Ինչպե՞ս է Հայաստանն ընդունում Եվրոպայից արտաքսված քաղցկեղով հիվանդներին
Եվրոպայից, հատկապես՝ Գերմանիայից արտաքսվող ՀՀ քաղաքացիներից շատերը հայրենիքը լքել էին բուժօգնություն ստանալու նպատակով, բայց ԵՄ միգրացիոն կոշտացած քաղաքականության հետևանքով վերադառնում են նույն ծանր բեռով և սթրեսային վիճակում։ Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է քաղցկեղով հիվանդներին, որոնք հույս ունեին այնտեղ «հանձնվելուց» հետո անվճար, բարձրակարգ բուժում ստանալ։
Ինչպե՞ս է Հայաստան պետությունն ընդունում նրանց և ի՞նչ բուժում է երաշխավորում։
ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Լուսինե Քոչարյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ այդ անձինք գալիս և ստանում են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի են մեր երկրում։
«Այս դեպքում որևէ խտրականություն չի դրվում։ Եթե իրենք ունեն դիմավորելու խնդիր, այդ տեղեկությունը ստանում ենք և կազմակերպում պացիենտի տեղափոխությունը։ Այլ տարբերակում իրենք դիմում են իրենց տեղամասային պոլիկլինիկա կամ հիվանդանոց, ու ստանում են այն բուժումը, որ հասանելի էր նաև մինչև արտերկիր մեկնելը։ Այստեղ որևէ խնդիր չկա»,- ասաց Լ.Քոչարյանը։
Այս տարվա փետրվարի 1-ից քաղցկեղով հիվանդին ախտորոշման պահից սկսած առաջարկվում է անվճար վիրահատություն, անվճար ճառագայթային բուժում և դեռևս համավճարով քիմիաթերապիա։ Անցած ամիսների ընթացքում պետպատվերի շրջանակում վիրահատվել է չարորակ ուռուցք ունեցող 2301 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 35%-ով ավելի։
Ըստ Լ.Քոչարյանի՝ աշխատանքներ են իրականացվում, որ որոշ դեղերի դեպքում քիմիաթերապիան ևս լինի պետության կողմից երաշխավորված։
Քիմիաթերապիայի ամբողջ կուրսի համար պետությունը հատուկ խմբերի (սոցիալապես անապահով, հաշմանդամ և այլն) հիվանդների համար յուրաքանչյուր դեպքում, որպես համավճար՝ հատկացնում է տարեկան մինչև 300.000 դրամ, այսինքն` 5 անգամ 60.000-ական դրամ, իսկ եթե քաղաքացին այդ խմբերին չի պատկանում՝ տարեկան 150.000 դրամ՝ 5 անգամ 30.000-ական դրամ։ Բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մնացած մասը հիվանդն է հոգում։ Լ.Քոչարյանի խոսքով՝ բուժման գինը կախված է դեղի գնից, բուժման սխեմայից, և այլն։
Պետության կողմից ապահովվող դեղերը սահմանված են արձանագրությամբ, և այդ ցանկից բժիշկն ինքն է ընտրում ամեն դեպքի համար առավել արդյունավետ դեղամիջոցը, որն այդ պահին ունենում են տեղում։ Այդ ցանկում դեռևս ներառված չէ չարորակ ուռուցքների բուժման համար առավել արդյունավետ համարվող դեղամիջոցներից մեկը՝ «Հերսեպտինը»։ Այն գրանցված է ՀՀ-ում։ Սակայն ներմուծվում է միայն մեկ ընկերության՝ շվեյցարական «Հոֆֆման Լյա Ռոշեի» ներկայացուցչության կողմից, ապա իրացվում «Նատալի Ֆարմ» և «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցում։
«Նատալի Ֆարմից» մեզ պատասխանեցին, որ արդեն մի քանի ամիս դեղն իրենց մոտ առկա չէ։ «Ալֆա Ֆարմում» ասացին, որ ունեն «Հերսեպտին», գինը 530.000 դրամ է։ «Սև շուկայում» այն վաճառվում է մի քանի հազար դրամով ավելի էժան։
Տարիներ առաջ այս նույն դեղը 1 մլն 120.000 դրամով էր վաճառվում։ Հետզհետե դրա գինը նվազեց, իսկ վերջին էժանացումն այս տարվա մարտին էր, երբ Առողջապահության նախարարության և շվեյցարական «Հոֆֆման Լյա Ռոշե» ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվեցին։ Սակայն դրանք շարունակում են մի քանի անգամ թանկ լինել հարևան երկրներում գործող գներից, և հնարավորություն ունեցողներն իրենք են ներկրում դրանք։
