Մանվել Գրիգորյանն այս անգամ ևս չի ներկայացել դատարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Մանվել Գրիգորյանն այս անգամ ևս չէր ներկայացել դատարան:
«Դատարանին տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել՝ առողջական խնդիրներով պայմանավորված»,- նշեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց նախորդ դատական նիստին արված միջնորդությունը՝ Մ. Գրիգորյանին պատկանող 7 անվանում գույքի հետ կապված՝ արգելանքը հանելու համար:
Դատավորն ասաց` ներկայացված յոթ գույքից հինգը Մանվել Գրիգորյանի անունով է, երկուսը՝ իրավաբանական անձի՝ կազմակերպության, ապա հավելեց, որ պետք է ներկայացնել նաև վարձակալության պայմանագրերը, որպեսզի ինքը կարողանա թույլատրել գույքն օգտագործել.
«Դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի վկայականներն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են, որպեսզի որոշումը կայացնի. ոչ թե մերժում է միջնորդությունը, քանի որ վարույթը շարունակում ենք»:
Դատարանը որոշեց հետաձգել լուծումը մինչև էական հանգամանքների պարզումը, մինչև նշված 7 անուն գույքերի վերաբերյալ մնացած տեղեկատվության տրամադրումը:
Հիշեցնենք, որ նախորդ՝ սեպտեմբեր 17-ի նիստում Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ Լևոն Բաղդասարյանը, միջնորդությամբ էր հանդես եկել, որպեսզի Մ. Գրիգորյանին պատկանող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ վերցված որոշ շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կալանքը հանվի:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել էր, որ միջնորդության հիմնավոր հիմքեր չկան, և պաշտպանական կողմին խնդրել էր ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, թե քանի անվանում գույքի մասին է խոսքը, վարձակալման ինչ պայմանագրեր են, և այլն:
Զարուհի Դիլանյան