
ՔԿ ղեկավարը՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման մասին

«Այսօր հայտնի է տեխնիկական 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին: Բոլոր ուղղություններով քննությունը կատարվել է, ուղարկվել են մի շարք հարցումներ, այդ թվում՝ նաև արտասահմանյան երկրներ: Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք, հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից տարածում է ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործի քննությանը:
Ըստ նրա՝ քննությունը շատ ակտիվ իրականացվում է, կատարվում են փորձաքննություններ: «Ո՞վ է արել գաղտնալսումը» հարցին Հ.Գրիգորյանը պատասխանեց, որ փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ աշխատակցի կողմից գաղտնալսում անելու տարբերակը:
Դիտարկմանը, որ գաղտնալսող սարքեր ՀՀ-ում ունեցել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ՔԿ ղեկավարը նշեց, որ համապատասխան հարցումներ և այդ ուղղությամբ քննություն իրականացրել են. «Նման ապացույցներ կամ ապացույցների համակցումներ չկան»:
Նա կրկին վստահեցրեց, որ քննությունը շատ ինտենսիվ կատարվում է, և կան տվյալներ, որ հարևան երկրներից մեկից այդ գաղտնալսումը տարածված լինի. «Վարկածներից մեկը դա է: Հարցերին կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այն անձին, ով իրականացրել է գաղտնալսումը»: