«Հասկացանք, որ սկսվելու է նոր մեծ հարձակում եկեղեցու նկատամամբ». Իսագուլյան
ԱՄՆ-ում տեղի ունեցած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցու ներքին գործերին չխառնվելու մասին հարցին՝ հայտարարել է.
«Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ուզում ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մե՞ջ, եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ուզում է, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի՝ հայ ժողովրդի այդ պահանջը ինչպես բավարարի, և ինչպիսի դրա համար ինչպիսի գործնական հնարավորություններ կան:
Օրինակ, ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը պետք է լինի ազատ…. առաջին ռեակցիան ի՞նչ է՝ դե եկեք էս կառավարության ողնաշարը ջարդենք։
Երբ ասում ենք, դատարանները պետք է լինեն անկախ, մենք չենք միջամտելու, ասում են՝ դե եկեք էս կառավարության ոտի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, հարգելիներս։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժպիտները թող ոչ մեկը որպես թուլություն չընկալի։ Բոլոր նրանք, որ այդպես ընկալել են, փոշմանել են ու շարունակելու են փոշմանել։
Եվ երբ որ մենք ասում ենք, որ մենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ դրանից եզրակացնում են ու ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան։ Եվ ծնկի կբերվեն, բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով»։
Հնչեցվածին անդրադառնալով՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Հասկացանք, որ սկսվելու է նոր մեծ հարձակում եկեղեցու նկատմամբ: Ինքը շատ պարզ ասաց, որ ժողովուրդը եթե որոշի, որ էդ ինստիտուտի հետ մենք գործողություններ պիտի անենք, անելու ենք. իր համար էլ ժողովուրդն ամբոխ է: Բնական է, գալու է Հայաստան, բոլոր աղանդավորները, արյունապիղծները, չգիտեմ՝ ովքեր…. պահանջելու են, որ եկեղեցին պետք է փակել, որովհետև տեսեք՝ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և շատերը, օրինակ, ասում են՝ ՍԴ-ն հանրային վստահություն չունի. որտե՞ղ են ստուգել, որ չունի, որովհետև այդ ֆրազը, կարծեք թե, աշխատում է հասարակության մեջ»:
«Մեր եկեղեցին ի սկզբանե եղել է պետականության հետ: Ես մոտիկից եմ հետևում եկեղեցական կյանքին, և չի կարող մեր եկեղեցին որևէ դավադրական քայլ կատարել»,- հավելեց «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Զարուհի Դիլանյան