«ՀՀ զինված ուժերը և Արցախի ՊԲ-ն կարող են շատերին խորհուրդ տալ, թե ինչպես պետք է պայքարել իսրայելական թռչող անօդաչու սարքերի դեմ»
Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը «168 Ժամի» հետ զրույցում խոսել է սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների, ինչպես նաև ապրիլյան պատերազմի պատճառների մասին, սպառազինության մատակարարման գործընթացի մասին` նախքան 2015 թվականը և դրանից հետո:
– Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվում են լայնածավալ ռազմավարական զորավարժություններ` «ապրիլյան պլյուս» խաղարկվող սցենարով: Դուք հետևո՞ւմ եք դրանց և ի՞նչ հետևություններ եք անում:
– Անցկացվող զորավարժություններն առաջին հերթին՝ ցուցադրում են զինված ուժերի արագ մոբիլիզացվելու կարողությունը։ Մենք տեսանք մարդաշատ զինկոմիսարիատներ, ուղարկվել են ծանուցումներ, և դրանց բավականին մեծ թվով մարդիկ են արձագանքել, ինչը չի կարելի ասել շատ երկրների դեպքում: Նման մասշտաբի ուսումնական մոբիլիզացում ՀՀ-ում չի եղել մինչ այս պահը: Բնականաբար, սա շատ կարևոր է` հասկանալու, թե այդ ռեսուրսը որքանով է հասանելի, քանի որ պարզ է` դրա անհրաժեշտությունը միշտ անսպասելի է դրսևորվում: Կարծում եմ՝ ստացված արդյունքը հետաքրքիր կլինի վերլուծության համար` հետագայում կարգավորելու աշխատանքը՝ ինչպես զինկոմիսարիատների հետ, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ մոդիֆիկացնելու մոբիլիզացման համակարգը, ինչը չափազանց կարևոր է` հաշվի առնելով, որ երկիրը մշտապես կանգնած է մեծ պատերազմի վտանգի առաջ: Եվ «ապրիլյան պլյուսը» հենց այն փաստի վկայությունն է, որ ապրիլյան պատերազմը փոքր էր, սահմանափակ, այն բնավ այն չէր, ինչը կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության պարագայում:
– Երեկ Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող Ադրբեջանի` իսրայելական արտադրության «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք, մինչդեռ օրեր առաջ Երևանում Լիբանանի պաշտպանության նախարարն առաջարկում էր Հայաստանին օգնել այս հարցում:
– Չթաքցնենք, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը բավական լավ որակի են: Պետք է ասել, որ այդ երկիրը երկրորդն է ԱՄՆ-ից հետո անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի մակարդակի առումով: Բավական լուրջ սարքեր է ստեղծում Իսրայելը: Իսկ Ադրբեջանը գնում է դրանք մեծ քանակով` ամենափոքրից մինչև այնպիսին, ինչպիսին Hermes 900-ն է:
Ինչ վերաբերում է Լիբանանի պաշտպանության նախարարի առաջարկին, ապա կարծում եմ, որ ճիշտ հակառակը պիտի լինի` ՀՀ զինված ուժերը և Արցախի ՊԲ-ն կարող են շատերին խորհուրդ տալ, թե ինչպես պետք է պայքարել իսրայելական թռչող անօդաչու սարքերի դեմ: Այս վերջին խոցված ադրբեջանական անօդաչուն արդեն երևի 20-րդն էր։ Միայն ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի քան 10-ն է խոցվել: Չնայած իսրայելական անօդաչու սարքերի տեխնիկական բարձր մակարդակին, Արցախի ՀՕՊ ուժերը վատ չեն կատարում այդ վտանգի վերացման խնդիրը: Իհարկե, ամբողջությամբ չեզոքացնել այդ վտանգը հնարավոր չէ որևէ բանակի պարագայում, ուստի պետք է ունենալ սեփական անալոգային միջոցները, որպեսզի կարողանալ զարգանալ:
– Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում: Ըստ Ձեզ` զինատեսակների ընտրությունը ճի՞շտ է կատարվում, ինչի՞ վրա պիտի շեշտը դնել:
– Կարծում եմ՝ բավականին լավ է գործընթացը գնում, ավելին` բավականին լավ մասշտաբի, և այդ համալրման գործընթացը շատ ակտիվորեն սկսվեց 2015 թվականից: Իսկ մինչ այդ բավականին մեծ քանակով մատակարարվում էր հիմնականում, ըստ էության, հնացած տեխնիկա, և ոչ միշտ՝ լավ վիճակում, բայց դրանք հիմնականում անհատույց մատակարարումներ էին: Իսկ 2015 թվականից սկսեցին ստորագրվել գործարանային նոր սպառազինության գնման պայմանագրեր: Հայաստանը վճարում է սեփական միջոցներից, կամ վարկ է վերցնում, և այս դեպքում արդեն բոլորովին այլ մոտեցում է՝ սպառազինության գնման խնդրի հետ կապված: Այսինքն` գնվում է այն, ինչ պետք է ՀՀ զինված ուժերին, և այն քանակով, որն անհրաժեշտ է:
Պարզ է` երբ դու ինքդ ես պատվիրում, վճարում ես դրա դիմաց, դա մի փոքր այլ մոտեցում է: Ուրախալի է, որ գտնվեցին ֆինանսական միջոցներ, որ առկա է կամք դրանք ծախսելու, որովհետև կար կոնկրետ պահ, երբ սկսեց ակնհայտ դառնալ տեխնիկական առումով հետ մնալը, և դա ինչ-որ առումով կարող էր դառնալ պատճառներից մեկը 2016-ի ապրիլյան պատերազմի:
– Այսինքն` ապրիլյան պատերազմը նաև բավարար ժամանակակից տեխնիկա չունենալու պատճառո՞վ էր:
– Բացի ուժերի հավասարակշռության ազդեցությունից, կա նաև հոգեբանական պահ. հակառակորդը տեսնում է, որ դու գրեթե նոր սպառազինություն չես գնում, իսկ ինքը ամեն տարի գնում է հարյուրավոր միլիոն դոլարների ժամանակակից սպառազինություն: Իհարկե, միայն այս պատճառով չէ, որ կարող է պատերազմ սկսվել, բայց սա բավականին ծանրակշիռ փաստարկ է, երբ հակառակորդը տեսնում է, որ ուժային բավարար առավելության է հասել: Իսկ երբ այս առավելությունը չկա, երբ հակառակորդը վստահ է, որ ուժերի հավասարակշռությունը պահպանված է, և որ պատերազմական գործողությունների միջոցով հնարավորություն չկա լուծելու հակամարտությունը, մյուս գործոնները դեր չեն խաղում` արտաքին, ներքին քաղաքական: Այսինքն` երբ հասկանում ես, որ պատերազմում չես հաղթի, դու չես էլ սկսի այն:
– Ադրբեջանը 2016-ի ապրիլին ռազմական գործողություններ սկսելով՝ վստահ էր, որ հաջողության կհասնի՞, գուցե ա՞յլ բանի վրա էր հիմնված համոզմունքը:
– Կարծում եմ, որ շտաբում ինչ-որ օպերացիա պլանավորելիս, բնականաբար, հաշվարկում են հաղթանակի հնարավորությունը: Պարզ է, որ խնդիր դրված չէր վերահսկողության տակ վերցնել Արցախի ամբողջ տարածքները, բայց կարող էր խնդիրը դրված լինել ավելի լայն, քան, կոպիտ ասած, հակառակորդին հաջողվեց: Ի վերջո, ոչ մի բնակավայր Ադրբեջանը չկարողացավ զավթել: Ես վստահ եմ, որ նրանց առջև բոլորովին այլ խնդիր էր դրված, բայց այդ ամենն ակնհայտորեն նրա համար չէր, որ գրավեին մի քանի դիրք: Առաջին իսկ օրը պարզ դարձավ, թե նրանք ինչ նպատակներ ունեն, դրանք ավելի լուրջ էին, քան այն, ինչով ավարտվեց ապրիլյան պատերազմը: Պետք է հասկանալ, որ նախապես ծրագրված պլանները ոչ միշտ են աշխատում, ուստի պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց:
– Քանի որ խոսք գնաց ապրիլյան պատերազմից, ըստ Ձեզ` ԱԺ-ում ձևավորված հետաքննիչ հանձնաժողովը, որի անդամները ռազմական գործի մասնագետներ չեն, կարո՞ղ են գնահատել ապրիլյան պատերազմի բացթսղումները: Սա ճի՞շտ է:
– Հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում ներգրավել մասնագետների Պաշտպանության նախարարությունից, բանակից: Միայն այս դեպքում հանձնաժողովի աշխատանքը կարող է արդյունավետ լինել: Իսկ եթե աշխատանքներին մասնակցեն միայն պատգամավորները` նստած իրենց կաբինետներում, ապա հանձնաժողովի առաքելությունը չի աշխատի: Բայց ինչպես ես հասկանում եմ` միայն նրանք չէ, որ լինելու են: Այլ մանրամասներ ինձ հայտնի չեն, ուստի դժվար է գնահատել, թե որքանով է այդ ամենը ճիշտ կամ սխալ:
– Վերջերս «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ) պաշտոնական պարզաբանում հրապարակեց, որտեղ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը դատի չեն տվել, մինչդեռ ավելի վաղ հակառակ տեղեկությունն էր շրջանառվել: Ինչևէ, զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումը, դրա շուրջ ստեղծված իրավիճակը, որով զբաղվում է նաև ՀՀ քննչական կոմիտեն, ազդեցություն կունենա՞ն հետագա համագործակցության, ավելին` հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների վրա:
– Ինձ դժվար է դատել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, քանի որ իրար հակասող հաղորդագրություններ են ստացվում: Թե որքանով սա կվնասի ընկերության և ՊՆ-ի հարաբերությանը, դժվար է ասել, մյուս կողմից` հաշվի առնելով, որ խոսքը բիզնեսի մասին է, ես կարծում եմ, որ, եթե «Oրսիսում» տեսնեն, որ չնայած վիրավորական էպիզոդին՝ հնարավոր է ամեն դեպքում ինչ-որ բան աշխատել, չեմ կարծում, թե գործարք այլևս չի լինի, կամ սկզբունքայնորեն նրանք այլևս չեն աշխատի ՀՀ-ի հետ: Իսկ ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ այդ դրվագը գլոբալ ինչ-որ բան կփոխի հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ վերջին տարիներին խոշոր գործարքներ են կնքվում: Օրինակ` ասել, որ «Իրկուտը» Սու-30-ներ չպետք է վաճառի Հայաստանին, հիմարություն է, երբ միանգամայն ակտուալ է վաճառել մոտ 12 կործանիչ որևէ երկրի, իսկ դա բոլորովին էլ փոքր խմբաքանակ չէ, և անգամ ՌԴ-ի ներքին գներով բավական շահավետ է դրա վաճառքը: Ավելին, կանխավճար է տրվել արդեն:
Մարիամ Պետրոսյան