«Գնացքը կգնա, հետևից հաջող կանենք, կասենք՝ տեսեք, թե աշխարհն ուր է գնում, ու կհպարտանանք մեր անցյալով». Հովակիմ Զաքարյան
Զրույց Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ
«Բույսերի կողմից սինթեզվող առնվազն 4 միացություն ենք գտել»
– Մեզ մոտ աշխատանքը սկսվում է այնպես, ինչպես ցանկացած մյուս երիտասարդների դեպքում է: Իսկ այն երիտասարդները, ովքեր գիտության մեջ են, ստիպված գիտական աշխատանքը համատեղում են երկրորդային ոչ գիտական աշխատանքի հետ, որպեսզի կարողանան իրենց ապրուստն ապահովել:
Հիմնականում, երբ լաբորատորիա եմ մտնում, մեր երիտասարդ թիմն արդեն աշխատանքի մեծ մասը կատարած է լինում: Քննարկում ենք անելիքները, թեմաների հետ կապված հոդվածները:
2010 թվականից խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի հետազոտությամբ եմ զբաղվում, գիտական թիմը պաշտոնապես ձևավորվել է 2016թ. գարնանը, և այդ պահից զբաղվում ենք հակավիրուսային միացություններ փնտրելով, որոնք կսպանեն այդ վիրուսը: Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ չկա պատվաստանյութ, կենդանիները սատկում են, որովհետև չունեն իմունիտետ: Եվ այն վիրուսը, որն այսօր շրջանառվում է Եվրոպայում և Չինաստանում, 10-ից 10՝ սպանում է բոլոր խոզերին, և դրա համար պայքարի միակ միջոցն այս վիրուսի դեմ այսօր սանիտարական նորմերի պահպանումն է, իսկ համաճարակի դեպքում՝ բոլոր խոզերի ոչնչացումը, որպեսզի վիրուսը չտարածվի:
Հասկանում ենք, որ նման մոտեցումը ծախսատար է, պետությանը վնաս է տալիս, դրա համար ցանկացած դեղամիջոցի ստեղծումը, որը հնարավոր կլիներ կիրառել արդեն վարակված կենդանիներին արդյունավետ կերպով բուժելու համար, մեծ պահանջարկ է ունենալու: Դեռևս երեք տարի առաջ մենք կանխատեսում էինք, որ աշխարհը գնալու է այդ ուղղությամբ, որովհետև հասկանում էինք, որ վիրուսը վաղ թե ուշ հասնելու է Չինաստան:
Իսկ այս երկիրը մեզ համար կարևոր է, քանի որ համաշխարհային խոզաբուծության թիվ մեկ խաղացողն է: Նրանք ամեն տարի մոտ 500 միլիոն խոզ են բազմացնում: Սակայն համաճարակի արդյունքում, որը Չինաստանում 2018թ. սեպտեմբերից սկսվել է, մոտ 250 միլիոն խոզ ոչնչացնելու են: Հասկանալի է, որ խոսքը միլիարդավոր դոլարների վնասի մասին է:
40 տարուց ավելի է՝ գիտահետազոտական տարբեր լաբորատորիաներում, հիմնականում՝ Իսպանիայում և Պորտուգալիայում, նրանք զբաղվում էին պատվաստանյութերի ստեղծման աշխատանքներով, բայց բոլոր փորձերը մինչ այս պահը ձախողվել են: Այսինքն՝ չունենք որևէ պատվաստանյութ, որը վաճառվում է և կարելի է գնել, պատվաստել կենդանիներին, որպեսզի չվարակվեն այս վիրուսով: Չկա նաև դեղը, որն էժան կլինի ու արդյունավետ կերպով կբուժի կենդանիներին: Մեր լաբորատորիան բացառիկ լաբորատորիաներից մեկն է ամբողջ աշխարհում, որ զբաղվում է հենց դեղամիջոցներ փորձարկելով:
Խոզերի աֆրիկյան ժանտախտով զբաղվող գիտնականների համայնքը շատ մեծ չէ, ամբողջ աշխարհում մոտ 20 լաբորատորիա կա, որ զբաղվում է այս վիրուսով, բայց թիվը գնալով շատանալու է, քանի որ ակտուալ խնդիր է դառնում՝ հատկապես, որ այն հասել է Չինաստան, Արևելյան Ասիա: Եվ այդ 20 լաբորատորիաներից 2-ն են զբաղվում հակավիրուսային դեղամիջոցների հետազոտմամբ, որոնցից մեկը մենք ենք: Երեք տարի է՝ ուսումնասիրում ենք միացությունները, որոնք հանդիպում են բնության մեջ: Մեր ուշադրության կենտրոնում հատկապես բույսերն են, որովհետև բույսերի կողմից սինթեզվող նյութերն էժան են, շատ հեշտ է ստանալ, անջատել և մեծ զանգվածներ ունենալ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
«Մենք բույսերի կողմից սինթեզվող առնվազն 4 միացություն ենք գտել, որոնք լավ արտահայտված հակավիրուսային ակտիվություն ունեն այս վիրուսի նկատմամբ: Այդ միացություններից մեկը թեյի մեջ է»
– Երկրորդ ուղղությունը, որ փորձում ենք զարգացնել, ոչ միայն բուսական ծագման, այլև հայ քիմիկոսների կողմից սինթեզված միացությունները հետազոտելն է: ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում փայլուն քիմիկոսներ ունենք, ովքեր հազարավոր քիմիական միացություններ են այս տարիների ընթացքում սինթեզել:
Իսկ այդ միացությունների զգալի մասի կենսաբանական արժեքը մինչև հիմա անհայտ է: Չգիտենք՝ այդ միացություններն ունե՞ն հակավիրուսային, հակաքաղցկեղային, հակամանրէաբանական ինչ-որ ակտիվություն: Ուստի, մեր քիմիկոս գործընկերների հետ ուզում ենք սկսել խոշոր ծրագիր՝ թեստավորելու ենք սինթեզած բոլոր նյութերի հակավիրուսային ակտիվությունը մեր վիրուսի հանդեպ: Վստահ եմ՝ կլինեն այնպիսի միացություններ, որոնք շատ լավ հակավիրուսային ակտիվություն կունենան:
Մենք արդեն ունենք մի միացություն, որը բավականին խոսումնալից ակտիվություն ունի վիրուսի նկատմամբ: Սա կարևոր է, քանի որ, եթե մեր քիմիկոսները սինթեզում են նյութեր, որոնք կարող են այս վիրուսին ճնշել, նշանակում է՝ հետագայում կարելի է դրա արտադրության մասին մտածել: Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն այդ փորձն ունի: Որոշակի միացություններ սինթեզելուց բացի՝ նաև դեղի մակարդակի են դա հասցնում:
«Հուսանք՝ կառավարությունն ուշադրություն կդարձնի այն հանգամանքին, որ ունենք թիմ, որը զբաղվում է աֆրիկյան ժանտախտով»
– Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, ապա 2011 թվականից հետո Հայաստանում չունենք աֆրիկյան ժանտախտի որևէ դեպք, բայց այն մեզ շրջապատում է: Այն կա Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Արդեն հասել է Բելգիա, որտեղ 30 տարի առաջ ազատվել էին աֆրիկյան ժանտախտի առաջին բռնկումներից: 30 տարի ԵՄ երկրներն աֆրիկյան ժանտախտից ազատ գոտի էին համարվում, որովհետև հաղթահարել էին վիրուսը, որը, ի դեպ, առաջին անգամ Եվրոպա եկավ 1950-ական թվականներին՝ Աֆրիկայից, և մոտ 30 տարի պահանջվեց, որպեսզի եվրոպացիները կարողանան այդ սանիտարական նորմերի միջոցով վիրուսից ազատվել: Երկրորդ անգամ վիրուսը Եվրոպա վերադարձավ 2007 թվականին: Փոթի նավահանգստի մոտ գրանցվեցին առաջին դեպքերը, հետո վիրուսը գնաց երկու ուղղությամբ՝ հարավ՝ դեպի Հայաստան, և հյուսիս՝ դեպի Ռուսաստան: Այն վիրուսը, որն այսօր Եվրոպայում է և արդեն հասել է Չինաստան, հենց այդ վիրուսն է: Այսինքն՝ տեսնում ենք, որ առաջին դեպքից գրեթե անցել է 12 տարի, և բոլոր այդ սանիտարական նորմերը, հակավիրուսային քայլերը, որոնք իրականացվել են մինչ օրս, արդյունավետ չեն:
Հույս ունեմ, որ մեր Կառավարությունը, հատկապես՝ նրանք, ովքեր պատասխանատու են գիտության ոլորտում ֆինանսների բաշխման համար, ուշադրություն կդարձնեն այն հանգամանքին, որ մենք գրեթե 10 տարի ինստիտուտում ունենք թիմ, որը զբաղվում է աֆրիկյան ժանտախտով և բավականին փորձ է կուտակել հենց այս վիրուսի հետ կապված:
Այն նախագծերը, որոնք մենք ենք իրականացնում, մասնակիորեն ֆինանսավորվում են պետության կողմից, սակայն ավելի լավ կլիներ, եթե այդ ֆինանսավորումը կտրուկ աճեր: Առաջին հերթին կկարողանայինք մեր թիմը մեծացնել:
Ըստ էության, այն այսօր 4 հոգուց է բաղկացած, շատ ծրագրեր մնում են թղթի վրա, որովհետև մարդ չունենք, ով կզբաղվի դրանցով: Մարդկանց քանակը չի բավականացնում մեր ունեցած նախագծերն իրականացնելու համար: Իսկ մրցակցությունը շատ մեծ է, քանի որ կա ակտուալ թեմա, ակտուալ հիվանդություն, մեծ գումարներ են շրջանառվում, ու դրանով զբաղվողների թիվը մեծ է աշխարհում: Ինտենսիվ կերպով համագործակցում ենք մեր պորտուգալացի գործընկերների հետ, երրորդ համատեղ հոդվածն ենք տպագրել:
Համագործակցում ենք իսպանացիների, ռուսների հետ: Կա հայ-ռուսական համատեղ դրամաշնորհ՝ ռուսներն իրենց սինթեզած միացությունները մեզ են տրամադրում, որպեսզի փորձարկենք դրանց հակավիրուսային ակտիվությունը: Վերջերս պայմանագիր կնքեցինք ամերիկյան համալսարաններից մեկի հետազոտական թիմի հետ, որպեսզի իրենց սինթեզած 45 միացությունները փորձարկենք: Անվճար նյութերը տրամադրում են, մենք էլ անվճար հետազոտում ենք:
«Ե՛վ նախորդ, և՛ ներկայիս իշխանությունները, համոզված եմ, նույնիսկ պատկերացում չունեն, թե աշխարհում նոր ստեղծված գիտելիքն ի՞նչ աստիճաններով է անցնում, որպեսզի վերջում նյութական տեսք ստանա»
– Գիտաշխատողի համար գլխավոր խնդիրը գիտությամբ զբաղվելն է: Եթե Հայաստանում կգտնվի որևէ մեկը, ով կկարողանա ապացուցել, որ մեր աշխատող գիտնականներից ավելի լավ բիզնես մտածելակերպ ունեցող մարդիկ կան, պատրաստ եմ իր հետ բանավիճել: Մեր գիտնականները փայլուն մտածելակերպ ունեցող մարդիկ են: Կարողանում են ճիշտ նախագծել հետազոտությունների պլանը, համապատասխան գործողություններ կատարել և վերջում փայլուն արդյունք ստանալ: Ու այս ամենն անում են մի պայմանում, երբ ֆինանսական ռեսուրսները գրեթե 4 անգամ ավելի քիչ են, քան պետք է լինեին՝ նորմալ գիտություն ունենալու համար: Հիմա, եթե այդպիսի պայմաններում աշխատող գիտնականները ստանում են արդյունքներ, որոնք մրցակցային են, կարողանում են տպագրվել հեղինակավոր ամսագրերում, ուրեմն այդ մարդիկ իրենց աշխատանքը փայլուն կերպով են կատարում:
Պետք է հասկանանք, որ գիտնականի խնդիրը չէ բիզնեսով զբաղվելը: Գիտնականի խնդիրն է՝ զբաղվել չիմացածի, անհայտի հետազոտությամբ, որպեսզի նոր գիտելիք առաջանա: Այդ գիտելիքը հետո ով, ինչպես կկարողանա օգտագործել՝ գիտնականի ուղիղ պարտականությունների մեջ չի մտնում: Ե՛վ նախորդ, և՛ ներկայիս իշխանությունները, համոզված եմ, նույնիսկ պատկերացում չունեն, թե աշխարհում նոր ստեղծված գիտելիքն ի՞նչ աստիճաններով է անցնում, որպեսզի վերջում նյութական տեսք ստանա, պրակտիկ կիրառություն ունենա:
Օրինակ, ես մեկ քիմիական միացություն հայտնաբերեցի, որը շատ լավն էր վիրուսի հանդեպ, ես ի՞նչ պետք է անեմ, գնամ գործարան բացեմ, որպեսզի այդ միացությո՞ւնն արտադրեմ: Սա իմ գործառո՞ւյթն է: Պետք է լինեն տեխնոլոգիաների տրանսֆերի համապատասխան կենտրոններ, որոնք կկարողանան նոր գիտելիքը տրանսֆորմացնել, ինչ-որ նյութական տեսքի բերել դա, որը կարող է տնտեսության համար օգուտ տալ: Դրանք չկան Հայաստանում, ավելին՝ Հայաստանում չկա նույնիսկ օրենսդրական այնպիսի միջավայր, որպեսզի խթանի այդպիսի գիտելիքի ստեղծումը, և հետո՝ տրանսֆորմացիան:
Չկան հարկային արտոնություններ բոլոր այն ձեռներեցների համար, որոնք ներդրումներ կանեն գիտահետազոտական նախագծերի մեջ: Ամբողջ աշխարհն այդ ուղղությամբ է գնացել, նորություն չէ: Կան երկրներ, օրինակ, Լիտվան Լատվիան, Էստոնիան, որտեղ գիտության մեջ արված ներդրումները 200-300 տոկոսով հետ են վերադարձվում հարկային քաղաքականության միջոցով, այսինքն, եթե 100 դրամ եք ներդրում գիտության մեջ, հարկային մյուս արտոնությունների շնորհիվ 300 դրամ գումար չեն հարկում: Մեզ մոտ անգամ այսպիսի ցանկություն էլ չկա:
Չկան վենչուրային լուրջ հիմնադրամներ, որոնք երկարաժամկետ ներդրումներ կանեն հենց գիտական ծրագրերում: Նման հիմնադրամներն օդից չեն ստեղծվում, հիմնական ներդրողը պետություններն են: Բերեմ Սլովենիայի օրինակը: 1990-ական թվականների սկզբին ստարտերային պայմանները մեզ շատ մոտ են եղել, բնակչության քանակն էլ, տարածքն էլ գրեթե նույնն են, բայց այսօր Սլովենիան մի քանի միլիարդ դոլարի բարձր տեխնոլոգիական արտադրանք ունի, որի զգալի մասը կապված է դեղերի արտադրության հետ:
Օգտագործել են այն գործիքակազմը, որի մասին խոսեցինք: Իսկ մեզ մոտ իրավիճակն այսպիսին է. ՀՆԱ-ի 0.23 տոկոս ֆինանսավորմամբ գիտություն ունենք, որը նորմայից 4 անգամ ցածր է, և այսպիսի պայմաններում, երբ գիտնականները սոսկալի թերֆինանսավորված վիճակում են գտնվում, ասում են՝ դե ինչ, տվեք մեզ արտադրանք, մենք կֆինանսավորենք: Նման է նրան, որ սպորտսմենի համար ոչ մի պայման չապահովես (մարզագույք, սնունդ, մարզիչ, մարզման պայման), բայց ասես՝ երբ կիսասոված կգնաս օլիմպիական չեմպիոն կդառնաս՝ դրանից հետո քեզ կֆինանսավորենք, իսկ մինչ այդ հույս չունենաս:
Ես չեմ մեղադրում մեր բիզնես ոլորտի մարդկանց, որովհետև բիզնեսն ամենուր շտապող է, մարդիկ ուզում են շատ արագ ներդրած գումարը հետ բերել ու սկսել շահել: Ոչ ոք չի ուզում ներդրում կատարել մի բանում, որի շահույթը 10-15 տարի հետո է լինելու: Եթե բիզնեսմեն լինեի, կնայեի, թե պետությունն ինչ վերաբերմունք ունի գիտնականի նկատմամբ: Եթե ես տեսնում եմ, որ գիտությունը գնահատվում է պետության կողմից, ամեն ազատ լումա դրվում է գիտության մեջ, որովհետև զգում է՝ 15 տարի հետո կարողանալու է դրա շնորհիվ մրցակցել այլ պետությունների հետ, ես էլ կսկսեի ներդնել, անգամ 10 տարի էլ սպասել, բայց մեր գործարարները տեսնում են, որ պետությունը վերջին 30 տարվա ընթացքում ձեռք է քաշել գիտությունից:
Մեր գիտությունն այսօր գտնվում է մինիմալ շեմին, որից այն կողմ արդեն ոչ մի բան չկա, իսկ այդ շեմին կանգնած ենք արտասահմանյան դրամաշնորհների շնորհիվ: Պետականն էլ կա, բայց թե՛ դրամաշնորհները, թե՛ գումարի չափը չափազանց քիչ են: Պետք է գիտության ոլորտում կտրուկ ավելացնել ֆինանսավորումը: Երկիրը ղեկավարողները պետք է հասկանան, թե մենք ի՞նչ ենք ուզում հիմա անել, որպեսզի 20 տարի հետո մրցակցային լինենք: Տնտեսության միջոցով մեր կենսակերպը լավացնելու միակ տարբերակը նոր ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծումն է: Պետք է դաշտ ստեղծել, որտեղ թե՛ մասնավորը շահագրգռված կլինի ներդրումներ կատարել, թե՛ պետությունը խթան կհանդիսանա այդ ամբողջ գործընթացի համար:
«Դեղերի ստեղծման ոլորտում հեղափոխություն է սկսվում»
– Դեղերի ստեղծման ոլորտում սկսվում է հեղափոխություն, որին կարող ենք մասնակցել, եթե բաց չթողնենք այդ գնացքը: Մինչև հիմա նոր դեղի ստեղծումը պահանջում էր գրեթե 15 տարի ժամանակ, որպեսզի լաբորատորիայից հասնի շուկա: Այդ գործընթացի համար մոտ 2 միլիարդ դոլար է ծախսվում: Գործընթացը կարելի է արագացնել, ծախսերն էլ նվազեցնել, եթե սկսեն օգտագործել արհեստական բանականության տարբեր տարրեր: Կան ալգորիթմներ, ծրագրեր, որոնք քեզ թույլ են տալիս այս ճանապարհի որոշակի հատվածները: Այսօր հոդվածներ են լույս տեսնում, որտեղ նկարագրվում են որոշակի կենսաբանական ակտիվութուն ունեցող քիմիական նոր միացություններ, որոնք ամբողջովին առաջարկվել են արհեստական բանականության կողմից, այսինքն՝ քիմիկոսը չի նստել այդ միացությունը մտածել, հետո սինթեզել:
Արհեստական բանականությունն այդ միացությունն առաջարկել է՝ օգտագործելով կենսաբանության, քիմիայի ոլորտի հսկայական նյութերի վերլուծությունը: Մարդու համար սա ժամանակատար ու ծախսատար է, բայց արհեստական բանականությունը կարողանում է դա անել 100-ավոր անգամ ավելի արագ ու վերլուծության հիման վրա առաջարկներ անել, որից հետո գիտնականը դրանք վերցնում ու սկսում է օգտագործել:
Հոդված լույս տեսավ, որտեղ հեղինակները ցույց էին տալիս, որ 40 օրվա ընթացքում կարողացան հակաքաղցկեղային ակտիվության լրիվ նոր քիմիական միացություն ստանալ, և դա՝ արհեստական բանականության կոմպոնենտներ օգտագործելու շնորհիվ: Սա հեղափոխություն է, որը վաղն ավելի մեծ թափ է առնելու: Մենք լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, ծրագրավորողներ ունենք, որոնց կարելի է «օգտագործել» այդպիսի ամբիցիոզ ծրագրերի իրականացման մեջ: Հնարավոր է՝ գնացքը բաց չթողնենք, այն դեպքում, եթե պետությունն արհեստական բանականության հետազոտությունների ուղիղ խրախուսման, ներդրման ծրագիր սկսի: Սակայն, եթե հույսներս դնենք նրա վրա, որ՝ դե հա, եթե ինչ-որ խմբեր զբաղվում են, թող զբաղվեն, էլի…
