Ամերիկյան ռազմանավերը չեն հատել Հորմուզի նեղուցը. Իրանը հերքում է լուրը
Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության աղբյուրը հերքում լուրն այն մասին, թե ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը հատել են Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Հիշեցնենք,որ «Axios»–ը գրել էր, թե ամերիկյան ռազմանավերը հատել են նեղուցը, սակայն, ըստ իրանական կողմի, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Այսօր «Tasnim» գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը որոշել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել իրանական ակտիվների ապասառեցման և Լիբանանում հրադադարի հաստատման հարցերի շուրջ:
«Fars» գործակալությունն իր հերթին գրել էր, որ Իրանի զինված ուժերը հետևում են ԱՄՆ ՌԾՈւ էսկադրային ականակրի տեղաշարժին, որը դուրս է եկել Ֆուջեյրա նավահանգստից և ուղղվում է դեպի Հորմուզի նեղուց: Ըստ այդ տվյալների՝ նավի տեղաշարժի մասին տեղեկությունները փոխանցվում են Իսլամաբադում գտնվող իրանական պատվիրակությանը, որն էլ պակիստանցի միջնորդի միջոցով փոխանցում է ամերիկյան կողմին:
Ինչպես պնդում է «Fars»-ը, Իրանը նախազգուշացում է ուղարկել ամերիկյան նավին` հայտարարելով, որ շարժը շարունակելու դեպքում այն կարող է հարվածի թիրախ դառնալ 30 րոպեի ընթացքում: Գործակալության տեղեկություններով՝ սա հանգեցրել է էսկադրային ականակիրը կանգնեցնելու հրամանի և կարող է ազդել կողմերի միջև բանակցությունների ընթացքի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ, որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատում է ակնկալում:
Պակիստան մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս էր հայտնել, որ բանակցությունները կառուցողական բնույթ կունենան: Նա նշել էր, որ ամերիկյան պատվիրակությունը գործում է երկրի ղեկավարությունից ստացած հստակ հանձնարարականների շրջանակում և պատրաստ է երկխոսության՝ Իրանի կողմից «բարեխիղճ մոտեցման» պայմանով:



