«Երաժշտությունը». Հազրաթ Ինայաթ Խան
(Հատվածաբար)
Հնդկական երաժշտության գիտությունն ու արվեստը
Երաժշտությունը, գրականությունը եւ փիլիսոփայությունը մոտ են մեր հոգուն, ինչպիսին էլ որ լինեն մեր հավատալիքներն ու համոզմունքները կամ կյանքին նայելու մեր եղանակը: Հնդկաստանը աշխարհի պատմության մեջ իրենից ներկայացնում է մի երկիր ու ժողովուրդ, որ հնուց ի վեր ներքաշված է ճշմարտության որոնումների մեջ` երաժշտության, փիլիսոփայության եւ պոեզիայի բնագավառում, այնժամ, երբ մնացած աշխարհը դեռ նոր էր մոտենում դրան:
Այդ պատճառով անհրաժեշտ է ուսումնասիրել հնդկական երաժշտությունը, փիլիսոփայությունն ու պոեզիան, դրանց հիմքը հասկանալու համար: Այսօր լեզվաբաններն ընդունում են, որ սանսկրիտը սկիզբ կամ մայր եղավ շատ լեզուների համար, երաժշտության մասին գիտության ծնունդը նույնպես կարելի է գտնել սանսկրիտում:
Իրականում, ոչ միայն արվեստի, այլ նաեւ գիտության ակունքը ինտուիցիան է: Երբեմն դա մոռացված է թվում, բայց կասկածից վեր է, որ նույնիսկ գիտնականին օգնում է ինտուիցիան, թեեւ նա միշտ չէ, որ կարող է ճանաչել այդ փաստը: Գիտնականները, որոնք խորամուխ են եղել իրենց գիտության մեջ, ընդունում են դա: Ինտուիցիան, որն աշխատում է մտքի եւ մարմնի կարիքների պատասխանների որոնումներում, որ հայտնագործում է մատերիայի միջոցով, եւ որը քննում է իրերի առօրյա կիրարկումն ու հասնում է իրերի եւ բնության ճանաչման իմացությանը, կոչվում է գիտություն, իսկ ինտուիցիան, որ աշխատում է գեղեցկության միջոցով, որ ստեղծվել է գծի, գույնի եւ ռիթմի զանազան ձեւերում, կոչվում է արվեստ:
Հետեւաբար, թե գիտության եւ թե արվեստի ակունքը ինտուիցիան է: Գիտակցելով դա, հնդիկներն իրենց երաժշտության հիմքը տեսնում էին ինտուիցիան, իսկ հնդկական երաժշտության պրակտիկան ինտուիցիայի խթանման եւ հիասքանչ հնչյունները բարձր գնահատելու ընդունակության արթնացումն էր, շատ հաճախ` նաեւ բառերի, որ արտահայտվում են հիասքանչ ձեւերով:
Հնդկաստանում կյանքը միշտ սերել է հոգուց, այդ պատճառով գիտությունը, արվեստը, փիլիսոփայությունը եւ միստիցիզմը ուղղված էին միեւնույն նպատակին: Եվ ոչ միայն արվեստն ու գիտությունը, այլ նույնիսկ զանազան մասնագիտություններն ու առեւտուրը զուրկ չէին կրոնական հայացքից:
Կարելի է պատկերացնել, որ մի երկրում, ուր նույնիսկ բիզնեսմեններն ու արհեստավորները հոգեւոր տեսանկյուն ունեին, երաժշտի կյանքը պարզապես լեցուն էր կրոնական մտքերով:
Աշխարհի եւ ոչ մի մաս, Արեւելքը կամ Արեւմուտքը, իրականում չի կարող ժխտել երաժշտության աստվածայնությունը: Առաջին հերթին, երաժշտությունը` հոգու լեզուն է, եւ տարբեր ազգության երկու մարդու համար չկա միաձուլման ավելի լավ միջոց, քան երաժշտությունն է:
Քանզի երաժշտությունը միավորում է ոչ միայն մարդուն մարդու հետ, այլ նաեւ մարդուն` Աստծու: Կարող է հարց ծագել` որտե՞ղ է երաժշտությունը մարդուն միավորում Աստծու հետ եւ ինչպե՞ս: Հավատն առ Աստված երկու տեսանկյուն ունի: Առաջինը` դա հավատն է առ Աստված, երբ մարդ մտածում է` «Գուցե թե, Աստված եւ գոյություն ունի», կամ` «Բոլորը հավատում են, ես էլ եմ հավատում»:
Բանականությամբ նա Աստծուն չգիտի եւ չի տեսնում Նրան իր առջեւ: Աստված նրա նրա համար կարող է լինել ինչ-որ տեղ երկնքում: Գոյություն ունի Նա, թե գոյություն չունի` դա մարդը չգիտի: Նրա համար, որ այդ տիպի հավատ ունի, ցանկացած ամենափոքր կասկածը, հիասթափությունը կամ անարդարությունը կարող է կործանել նրա հավատը: Հենց այդ պատճառով էլ հազարավոր մարդիկ, որ երբեւէ երկրպագել են Աստծուն, դադարում են Նրան Հավատալ: Սակայն կա հավատի այլ տեսանկյուն` այն ձեռք են բերում Աստվածային ներկայության գիտակցման միջոցով, եւ ոչ միայն երկնքում, այլ նույնիսկ շրջապատում: Երբ մարդը հասնում է այդ կետին, հավատը նրա համար դառնում է կենդանի նույնականություն Աստծո հետ: Նրա համար Աստված ոչ միայն Դատավոր է կամ նեցուկ կանգնող, Նա` ընկեր է, որ լսում է նրա հոգու մենավոր լացը եւ գիտի լավագույն եւ մեծագույն գաղտնիքը, որը մարդ պահում է իր սրտում:
Ընկեր, որի վրա կարելի է հույս դնել թե ուրախության եւ թե վշտի մեջ, այժմ եւ ապագա կյանքում: Երաժշտի համար երաժշտությունը Աստծուն միաձուլվելու լավագույն ուղին է: Առ Աստված հավատով երաժիշտը նրան է բերում իր հոգու գեղեցկությունն ու բույրն ու երանգը:
Բնազանցական տեսակետից որ ոք չի կարող դիպչել անձեւությանը, բացի երաժշտության արվեստից, որ հենց ինքն անձեւ է: Գոյություն ունի եւ այլ տեսակետ` որ մարդու ամենաներքին էությունը Ակաշան է, որ նշանակում է` «ունակություն», «տեղավորում»: Այդ պատճառով էլ այն ամենը, ինչ ուղղված է արտաքին աշխարհից առ ներքին աշխարհ, կարող է հասնել այդ ոլորտին, իսկ երաժշտությունը հասնում է դրան ամենից լավ: Երրորդ տեսակետն այն է, որ ողջ արարվածը սերում է տատանումից, որը Հնդկաստանում կոչում էին Nada, իսկ Աստվածաշնչում մենք կարող ենք գտնել` որպես Բան, որն ի սկզբանե էր: Այդ հարցում բոլոր կրոնները միակարծիք են: Մարդը երաժշտությունն ավելի շատ է սիրում, քան որեւէ այլ բան, որովհետեւ երաժշտությունը նրա բնույթն `է, այն սերում է տատանումներից, եւ հենց ինքն էլ տատանում է:
Գոյություն ունի կյանքի երկու տեսանկյուն` առաջինն այն է, որ մարդուն տրամադրում է շրջապատը, իսկ երկրորդն այն է, որ մարդն ինքը կարող է տրամադրել իրեն, շրջապատից անկախ: Այդ երկրորդ տեսանկյունն էլ հենց միստիկի աշխատանքն է: Արեւելքում սուֆիստները տարիներով համատեղ աշխատում էին այն բանի համար, որ տրամադրեն իրենց: Երաժշտության օգնությամբ նրանք տրամադրում էին իրենց, ինչպես դա անում են յոգերը, ոլորտների վրա, ուր նրանք ցանկանում էին կենալ: Այդ պատճառով Հնդկաստանում երաժշտության սկիզբը դրվեց Շիվայի, Յոգինների Տիրոջ, ժամանակներում: Յոգայի մեծ ուսուցիչը աշխարհին ուսուցանում էր շնչառության գիտությունը: Եվ սուֆիստների մեջ էլ կար մեծ սուրբ Մոին ուդ-Դին Չիշտին Աջմիրից: Նրա շիրիմի վրա կատարվում է երաժշտություն, եւ ինդուսները եւ մուսուլմանները գալիս են այստեղ խոնարհվելու։ Դա ցուցանում է, որ ճշմարտությունն իմացողների կրոնը Աստծու կրոնն է, եւ մեծագույն նվիրյալի աղոթքը հառնում է նրա սրտից` առ երաժշտության արքայությունը:
Անդորր եւ խաղաղություն ձեռք բերելու մեթոդները կարող են իրականացվել երաժշտության օգնությամբ:
Հնդկաստանի երաժշտությունը կարող է բաժանվել չորս շրջանի` սանսկրիտի շրջանը, պրակրիտի շրջանը, մոգոլների շրջանը եւ ժամանակակից շրջանը:
Սանսկրիտի շրջանը հիմնված է միստիկայի վրա: Պրակրիտի շրջանը` տարբեր տիպի էմոցիաների արտահայտությունն է:
Մոգոլների շրջանում երաժշությունը Պարսկաստանի եւ Արաբիայի ազդեցությանը ենթարկվեց, եւ դա զարգացավ ժամանակակից երաժշտության մեջ: Բացի այդ, Հնդկաստանի երկու ցեղերից (դրավիդներն ու արիաները) յուրաքանչյուրը ունի իր սեփական երաժշտական ավանդույթը` դրավիդները, կարնատիկ ցեղը, ստեղծեցին Հարավային Հնդկաստանի երաժշտությունը, իսկ արիաները կամ հինդուսները ստեղծեցին Հյուսիսային Հնդկաստանի երաժշտությունը: Հնդկական երաժշտության գիտությունը սերում է երեք ակունքներից` մաթեմատիկայից, աստղագուշակությունից եւ փիլիսոփայությունից: Դա կարելի է հայտնաբերել եւ Արեւմուտքի երաժշտության մեջ, քանզի հարմոնիայի եւ կոնտրապունկտի ողջ գիտությունը հիմնված է մաթեմատիկայի վրա:
Սանսկրիտով հնդկական երաժշտության գիտությունը կոչվում է «Prestera», որ նշանակում է` «Ռիթմերի եւ տոնայնությունների մաթեմատիկական դասավորումը»: Հնդկական համակարգում գոյություն ունի տոնայնությունների եւ ռիթմերի շատ մեծ բազմություն, որոնք կիրառվում են առօրյա երաժշտության մեջ: Լադերը կոչվում են ռագաներ, դրանք խմբավորված են չորս դասում: Մի դասն ունի յոթ նոտա, ինչպես արեւմտյան երաժշտության բնական գամմայում: Այնուհետեւ գոյություն ունի վեց նոտայանոց կարգը, յոթ նոտայանոց ռագայի նոտաներից մեկը հանված է, դա օկտավային միանգամայն այլ էֆեկտ է հաղորդում եւ մարդկային ուղեղի վրա այլ ազդեցություն է թողնում:
Կան նաեւ հինգ նոտայանոց ռագաները, երկու բաց թողնված նոտաներով: Չինաստանում օգտագործվում է չորս նոտաներից բաղկացած գամման, բայց ոչ Հնդկաստանում:
Ասում են, որ գամմայի սկիզբը չորս կամ հինգ նոտաներից բաղկացած, մարդու բնազդից է, որ դրսեւորվում է այն բանում, թե ինչպես է նա հորինել գործիքները: Առաջին գործիքը սրինգն էր` մարդկային ձայնի սիմվոլը, բնական է թվում, որ անտառում վերցնելով եղեգնի կտորը, մարդն այդ եղեգնի մեջ չորս անցք բաց արեց այնպիսի հեռավորությամբ, որպեսզի նա հեշտությամբ կարողանա դնել մատների ծայրերը, եւ հետո մեկն էլ ներքեւում արեց: Այդպես ստացվեց հինգ նոտաներից բաղկացած ռագան: Գիտնականները հետո միայն հասան տատանումների իմացությանը, բայց այս գամման բնականաբար ստացվեց, երբ մարդն իր ձեռքը տեղադրեց եղեգնի վրա, դրանում կա մեծ հոգեբանական բնական ուժ: Այն մեծ ազդեցութուն ունի մարդու բնույթի վրա, եւ դա խոսում է այն մասին, ուր ուժը, որ անմիջականորեն բնությունից է ստացվել, շատ ավելին է, երբ մարդ նոր ֆորմա ստանալու համար արհեստական փոփոխություններ է կատարում:
Աստղագուշակային գիտությունը հիմնված է տիեզերական տատանումների գիտության վրա, քանի որ ամեն ինչ կախված է տատանումների վիճակից, ներառյալ` աստղերի եւ մոլորակների, ինչպես նաեւ անհատների, ազգերի, ցեղերի եւ առարկաների դիրքը:
Մեծ մասը գաղտնի ուժի, որ հայտնաբերել են հնդիկները երաժշտական գիտության մեջ, ստացվել է աստղագուշակային գիտությունից: Հնդկական երաժշտության յուրաքանչյուր նոտան համապատասխանում է որոշակի մոլորակի, ճիշտ նույնպես յուրաքանչյուր նոտա արտացոլում է կենդանական աշխարհի ինչ-որ ձայնի տոնայնության բարձրացումը:
Հինավուրց վեդաներում կսրելի է հայտնաբերել գիտությունը տարրերի մասին` հողի, կրակի, ջրի, օդի եւ եթերի, սակայն այդ հասկացությունները այլ նշանակություն ունեն, քան առօրյա լեզվում: Օրինակ, ջրի տարրը ներկայացնում է ջրիկ վիճակը, կրակը ջերմություն կամ տաքություն է նշանակում:
Այդ գիտության օգնությամբ հնդիկները կարողացան ռագաներ կամ տոնայնություններ կազմել, որոնք երգվում կամ կատարվում են ցերեկվա կամ գիշերվա որոշակի ժամին, եւ անկասկած, նա, ով ճանաչել է տատանումների ալքիմիան, կարող է երաժշտության ուժով հրաշքներ գործել: Այն բանից հետո, երբ այդ երգերը երգվում էին հազարամյակներով, ռագան մշակեց ռագաների ընկալման մի այնպիսի զգացողություն, որ նույնիսկ փողոցով անցնող հասարակ մարդու լսողությունը չի կարողանում ընկալել առավոտյան ռագան, եթե այն երեկոյան է կատարվում: Նա կարող է նոտաները չիմանալ, բայց նրա ականջների համար այն սխալ է հնչում, եւ նա չի կարող այդ տանել: Դա նույնն է թե` ամառային առավոտյան զբոսնես երեկոյան զգեստով: Մենք կարող ենք ասել, որ դա սովորության հետեւանք է, եւ դա ճիշտ է, եւ այդուհանդերձ տոնայնությունը, որ պիտի երգվի կեսգիշերին, կորցնում է իր հմայքը, եթե մենք այն երգում ենք կեսօրին: Յուրաքանչյուր մոլորակ ունի իր ազդեցությունը, եւ պիտի գոյություն ունենա կոնկրետ միջոց, կարգ, որպեսզի կարողանաս պատասխանել դրան: Եթե դա հաշվի չառնես, երաժշտությունը կարող է դառնալ դատարկ ժամանց եւ չի կատարի այն աշխատանքը, որի համար ստեղծվել է: Հնդիկի համար երաժշտությունը զվարճանք եւ ժամանց չէ: Այն շատ ավելին է: Այն բավարարում է նրա հոգու խորագույն պահանջները:
Մարդը միայն ֆիզիկական մարմին չէ, նա նաեւ ունի միտք եւ հոգի: Մարմինը սննդի ծարավ է եւ կշտանալով` ժամանակավոր բավարարվածություն է ապրում, բայց հետո դարձյալ քաղց է ծնվում, եւ սովորաբար այնպես է պատահում, որ մարդը ծառայում է իր մարմնի պահանջներին եւ ոչ մի ուշադրություն չի դարձնում իր ներքին գոյությանն ու դրա պահանջներին, չիմանալով, որ հոգին մարդկային էության ամենանուրբ մասն է: Այնպես որ, հոգու չգիտակցված տենչանքները մնում են: Չզարգացած մարդու մեջ հոգու այդ թաքուն տենչը դառնում է ինչ-որ անցանկալի մի բան եւ նրան անհանգիստ կամ նյարդային է դարձնում: Նա իրեն բավարարված չի զգում կյանքում, եւ նրա մեջ վիճելու եւ կռիվ անելու ցանկություն է ծնվում:
Նուրբ զգացողություններ ունեցող մարդու մեջ այդ ոգու սովն արտահայտվում է ընկճախտով եւ հուսահատությամբ:
Նա ինչ-որ բավարարվածություն է զգում ընթերցանությունն ու արվեստը սիրելու մեջ:
Հոգին թաղված է արտաքին, նյութական աշխարհի տակ, բայց այն բավարարվածություն ու կյանք է զգում, երբ նրան են դիպչում նրբին տատանումները: Ամենանուրբ բանը` դա ոգին է, իսկ խիտ հոգին` դա մատերիան է: Իսկ երաժշտությունը, լինելով արվեստներից ամենանրբինը, օգնում է հոգուն տարբերություններից վեր կանգնելու: Այն միավորում է հոգիները, եւ այստեղ նույնիսկ բառեր էլ պետք չեն: Երաժշտությունը բառերից անդին է:
Հնդկական երաժշտությունն իր բնույթով բացառիկ է, քանզի կատարողին կամ երգչին արվեստի միջոցով իրենց հոգիներն արտահայտելու լիակատար ազատություն է տրված:
Հնդիկի բնավորության բնույթը կարող է հասկանալի լինել անհատական ոգով:
Երաժշտության հենց միստիկական տեսանկյունը բոլոր կրոնների գաղտնիքն է: Այս աշխարհի մեծերը, այնպիսիք, ինչպիսիք են Քրիստոսը, Բուդդան եւ այլք, գալիս էին միմյանց հաջորդելով, որպեսզի օրինակ ծառայեն մարդկանց, եւ արտահայտելու կատարելությունը, որ յուրաքանչյուր հոգու օբյեկտն է: Գաղտնիքը, որ թաքնված է բոլոր մեծ կրոնների եւ այդ մեծ ուսուցիչների մեջ, այն է, որ մարդը պիտի հասնի վսեմագույն բարձունքին, որը կատարելություն է կոչվում, եւ հենց այդ սկզբունքն է ուսուցանում առաջին դասը, որ երաժիտը տալիս է իր աշակերտներին: Աշակերտը ոչ միայն ընդօրինակում է ուսուցչին, այլ նա կենտրոնացնում է իր ոգին եւ ուսուցչից որոշակի վիճակներ է ժառանգում: Հոգեւոր արթնացման բացակայությունը, որը մենք հայտնաբերում ենք այսօր` ահա պատճառը, թե ինչու շատ ու շատ որոնողներ չեն հանգում բավարարող պատասխանի` նրանք միշտ հետեւել են ճշմարտությանը արտաքնապես, նրանք այն վերցնում են գրքերից կամ ուսուցչից:
Սրեւելքում կար մի ժամանակ, եւ այն նույնիսկ այժմ կա, երբ փոքրիկ տղան, որ գալիս էր ուսուցչի մոտ ուսանելու, շատ հարգալից էր նրա հանդեպ, նրա հարգանքը, նրա վերաբերմունքն առ ուսուցիչը այնպիսին էր, ինչպես վերաբերմունքն առ հոգեւորականը, այսպիսով նա սովորում էր գնահատել, ընդունել եւ հարգել իր իսկ գիտելիքը: Ամենահիասքանչը Հնդկաստանի մեծ երգիչների մասին կարդալն է, թե ինչպես էին նրանք ընդօրինակում իրենց ուսուցիչներին եւ ինչպես երբեմն դառնում էին ավելի մեծ, քան իրենց ուսուցիչը:
ԱՍՈՒՅԹՆԵՐ
Ինչպես ջուրը ցայտաղբյուրում խոյանում է մեկ հոսքով, իսկ վարընկեց լինում տարածությամբ եւ ժամանակով բաժանված բազում կաթիլներով, այդպես էլ հայտնությունները սերում են Ճշմարտության մեկ հոսքից:
Բոլոր անուններն ու ձեւերը` հանդերձանքներ ու քողեր են, որոնց տակ թաքնված է մեն միակ կյանքը:
Ճշմարտությունն առանց քողի միշտ անհետաքրքիր է մարդկային բանականությանը:
Երբ դուք մեջքով եք կանգնում արեւին, ձեր ստվերը միշտ ձեր առջեւում է, բայց երբ շրջվում եւ դեմքով դեպ արեւն եք կանգնում, այդժամ ձեր ստվերը ձեզանից ետ է ընկնում:
Եթե մարդիկ իմանային իրենց սեփական կրոնը, ինչ հանդուրժող նրանք կլինեին եւ ինչ ազատ ցանկացած անբարյացակամությունից մյուս կրոնների հանդեպ:
Խաչելության ճշմարիտ իմաստը քո կեղծ «Եսը» խաչ հանելն է, որպեսզի ճշմարիտ «Եսը» կարողանա աճել, քանի դեռ կեղծ «Եսը» չի խաչվել, ճշմարիտ «Եսը» չի իրականանում:
Իդեալը մեկնություններից վեր է: Վերլուծել Աստծուն` կնշանակի Աստծուն գահընկեց անել:
Այնտեղ, ուր հայտնվում է սիրո հուրը, բացվում է Աստվածային իմացությունը:
Աստծուն մի սահմանափակեք ձեր արժանիքներով: Նա ձեր առաքինություններից վեր է, օ՜ բարեպաշտներ:
Այո, ուսուցանեք բարու ձեր սկզբունքները, սակայն մի փորձեք դրանցով Աստծուն սահմանափակել: Յուրաքանչյուր մարդու բարությունը ներհատուկ է բացառապես հենց իրեն:
Միտքը ուրվագծում է ճակատագրի գիծը:
Վերաբերվել յուրաքանչյուր մարդ էակի որպես իր ներսում Աստծուն պահպանողի` կնշանակի գոհացում պարգեւել բոլոր կրոններին:
Իմաստուն մարդը պիտի պահպանի սիրո եւ ուժի միջեւ եղած հավասարակշռությունը: Հարկ է, որ նա իր բնույթում միշտ հարաճուն եւ ահագնացող սեր ունենա, սակայն միաժամանակ ամրապնդի իր կամքի ուժը, որպեսզի սիրտը հեշտ չլինի կոտրել:
Նա, ով իր մտքերն ուղղում է իր ցանկության դեմ, իր սեփական թշնամին է:
Միտքը խոսում է բառերի միջոցով, սիրտը` հայացքի, իսկ հոգին` ճառագման միջոցով, որ լիցքավորում է մթնոլորտը, շուրջն ամենայն ինչ մագնիսականացնելով:
Անկեղծությունը` թանկարժեք մարգարիտ է, որ գոյանում է սրտի խեփորում:
Չկա ավելի գեշ աղքատություն, քան ինքնախղճահարությունը: Այն կործանում է մարդուն, եւ նա իր հիվանդություններից, դժբախտություններից ու տառապանքներից զատ` ոչինչ չի տեսնում:
Սիրտը չի կենդանանա մինչեւ այն պահը, քանի դեռ տառապանք չի ապրել:
Կենաց հաճույքները կուրացնում են, միայն սերն է մաքրում ժանգը սրտից` հոգու հայելուց:
Իմաստուն մարդը ուսումնասիրելով բնությունը, ներթափանցում է միասնության մեջ` նրա բազմազանության միջոցով, եւ ճանաչում է Աստվածային անհատականությունը, զոհաբերելով իր անձնականը:
Սիրո ցավը` դա ռումբ է, որ պայթեցնում է ցանկացած սիրտ, նույնիսկ այնքան ամուր, հանց ժայռը:
Նա, ով գիտի տատանումների գաղտնիքը, հիրավի ամեն ինչ գիտի:
Սերը նրանց հանդեպ, ով մեզ դուր է գալիս, դրսեւորվում է հանց սեր, իսկ նրանց հանդեպ, ով մեզ դուր չի գալիս` հանց ներում:
Սերը մարդուն բերեց միասնության աշխարհից առ բազմազանության աշխարհ, եւ միեւնույն ուժը կարող է նրան կրկին վերադարձնել բազմազանության աշխարհից առ միասնության աշխարհ:
Մենք միշտ Աստծուն փնտրում ենք հեռվում, այնինչ Նա ավելի մոտ է մեզ, քան մեր սեփական հոգին:
Հրաժարվելն այն ամենից, ինչին մենք չենք կարող հասնել, ճշմարիտ հրաժարում չէ, դա թուլություն է:
Մեր կյանքի յուրաքանչյուր պահը` դա անգին հնարավորություն է:
Վերափոխիչը գալիս է, որպեսզի հերկի հողը, մարգարեն գալիս է, որպեսզի սերմեր ցանի, եւ քահանան գալիս է բերք հավաքելու:
Երբ մարդ կրքից վեր է կանգնում, սկսում է հասկանալ, թե ինչ բան է սերը:
Քահանան տալիս է եկեղեցու օրհնանքը, իսկ ծառի ճյուղերը կորանալով` տալիս են Աստծո օրհնանքը:
Հոգին իր լույսը երկնքից է բերում, իսկ բանականությունը ձեռք է բերում իր գիտելիքները երկրի վրա, այդ պատճառով, երբ հոգին հեշտ է հավատում, բանականությունը կարող է կասկածել:
Մարդն ինքն է ստեղծում իր սեփական աններդաշնակությունը:
Դա կեղծ սեր է, եթե այն արմատախիլ չի անում «Ես» մարդկային պնդումը, սիրո առաջին եւ վերջին դասը` «ես չկամ»:
Ողջ երկրային իմացությունը նման է արեւը ծածկող ամպի:
Մարդն ավելի մոտ է Աստծուն, քան ձկները օվկիանոսին:
Մարդու էվոլյուցիայի յուրաքանչյուր աստիճանին Աստծո նրա ընկալումը փոխվում է:
Մենք սկսում ենք մեր կյանքը` ջանալով ուսուցիչներ լինել, դա շատ դժվար է` սովորել աշակերտ լինել:
Մենք երբեք չենք կարողանա բավականաչափ խոնարհեցնել մեր սահմանափակ եսը անպարագրելի կատարելության առջեւ:
Երբ մարդ նայում է օվկիանոսին, նա տեսնում է միայն այն մասը, որ իր տեսադաշտում է, նույնն է եւ ճշմարտության դեպքում:
Մարդն իր երեւակայության արտացոլանքն է` այնքան մեծ կամ փոքր, որքան ինքն է մտածում իր մասին:
Բառերը` լոկ մտքերի եւ զգացմունքների ստվերներն են:
Յուրաքանչյուր մարդ գրում է իր կյանքի երաժշտությունը, եթե նա նեղացնում է ուրիշին, նա խաթարում է ներդաշնակությունը, եւ նրա կյանքի մեղեդիում դիսոնանս է հայտնվում:
Մարդկային հպարտությունը եւ բավարարվածությունն այն բանից, ինչ նա գիտի, սահմանափակում է նրա տեսադաշտը:
Արտաքին կյանքը` դա ներքին իրականության ստվերն է:
Սիրելը` դա մի բան է, հասկանալը` այլ, նա, ով սիրում է` նվիրյալ է, իսկ նա, ով հասկանում է` ընկեր:
Միլիոնավոր հավատացյալների մեջ հազիվ թե գտնվի մեկը, ով Աստծուն իրականություն է դարձնում:
Հոգին իրեն շնչահեղձ է զգում, երբ փակ են սրտի դռները:
Կյանքն այնպիսին է, ինչպիսին նա կա, դուք չեք կարող փոխել այն, բայց դուք միշտ կարող եք փոխել ինքներդ ձեզ:
Քաղաքից դուրս դուք տեսնում եք Աստծու փառքը, իսկ քաղաքում դուք փառաբանում եք Նրա անունը:
Մատների արանքով նայեք ուրիշի ամենամեծ թերություններին, բայց ձեզ թույլ մի տվեք նվազագույնը:
Քրիստոսի հոգին` տիեզերքի լույսն է:
Նա, ով ծախսել է` վատնել է, նա, ով կուտակել է` կորցրել, սակայն նա, ով տվել է` ընդմիշտ պահպանել է իր գանձերը:
Ընծայողը ավելին է, քան ինքը` ընծան:
Հենց պտուղն է ստիպում ծառին հակվելու ցած:
Այլոց քաղցը թեթեւացնելու համար, պիտի մոռանաս սեփական քաղցի մասին:
Չկա ավելի մեծ Սուրբ Գիրք, քան բնությունը, քանզի բնությունը` հենց կյանքն է:
Ձեր աշխատանքը կյանքում պիտի լինի ձեր կրոնը, ինչով էլ որ դուք զբաղվելիս լինեք:
Շատ ավելի կարեւոր է իմանալ ճշմարտությունը քո մասին, քան` երկնքի ու դժոխքի:
Երբ աչքերն ու ականջները բաց են, ծառի տերեւները դառնում են հանց Ավետարանի էջերը:
Իմաստությունը բառերի մեջ չէ, այլ` ընկալման:
Ոչ թե ամրապինդ ծառն է կարող սրինգ դառնալ, այլ դատարկ եղեգը:
Ալիքը` դա հենց ծովն է, սակայն, երբ նա բարձրանում է ալիքի տեսքով` դա ալիք է, իսկ երբ դուք նայում եք նրան, որպես ամբողջի մի մաս` դա ծով է:
Քանի դեռ սիրո մեջ կա «Դու» եւ «Ես», այն լիովին չի բռնկվի:
Ժխտել կյանքի փոփոխականությունը` միեւնույնն է, որ պատկերացնես անշարժ ծովը, որը կարող է գոյություն ունենալ սոսկ երեւակայության մեջ:
Թվացյալ մահը` դա հոգու իսկական ծնունդն է:
Սերը հանց Գանգեսի ջրերը` այն ինքնին մաքրագործում է:
17.11.2011