
«Թող կալանավորեն. Հայաստանում այսօր մեծ պատիվ է ճաղերից այն կողմ լինելը». Նարեկ Կարապետյան
Այսօր վաղ առավոտյան իրավապահներն ԱԱԾ դիմակավորված անձանց հետ խուզարկություն են իրականացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում և ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տանը։
Խուզարկության ավարտից հետո Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան իրավապահներն իր տունն են խուզարկել, հետո՝ ՀԷՑ գրասենյակի իր աշխատասենյակը։
«Աշխատասենյակից 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են առգրավել»,- նշեց Նարեկ Կարապետյանը։
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը՝ «փողերի լվացման, հարկերը չվճարելու» մասին, Նարեկ Կարապետյանը նկատեց՝ ինչից ասես կարող են խոսել։
«Մենք հասկանում ենք, որ ծրագրավորված ինչ-որ պրոցես են ուզում սկսել, դեռ չեն կարողանում նորմալ կպնել՝ մասսայական ճնշումների։ Բայց ուզում եմ ասել, որ Հայաստանում այլևս որևէ մեկը ձերբակալումից ու կալանավորումից չի վախենում։ Որքան ուզում են՝ թող կալանավորեն ու ձերբակալեն, Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է լինել ճաղերի այն կողմում։ Գալիս են պահեր, երբ դու պետք է ցույց տաս կամ քո կամքը ու գնաս ոչ թե ալիքին կողմ, այլ ալիքին դեմ, որպեսզի հետագայում գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է, ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի՝ ճաղերից այն կողմ լինել»,- նշեց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կա տեղեկատվություն, որ ինչ-որ իրավական գործընթացով իրեն կալանավորելու են, նաև հեգնեց՝ օրինակ, իր տանը գտնված մի քանի գլխարկն այսօրվա Հայաստանում բավարար է, որպեսզի տանեն ու մի քանի ամսով դատեն։
«Իմ աշխատասենյակն էլ են խուզարկել, ցավոք, այնտեղից գլխարկ չեն գտել»,- շեշտեց Նարեկ Կարապետյանը և հավելեց, որ ճնշումների այս նոր ալիքը կապված է հուլիսի 4-ին տեղի ունեցած մեծ հավաքի հետ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում