ՌԴ-ին պատկանող «ՀրազՋԷԿ»-ը կգնի «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» բաժնետոմսերի 90 տոկոսը
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերությունը 2019 թ. հուլիսի 25-ի դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով համաձայնություն տալ իր կանոնադրական կապիտալը կազմող բաժնետոմսերի 90 տոկոս կազմող, 1000 դրամ անվանական արժեքով 527.085 սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող «Հիդրոինվեստ» ԲԲԸ-ին պատկանող բաժնետոմսերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ին վաճառելու գործարքի կնքմանը:
Հանձնաժողովը հարցը քննարկելու է սեպտեմբերի 11-ի նիստում:
«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցված է 2003 թ. մայիսի 8-ից: 2003 թ. հուլիսի 17-ին կազմակերպությունը սեփականաշնորհեց «Սևան- Հրազդան Կասկադ» ՍՊԸ-ի գույքը: Կազմակերպությունն իրականացնում է Կասկադի վերականգնման և տեխնիկական արդիականացման քաղաքականություն:
«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ սեփականության մեջ են մտնում «Սևան-Հրազդան Կասկադի» յոթ ՀԷԿ-երը` Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտժամ:
«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ հիմնադրվել է ՌԴ դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության 2004թ. սեպտեմբերի 1-ի No 291-ռ կարգադրության համապատասխան: Այն ստեղծվել է Հայաստանի պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցված Հրազդանի ջերմային էլեկտրակայանի գույքային համալիրը ընկերության կանոնադրական կապիտալին ներդնելու միջոցով: Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումով Ընկերության բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ԲԲԸ-ին:
Ի դեպ, «ՀրազՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն այժմ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանն է: