Պատգամավորը Թուրքիայի մշակույթի նախարարին հարցրել է Մարաշում գանձ որոնելու դեպքի մասին
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թումա Չելիքն օրերս Մարաշի նախկին հայկական ու հրեական թաղամասում գանձ որոնելու «օրինական» աշխատանքների վերաբերյալ հարց է ուղղել մշակույթի նախարարին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մարաշի Դուլքադիրօղլու շրջանի Իսա Դիվանլը թաղամասում ենթադրյալ գանձը գտնելու համար հորատումներ անելու թույլտվությունը տվել է Թուրքիայի մշակութային հարստությունների պահպանման հանձնաժողովը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) ընտրված ասորի Չելիքը նախ նշել է, որ գանձախուզությունը մեծ վնաս է հասցնում մշակութային ժառանգությանն: Գանձախույզների արած «պեղումների» պատճառով լրջորեն վնասվել են մի շարք պատմական հուշարձաններ:
Պատգամավորը հիշեցրել է նաև, որ հուշարձաններին հասցվող վնասը կանխելու համար հիմնվել է «Գանձախուզության վարչություն», որը սահմանել է գանձ որոնելու թույլտվության դեպքում իրականացվելիք աշխատանքների պայմանները, ընդ որում թույլտվություն կարելի է տրամադրել միայն այնպիսի տարածքների համար, որոնք դուրս են մշակութային ու բնության ժառանգության պահպանման օրենքով պահպանվող վայրերից ցանկից:
Պարզելու համար, թե արդյոք Մարաշում պետությունից ստացած թույլտվությամբ կատարված գանձախուզության աշխատանքների ժամանակ պահպանվել են օրենքի պահանջները, պատգամավորը մշակույթի նախարար Նուրի Էրսոյին գրավոր հղել է հետևյալ հարցերը.
Ի՞նչ տեղեկություններ ու փաստաթղթեր կան նշյալ տեղանքում գանձ լինելու մասին:
Գանձախուզության վարչության կողմից հաստատված բոլոր պայմանները բավարարվե՞լ են:
Թանգարանների վարչությունից համապատասխան թույլտվություն ստացվե՞լ է:
Պեղման վայրում գտնվելիք հնարավոր երկրաբանական ու մշակութային գտածոները չվնասելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկվե՞լ են:
Տեղում քանի՞ մասնագետ է հետևել գործընթացին:
Չելիքը հետաքրքրվել է նաև, թե այս պահին Թուրքիայում քանի հոգու է տրամադրվել գանձ որոնելու թույլտվություն և արդյոք նախախարարությունը պատրաստվում է գանձախուզությունն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
Պատգամավորը ցանկացել է իմանալ նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը ապօրինի գանձախուզության դեմ պայքարելու համար և քանի ապօրինի գանձախույզի նկատմամբ է վերջին 5 տարում իրավական գործընթաց տարվել: