Բաժիններ՝

Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը  

Շուշիում ավարտին են մոտեցել 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:

Շուշի քաղաքը, ունենալով ինքնատիպ և բավականին պահպանված ճարտարապետական ոճ, առաջիկայում իր այցելուներին կներկայանա վերականգնված և պահպանված պատմամշակութային կոթողով՝  Գոհար տիկնոջ Վերին մզկիթով:

«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը, սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը, 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է  մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:

Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ և կրում է  նրա անունը:

«Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի մշակույթի և հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասը: Այն իր դիրքով առանցքային տեղ է զբաղեցնում քաղաքի պատմական թաղամասում: Մզկիթի վերականգնման նախագիծը թույլ է տալիս ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլև նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա: Մենք հուսով ենք, որ այս նախագիծը նաև կնպաստի Շուշիի պատմական թաղամասի վերականգնման աշխատանքներին նոր թափ հաղորդելուն»,-ասում է IDeA հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը:

Նա հավելում է, որ նախագծի շրջանակում վերականգնվել է նաև մեդրեսեի շենքը, ինչը կարող է նպաստել վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոն. «Այն Հայաստանի և Արցախի արևելագետների կողմից կարող է վերածվել գիտաուսումնական կամ արևելագիտական ուսումնասիրությունների կենտրոնի, այնտեղ կարող են անցկացվել նաև ամառային դպրոցներ, համաժողովներ, կրթական և մշակութային հանդիպումներ»:

Վերականգման աշխատանքները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով` ներգրավվել են տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Մշտապես համագործակցելով Արցախի մշակույթի նախարարության հետ` ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել են «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) և Իրանական մշակութային ժառանգության,  արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):

Վերջինիս շնորհիվ, մզկիթի բուն վերականգման աշխատանքներին Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու և իսլամական հոգևոր կառույցների՝ վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ:

Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 14-ին Շուշիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս