«Պետական գաղտնիքի բացահայտման դեպքում, չի բացառվում, որ Վանեցյանին կալանավորեն». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ չի բացառվում, որ Վանեցյանի դեմ գործ հարուցեն կամ նրան կալանավորեն։

168.am-ի հետ զրույցում Կարեն Քոչարյանն ասաց, որ վերջին 1,5 տարվա դեպքերն այնպես են զարգանում, երբ Փաշինյան-Վանեցյան փոխհրաձգության մեջ խոսվում է  այն մասին, որ սպան պետական գաղտնիք է բացահայտում, և այլն, ապա, եթե բանը հասնի դրան, չի բացառվում, որ Վանեցյանին կալանավորեն կամ ձերբակալեն։

Հարցին՝ Վանեցյանն այն պաշտոնյա՞ն է, որը կարող է պետական գաղտնիք բացահայտել՝ ելնելով վարչապետի հետ ունեցած հարաբերություններից, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Համոզված եմ՝ ոչ, բայց նայած, թե ով ինչպես է հասկանում պետական գաղտնիք հասկացությունը։ Քանի որ վերջին շրջանում անգամ իրավաբանական եզրույթներն են տարբեր մեկնաբանությունների արժանանում, սա էլ ինչ-որ առումով իրավաբանական տերմին է, այստեղ խնդիրն այն է, թե ով ինչպես է ընկալում պետական գաղտնիքը»:

Դիտարկմանը՝ եթե Վանեցյանը մուտք գործի քաղաքականություն, Փաշինյանի համար կարող է լինել լուրջ քաղաքական մրցակից, Կարեն Քոչարյանը նկատեց, որ  միանշանակ ոչինչ չի կարող ասել։

«Ես ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ հները վերադառնալու շանս չունեն, նրանք որևէ շանս չունեն Նիկոլ Փաշինյանին այլընտրանք լինելու համար, նրան այլընտրանք պետք է լինի նոր դեմք։ Կարող է լինել Վանեցյանը, կարող է լինել առայժմ չճանաչված որևէ դեմք, դա ժամանակը ցույց կտա»,- հավելեց Կարեն Քոչարյանը։

Հարցին էլ՝ պաշտոնանկությունն արդյո՞ք Վանեցյանի վարկանիշի վրա ազդել է, քանի որ վերջին ամիսների հարցումները ցույց էին տալիս, որ նրա վարկանիշն ամենաբարձրն է, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ հարցումների արդյունքներին երբեք չի վստահել։

«Վարկանիշների հետ կապված որևէ բան չեմ մեկնաբանում»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս