«Սիրիա զորախումբ ուղարկելու մասին կառավարության որոշումը գաղտնի է». կառավարություն

Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Սիրիա հայկական զորախումբն ուղարկվել է ՀՀ կառավարության որոշման համաձայն: «Ինչ վերաբերում է տեղակայմանը, հումանիտար գործողությանը, դա եղել է կառավարության որոշումը, և մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,- ասել էր նախարարը:

168.am-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ կառավարության ո՞ր որոշմամբ է ուղարկվել զորախումբը: «Սիրիա զորախումբ ուղարկելու մասին կառավարության որոշումը գաղտնի է»,- պատասխանեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք նաև, որ դեռևս այս տարվա փետրվարին, երբ արդեն  ՀՀ Զինված ուժերի զորախումբը մեկնել էր Սիրիա, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դրանով «սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը»։ Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը պետք է հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը, իրավական հիմքերը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։

168.am-ը այդ օրերին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել էր՝ Սիրիայի կառավարությունից կա՞ պաշտոնական դիմում ՀՀ կառավարությանը Սիրիա զորախումբ ուղարկելու վերաբերյալ, կարո՞ղ է տրամադրել։

Կարդացեք նաև

«Այո, դիմում կա, բայց իմ ձեռքի տակ չէ, բայց հիմքում ընկած է հումանիտար մարդասիրական առաքելության մեր պայմանագիրը 2001 թվականի, մշտական շփումը Սիրիայի կառավարության հետ, մեր վճռականությունն ու տրամադրվածությունը՝ օժանդակել Սիրիայի ժողովրդին, նաև նեցուկ կանգնել հայերին, որ բնակվում են մեծ վնասներ կրած համայնքներում, մասնավորապես՝ Հալեպում»,- ասել էր Վ.Կարապետյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ իրավական հիմքն այդ պայմանագի՞րն է, վարչապետի մամուլի քարտուղարը հաստատող պատասխան էր տվել. «Իրավական հիմքն այդ պայմանագիրն է, այո»:

«Ծիծաղելի են կառավարության ջանքերը, փորձերը «ֆռցնել» հասարակությանը ևս մեկ անգամ՝ մեջբերելով 2001թ. Հայաստանի և Սիրիայի Պաշտպանության նախարարությունների միջև կնքած ինչ-որ համաձայնագիր»,- հակադարձել էր Արմեն Աշոտյանը:

Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը վերաբերում է 2001 թվականին Սիրիայի և Հայաստանի կնքած ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրին, որը հրապարակված չէ:

Ի դեպ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ մինչ այդ ասվում էր. «Օժանդակելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները»: Փաշինյանի մամուլի քարտուղարը, սակայն, հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում բոլորովին այլ բան էր ասել փաստաթղթի մասին. «Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս