
Ջոնսոնը կվերսկսի Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը, եթե այդպես որոշի դատարանը. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական է եղել: Այդ մասին,հայտնել է Times թերթը:
«Մենք լիովին հարգում ենք դատական համակարգի անկախությունը»,- հրատարակությունը մեջբերել է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցչի խոսքը: Թերթը դա գնահատում է որպես Ջոնսոնի պատրաստակամությունը ենթարկվելու Գերագույն դատարանի որոշմանը: Այն այդ գործը պետք է քննի սեպտեմբերի 17-ին, իսկ մինչ այդ խորհրդարանը կաշարունակի փակ մնալ: Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական է: Որոշման մեջ, որը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին, ասված է, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցման պատճառը «դրա գործունեությանը խոչընդոտելու» մտադրությունն է, իսկ դա «անօրինական է, հետեւաբար, անվավեր է եւ ոչ մի ուժ չունեցող»:
Սակայն որոշումն իրավաբանական ուժ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չզբաղվի գործի քննությամբ: Ավելի վաղ 70-ից ավելի բրիտանացի պատգամավորներից բաղկացած խումբը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը եղել է անօրինական, քանի որ սահմանափակում է շուտով Եվրամիությունից երկրի դուրս գալու նախաշեմին քննարկումների հնարավորությունը:
Սեպտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: