Արթուր Ղազինյանի հարցադրումները՝ Արդարադատության նախարարությանը

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդում է, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 – 2023 թվականների ռազմավարությունը» մշակվել է բացառապես ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում:

Այս պնդումն առավել համոզիչ դարձնելու և փարատելու շրջանառվող հիմնավոր կասկածներն առ այն, որ նշված Ռազմավարության իրական հեղինակները օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող միջազգային կազմակերպություններն են, հորդորում եմ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին պատասխանել ստորև ներկայացված հարցերին և տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

1. Հաշվի առնելով այն փաստը, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 – 2023 թվականների ռազմավարությունը» ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխման համար ունի հիմնարար և կենսական նշանակություն, այն պետք է մշակվեր ՀՀ Վարչապետի կամ փոխվարչապետի որոշմամբ/հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ տեղեկացնել, ստեղծվե՞լ է արդյոք այսպիսի հանձնաժողով, թե ոչ:

Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացնել այդ հրամանի պատճենը և այդ հանձնաժողովի կազմը, լիազորություններն ու աշխատակարգը։

2. Ելնելով կատարված աշխատանքի ծավալից ու բովանդակությունից, և հաշվի առնելով ՀՀ-ում նման կարգի ռազմավարությունների մշակման պրակտիկան, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության, գիտա-ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ստեղծվել է արդյո՞ք Ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, թե ոչ:

Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել նշված աշխատանքներն խմբի ստեղծման մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի պատճե և հրապարակել աշխատանքային խմբի կազմը։

3. Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպվել ե՞ն արդյոք հանրային քննարկում ապահովող միջոցառումներ, մասնավորապես կոնֆերանսներ, կլոր սեղաններ, սեմինարներ, թե ոչ:

Եթե կազմակերպվել են, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ովքեր են եղել այս միջոցառումների կազմակերպիչներն ու հիմնական բանախոսները, երբ և որտեղ են դրանք անցկացվել, ինչպես նաև խնդրում եմ ներկայացնել այդ միջոցառումներին հրավիրված կազմակերպությունների և անձանց ամբողջական ցանկը։

4. Խնդրում եմ բացատրել և պարզաբանել այն, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված Ռազմավարության մեջ տեղ գտել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ին հրապարակված «Հայաստանի վերականգնման հայեցակարգում» տեղ գտած սկզբունքները, բաժինների անվանումները, օգտագործված բառակազմի և բառամթերքի կրկնությունն ու ճշգրիտ համընկնումները։

5. Խնդրում եմ նաև ներկայացնել սույն Ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցած ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների անուններն ու զբաղեցրած պաշտոնները, նրանց աշխատանքի համակարգման և կազմակերպման համար պատասխանատու աշխատակցի անունն ու զբաղեցրած պաշտոնը:

Խնդրում ենք նաև տեղեկացնել, թե երբ են սկսվել և ավարտվել նշված Ռազմավարության մշակման աշխատանքները:

Վերը նշված փաստաթղթերի ամբողջական և համալիր հետազոտման արդյունքում միայն հնարավոր կլինի հաստատապես պնդել, որ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հիմնված է և ծառայում է ՀՀ ազգային և պետական շահին:

Հայցվող տեղեկատվության չտրամադրման և առաջ քաշված հարցերին չպատասխանելու դեպքում ինձ իրավունք կվերապահեմ հայտարարել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ կենսական ազգային և պետական շահ ներկայացնող հարցերի նկատմամբ ցուցաբերում է անպատասխանատու վերաբերմունք:

Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»:

Տեսանյութեր

Լրահոս