Քննչական կոմիտեն՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկահարույց գործի մասին
Հատուկ քննչական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ ձայնագրության աղմկահարույց գաղտնալսումից անցել է մեկ տարի, բայց իրավապահ համակարգը դեռ լռում է:
168.am-ը Քննչական կոմիտեից պարզաբանում խնդրեց, թե մեկ տարի անց կա՞ն արդյոք մեղադրյալներ՝ հաշվի առնելով նաև այն, որ որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ գործն արդեն ամբողջությամբ բացահայտված է: Կոմիտեից փոխանցեցին.
«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»:
Հիշեցնենք, որ հեռախոսային գաղտնալսված զրույցի համացանցում տարածված ձայնագրության մեջ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում էին «Մարտի 1»-ի գործը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ քննությունը շատ ակտիվ իրականացվում է, կատարվում են փորձաքննություններ:
Զարուհի Դիլանյան