Եթե այդքան խելացի են, թող դրսից «գրանտ կպցնեն»… Նախորդներն ասում էին՝ եթե ձեր իդեաները լավն են, գնացեք փող կպցրեք, ի՞նչ եք ուզում մեզանից: Վստահ եմ՝ հիմա էլ են այդպես մտածում, շատ բան չի փոխվել: Եթե նման մոտեցում ունենանք, բնականաբար, գնացքը կգա, կանցնի, մենք էլ հետևից հաջող կանենք, կասենք՝ տեսեք, թե աշխարհն ուր է գնում, ու կհպարտանանք մեր անցյալով, որ ժամանակին ինչ-որ բան ենք արել:
Եթե ճապոնական բանկը ստեղծում է 100 միլիարդ դոլարանոց կապիտալով ֆոնդ, և որը միայն արհեստական բանականության մեջ է ներդրումներ կատարում, ու այդ մասին տեղեկանում ես, պետք է հասկանաս, թե աշխարհն ուր է գնում, և կարո՞ղ ես մասնակցել, թե՞ ոչ։ Կարող ենք համեստ ֆոնդ ստեղծել, ներդրումներ կատարել:
Կարմրուկը, կապույտ հազը, դիֆթերիան վերադառնալու են
– Հայաստանում վատ տենդենց կա, երեխաներին չեն պատվաստում: Ես չէի ցանկանա, որ վերադառնայինք այնպիսի հիվանդություններին, ինչպիսին կարմրուկն է, կապույտ հազը, դիֆթերիան, բայց դրանք վերադառնալու են: Տեղի-անտեղի խոսում են նաև գարդասիլի մասին՝ որևէ գիտելիք չունենալով: Ինֆորմացիոն հեղեղում ամեն մեկն իր ուզածն է տեսնում՝ չհասկանալով՝ այն գիտահե՞ն է, թե՞ ոչ: Գարդասիլի մասին շահարկող մարդիկ վաղը պատասխանատու են լինելու նրա համար, որ իրենց կամ հարևանների երեխաներն ունենալու են կարմրուկ, բարդացումներից խլանալու են: 10-ամյակներ մեր զգոնությունը բթացել էր, որովհետև բոլորը պատվաստված էին, ու համարում էինք, որ այս հիվանդությունները չկան: Հիմիկվա երիտասարդ մայրիկներն ասում են՝ ի՞նչ գնամ երեխայիս պատվաստեմ, լսել եմ, որ աուտիզմ է առաջացնում, Վարդուշ տատին այդպես է ասել… Այն, որ սա իրականության հետ կապ չունի, այդ մասին իրենք չգիտեն: Արդյունքում՝ ունենալու ենք մի միջավայր, երբ երեխաների զգալի տոկոսը պատվաստված չի լինելու, և այդ հիվանդությունները վերադառնալու են: Այդ վարակիչ հիվանդությունները չեն վերացել, բնության մեջ կան, սպասում են հարմար պահի: Երբ հանդիպեն օրգանիզմի, որ պատվաստված չէ՝ կվարակեն:
Գիտե՞ք, թե Կապույտ հազի քանի դեպք է գրանցվել Հայաստանում: Դա չպետք է լիներ, եթե բնակչության բացարձակ մեծամասնությունն ըստ նորմերի պատվաստված լիներ: 50 տարուց ավելի պատվաստանյութեր ենք օգտագործում, որոնց շնորհիվ միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկվել են: Բնական ծաղիկ վերջին 40 տարվա մեջ չկա, բայց դրանից մինչև 1960-ական թթ. միլիոնավոր մարդիկ մահանում էին: 25 հազար դոզա գարդասիլի պատվաստանյութ է եկել Հայաստան՝ նվիրատվության տեսքով, բայց որոշ մարդիկ ասում են՝ մեզ վրա պատվաստանյութ են «խուրդում»…
Այս մակարդակի մտածելակերպ ունեցողներին չես կարող ապացուցել, որ պապիլոմա վիրուսի դեմ հատկապես կանայք պետք է պատվաստվեն, որովհետև դա փրկում է բազմաթիվ տեսակի քաղցկեղներից: Հայաստանում միայն արգանդի պարանոցի քաղցկեղից ամեն տարի 150-ից ավելի կին է մահանում:
Անի Կարապետյան