Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան
Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին հղած իր ուղերձում կոչ արեց չհուսահատվել, չվախենալ գործող իշխանության սպառնալիքներից։
«Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև հենց այդ ամսին սկսվեց 44-օրյա ծանր պատերազմը, սեպտեմբերին սկսվեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը, սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը և էթնիկ զտումը։ Պատերազմներ, որոնցում Փաշինյանը պարտվեց։ Մի՞թե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մեկ պատերազմ պարտվի։ Ես համոզված եմ՝ թույլ չենք տալու»,- ասաց Սամվել Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը խոստացավ՝ Հայաստանում խաղաղ կլինի՝ իրենց իշխանության օրոք.
«Իմ խոստումն է, որ մեր հաղթանակից հետո, երբ ստանձնեմ վարչապետի պաշտոնը, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու»։
Սամվել Կարապետյանը շեշտեց՝ շուտով Հայաստանը կլինի ուժեղ, խաղաղությունն էլ՝ մնայուն։
«Սիրելի՛ հայրենակիցներ, մի՛ հուսահատվեք, Հայաստանը կարող է և պե՛տք է լինի ուժեղ, և մենք հասնելու ենք մնայուն և իրական խաղաղության, թույլ խաղաղությունը փոխարինելու ենք ուժեղ խաղաղությամբ՝ ուժեղ դիվանագիտության շնորհիվ»,- ասաց նա։



