամենակարևոր տեղեկատվությունն այն է, թե որքան երեխա գնաց առաջին դասարան: Այս ուստարվա թվերը պաշտոնապես դեռ չեն հրապարակվել: Վերջին պաշտոնական թվի համաձայն՝ անցած ուստարում դպրոց է գնացել 38 հազար 674 աշակերտ: Ընդ որում՝ աշակերտների մեծ մասն ընդգրկվում է թե՛ տարրական, թե՛ միջին դպրոցում:
Ավագ դպրոցում սովորողների քանակը կտրուկ պակասում է: Պատճառներից մեկն այն է, որ միջին դպրոցն ավարտած երեխաների 15 տոկոսը կրթությունը շարունակում է մասնագիտական (արհեստագործական) և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում: Պաշտոնապես տարբեր թվեր են նշվում հանրակրթական դպրոցում երեխաների ընդգրկվածության մասին:
Տարբեր թվեր հրապարակելուց հետո մեր վիճակագրությունը նշում է, որ դպրոցներում աշակերտների «ճշգրտված զուտ ընդգրկվածությունը» ցուցանիշը տարրական դպրոցում 88.3 տոկոս է կազմում, իսկ հիմնական դպրոցում՝ 87,9 տոկոս: Բնական համամասնությամբ աշակերտների 36.3 տոկոսն է գյուղական համայնքների հանրակրթական դպրոց հաճախում: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մեր հանրակրթության ոլորտում աշխատում է 31 հազար 371 ուսուցիչ:
Բայց նրանց ծանրաբեռնվածությունը խիստ տարբեր է: Ուսուցիչների ընդհանուր թվաքանակի մոտ 47 տոկոսն աշխատում է գյուղական համայնքների դպրոցներում: Այսինքն՝ ուսուցիչների 47 տոկոսը դասավանդում է աշակերտների 36.3 տոկոսին: Համապատասխանաբար՝ քաղաքային համայնքներում սովորող աշակերտների 63.7 տոկոսին դասավանդում է ուսուցիչների 53 տոկոսը:
Այս անհամամասնությունն առաջին հերթին հետևանք է այն բանի, որ գյուղական շատ դպրոցներ թերբեռնված են: Այստեղ աշակերտների քանակը պակաս է: Բայց հասկանալի է, որ պետությունը պարտավոր է ֆինանսավորել ու պահել այդ դպրոցները գյուղերում: Ընդհանրապես մեր հանրակրթության ոլորտում աշխատում է 34 հազար 674 մարդ: Նրանց 90.5 տոկոսն է կատարում միայն ուսուցչական աշխատանք, մնացած 9,5 տոկոսը զբաղված է ուսումնաօժանդակ կոչվող և վարչական աշխատանքներով: (Նրանց մի մասը նաև դասավանդում է):
Այս ուսումնական տարվա սկզբին առանձնահատուկ կրքեր բորբոքվեցին գիշերօթիկ դպրոցների շուրջ: Իսկ գիշերօթիկ դպրոցները 18/19 ուստարում երկրում 21-ն էին: Դրանցից միայն 1-ն է ոչ պետական և, բնականաբար, գործում է Երևանում: Գիշերօթիկ դպրոցներ ոչ բոլոր մարզերում կան: Այդ դպրոցներից 14-ը մայրաքաղաքում է, 2-ը՝ Շիրակում, ևս մեկական պետական գիշերօթիկ դպրոցներ կան Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Իսկ վերջում մեր հանրակրթական դպրոցի մասին ամենատխուր լուրը: Անցած ուստարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 5 հազար 895 աշակերտ: