«Պետք է ապացուցվի, որ թալան է եղել». Վարուժան Հոկտանյան
Հարցազրույց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ
– Պարոն Հոկտանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով և հայտարարել, որ պետք է պրոցեսը ենթարկել ռեստարտի ու նոր թափ հաղորդել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում։
– Պետք է իրենից ճշտել՝ ի՞նչ նկատի ունի՝ «ռեստարտ» ասելով, հավանաբար՝ խոսքը պայքարն ուժեղացնելու մասին է։ Մի հետաքրքիր ու դրական պահ կա, որ ոչ միայն նախկին, այլ նաև ներկա կոռուպցիոներների հարցերով զբաղվելու խնդիր է դրված։ Ուղղակի միակ խնդիրն այստեղ իրավապահ համակարգի խնդիրն է, այսինքն՝ օրենքի գերակայության հատատում։ Ինչպես հակակոռուպցիոն գծով փորձագետներն ասում են՝ բացահայտման գործակիցը շատ կարևոր է։ Հուսով եմ՝ նաև պատշաճ մակարդակի վրա կլինի կանխարգելումը։
– Ասել է, որ, եթե բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի:
– Դա իսկապես արդեն ընկալվում է, որ, այո, պատկերավոր ասած՝ դա մի հիդրա է, որի դեմ պայքարն այդքան հեշտ չի, մի գլուխը կտրելուց՝ մյուսն է աճում, և շատ ավելի լուրջ քայլեր են պետք, որպեսզի դա չվերականգնվի այն մասշտաբներով, ինչ կար նախկինում։
– Իսկ կա՞ն արդյունքներ։
– Ես հաճախ եմ նշել, որ նախկին միակ հաջողությունն օրենսդրական բազայի ստեղծումն էր, այն էլ՝ ոչ կատարյալ։ Դա շատ անբավարար է, և դրա համար էինք ասում, որ այն ժամանակ քաղաքական կամք չկար, որովհետև երբ միայն օրենքներ ես ընդունում, խորհուրդներ ստեղծում, բայց տարբեր միջազգային ու տեղական կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվում, դա նշանակում էր, որ այդ օրենքներն ընդունելը շատ քիչ էր։ Ընդհանրապես՝ հանրային քաղաքականության մեծագույն խնդիրն իմպլեմենտացիան է՝ կիրարկումը։ Այսինքն՝ ընդունված օրենքը պետք է կյանքի կոչել, ինչը լրջագույն խնդիր է նույն ԱՄՆ-ում, համալսարաններ կան, որ ուսումնասիրում են, թե ինչո՞ւ է կիրարկումը խոչընդոտների հանդիպում։ Եվ դա զուտ հայկական խնդիր չի, միայն քաղաքական կամքով չի պայմանավորված։ Ներկա իրավիճակում սա է գլխավոր խնդիրը դառնում, որովհետև քաղաքական կամքի տեսանկյունից առայժմ, կարծես, խնդիր չկա, համենայն դեպս, ես չէի ասի, թե ունենք այնպիսի իրավիճակ, ինչպես նախկինում էր, բայց կա իմպլեմենտացիայի խնդիր՝ ռեսուրսների, պրոֆեսիոնալիզմի, ինստիտուցիոնալ լուծումների և այլ հարցերի հետ կապված։
Սա կլինի հիմնական մարտահրավերը ներկա իրավիճակում։ Եվ հուսանք, որ համակարգային կոռուպցիայի վերադարձ իսկապես չի լինի, որը գլխավոր վտանգն է։ Եթե կոռուպցիան դադարի համակարգային բնույթ կրելուց, ապա դրա վերադարձը չի լինի նույն մասշտաբներով, ինչ նախկինում էր։ Իսկ աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան վերացած չի և հնարավոր չէ արմատախիլ անել։ Պետք է այնքան նվազեցնել, որ երկրի զարգացմանը չխանգարի։
– Վարչապետն ասել է, որ մինչ օրս 51 մլրդ դրամ արդեն վերականգնվել է, որը սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց շատ ավելի մեծ անելիք կա: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ թիվ է այդ 51 մլրդ-ը։
– Խնդիրը հետևյալն է. Global financial integrity կազմակերպության հետազոտության համաձայն՝ 2003-2013 թթ. ընթացքում Հայաստանից դուրս էր բերվել մոտ 10 մլրդ դոլար, ոչ թե դրամ։ Եվ երբ 10 մլրդ դոլարը վերածում ենք դրամի, շատ ավելի մեծ թիվ ենք ստանում, քան այդ 51 մլրդ դրամը։
Բայց այստեղ կա մի լրջագույն խնդիր՝ ինչպե՞ս հետ բերել այդ ամենը, որովհետև մենք այն դարաշրջանում չենք գտնվում, որ այդ գողացված փողը թաքցվում է ներքնակներում։
– «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում է փոփոխություն արվելու։
– Այո, բայց եթե դա ընդունվի, միևնույն է՝ չի տարածվում արտերկրի բանկերի վրա։ Մեծագույն խնդիրն օֆշորներից և այլ երկրներից, որոնք օֆշոր չեն, բայց հնարավոր է՝ գումարներ են փոխանցվել այդ երկրներ, դրանք հետ բերելու հարցն է։
– Բայց դա տեսականորեն հնարավո՞ր է։
– Վերջերս Հոնկոնգում սիմպոզիումի էի մասնակցում, այնտեղի հակակոռուպցիոն մարմինն աշխարհում ամենաարդյունավետներից մեկն է, և այնտեղ ասացին, որ այս ընթացքում իրենք մոտ 2%-ն են վերադարձրել։ Այսինքն՝ արդյունավետությունը մեծ չէ։ Ես հույս ունեմ, որ սա Հայաստանից դուրս զարգացում պետք է լինի, որ համաշխարհային հանրությունն ընդունի այս խնդրի լրջությունը, և ավելի լուրջ միջոցներ կիրառվեն, որպեսզի հնարավոր դարձվի այդ թալանված գումարները հետ բերել։ Որովեհտև եթե Հայաստանի դեպքում խոսքը մինչև 10 մլրդ դոլարի մասին էր, ապա Ադրբեջանի դեպքում 100 մլրդ էր դուրս բերվել, երկրներ կան, որտեղ մի քանի միլիարդի է հասնում: Այսինքն՝ սա գլոբալ խնդիր է, և միայն Հայաստանը չպետք է լուծի։ Մենք պետք է շատ ակտիվ լինենք, որ միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ՀԲ-ն, ԱՄՀ-ն, կարողանան լուրջ քայլեր ձեռնարկել։
Կա նաև մյուս լուծումը, որ փոփոխական հաջողությամբ տարբեր երկրներում կիրառվել է, փորձել այդ թալանվածն ինչ-որ կերպ աշխատեցնել, որ պայմանական համաներում հայտարարվի, որ թալանած գումարները ներդրվեն։ Այդ դեպքում պետք է ապացուցվի, որ թալան է եղել։ Այստեղ կա մեկ այլ լուրջ քաղաքական խնդիր՝ պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ հնարավոր լինի դա իրականացնել։ Այսինքն՝ իշխանությունների կողմից լինի խոստում, որ ռեպրեսիաներ չեն լինի, բայց մյուս կողմից՝ նաև նախկինները, որ թալանել են, բարեխղճորեն այդ ներդրումն անեն։ Սա շատ լուրջ փոխվստահության խնդիր է։
– Հայաստանի ներկայիս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք, որ աշխատի այդ համաներումը։
– Եթե որևէ փոփոխություն չլինի, դժվար կլինի։ Ես հիպոթետիկ եմ ասում, որ կա այդպիսի ճանապարհ։ Ես չեմ վարչապետը և չգիտեմ՝ ինչպիսի ինֆորմացիա կա։ Կարծում եմ՝ նա ավելի լավ գիտի՝ հնարավո՞ր է այդ տարբերակը, թե՞ ոչ։ Հայաստանում մի լրջագույն խնդիր կա դրա համար, և գուցե դա է պատճառը, որ իշխանություններն այդ ճանապարհով չեն գնում, որ պետք է ունենալ շատ պրոֆեսիոնալ իրավապահ մարմինների համակարգ, որը կկարողանա ապացուցել, որ եղել է թալան։ Հիմա մենք տեսնում ենք թալանվածի, ապօրինի գույքի վերադարձ, որը նույնպես պետք է արվի, բայց դա հետևանքի դեմ պայքար է։
Մի կլասիկ ունեինք, ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին է։ Նման դեպքում շատ դժվար է ապացուցելը։ Միջազգային պրակտիկայում տարածված է, որ կոռուպցիոներն իր թալանածը վաճառում է որևէ երրորդ անձի, որ օրինական ճանապարհով է հարստացել։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվել։ Կարծում եմ՝ պետք է հզորացվի իրավապահ համակարգը, որ կարողանա կոռուպցիոն հանցագործությունները բացահայտել։