Թե ինչո՞ւ չկա մրցակցություն, և Հայաստանում այս դեղերի գները չեն իջնում, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը նշեց, որ մոտ 2 տարի առաջ արտադրող ընկերությունը Հայաստանի համար հավաստագիրը վաճառում էր 2 անգամ թանկ գնով, քան, օրինակ, Ռուսաստանին. «Ռուսաստանից հաճախորդները բերում էին, ավելի էժան էր ստացվում, քան մեր օրինական ներկրածը։ Նույնը հիմա է, ավելի թանկ է»։
Լուսինե Քոչարյանի խոսքով՝ ներկրողը բերում է շուկայի պահանջարկին համապատասխան, այսինքն՝ չի կարող բերել 1000 դեղ, եթե տարեկան 100 հիվանդ է լինելու, քանի որ այն պահեստավորման ենթակա չէ, ժամկետի խնդիր կա։ Նա նշեց, որ այստեղ պետությունը չի կարող որևէ կերպ կարգավորել։
ԱՆ պաշտոնյան նշեց, որ ներկայումս իրենք հաշվարկում են, թե տարեկան ինչքան Հերսեպտին-զգայուն հիվանդների քանակ կա, որպեսզի լուծում գտնեն, թե ինչպես կարելի է դա երաշխավորել պետության կողմից, այսինքն՝ թե ինչպես դեղը հասանելի լինի այն հիվանդներին, որոնք Հերսեպտին-զգայուն են. «Մենք գրություն ենք ուղարկել բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են ուռուցքաբանությամբ, որ իրենք տարեկան վիճակագրություն տան Հերսեպտին-զգայուն հիվանդների մասին, որպեսզի հասկանանք կարիքները»։
Անդրադառնալով չարորակ գոյացությունների դեպքում բուժօգնության որակին՝ Լ.Քոչարյանը մի մասնավոր օրինակ ներկայացրեց. «Քաղցկեղով հիվանդության ամբողջ պատմությունն ուղարկվել էր Գերմանիա, որտեղի լավագույն կլինիկաներից մեկից պատասխանել էին՝ ձեր բժիշկներն արել են աշխատանքն ամբողջ այն ծավալով, որ մենք այստեղ էինք անելու, նշանակել են նույն բուժումը, ինչ այստեղ էինք նշանակելու, վիրահատությունն արվել է հենց այնպես, ինչպես այստեղ էինք անելու։ Բայց դա հիվանդի ապահովագրության վրա արժեցավ 2000 դոլար, իսկ Գերմանիայում կարժենար մոտ 30.000 եվրոյի շրջանակներում։ Այսինքն՝ մենք մեր առողջապահական ծառայությունների մասին վատ կարծիք ունենք, բայց իրականում այդպես չի»։
Ըստ նրա՝ իհարկե, հարցեր կան՝ զուտ տեխնոլոգիական առումով, որ եվրոպական երկրները շատ ավելի առաջ են. «Շատ արտադրողներ կան, որ սարքավորումներ ու դեղեր չեն բերում՝ ելնելով Հայաստանի փոքր շուկայից։ Այսինքն՝ պետք է լինում իրենց հետ բանակցել, որպեսզի այդ տեխնոլոգիան հասանելի լինի Հայաստանում։
Այդ առումով Գերմանիայում այս պահին հասանելի են ռոբոտային վիրահատությունները, իսկ Հայաստանում այն բուժհիմնարկները, որ փորձեցին այդ կապը հաստատել, տեխնոլոգիան բերել, ստացան պատասխան, թե այդքան բնակչության համար նման ծախս չեն անի։ Բայց բուժծառայությունների որակի մասով, նույն ուռուցքային հիվանդությունների կամ հեմոդիալիզի դեպքում, ես չէի ասի, որ մեր ծառայությունները զիջում են։ Նույն կերպ կադրերի առումով մեր բժիշկների որակը չի կարելի թերագնահատել։
Հենց Գերմանիայում այսօր այնքան հայ բժիշկներ կան, որ այստեղ ուսում են ստացել, գնացել են, վերապատրաստման կարճատև կուրս անցել և աշխատում են այնտեղ։ Եթե մեր կադրերն այդքան վատն էին, Գերմանիան իրենց որևէ կերպ այնտեղ աշխատանքի չէր ընդունի։ Դա էլ պետք է հաշվի առնել, որովհետև մենք իրականում շատ լավ կադրեր ունենք, ծառայություններն էլ ավելի հասանելի են, հերթագրումների խնդիր չունենք, ինչպես Մեծ Բրիտանիայում է, որտեղ ծառայություններն անվճար են, բայց մեծ հերթեր կան։ Այդ առումով՝ և՛ որակ, և՛ հասանելիություն կա, ՀՀ-ն չէի ստորադասի երբեք»։