«Այս պահից սկսած՝ դատարանն է պատասխանատու». Մանվել Գրիգորյանի պաշտպան
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կրկին հանդես եկավ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությամբ.
«Այս պահից սկսած՝ դատարանն է պատասխանատու, որովհետև հատուկ գիտելիք ունեցող մասնագետներն արդեն բարձաձայնում են՝ խափանում-կալանավորումը խոչընդոտում է իր ինտենսիվ բուժմանը»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Մանվել Գրիգորյանն այս անգամ ևս չէր ներկայացել դատարան:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։
Զարուհի Դիլանյան