Ինչ իրավական հիմքով է Հայաստանը Սիրիա զորախումբ ուղարկել. պարզաբանում է ՀՀ վարչապետի խոսնակը
ՀՀ Զինված ուժերի զորախումբն արդեն Սիրիայում է։ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դրանով «սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը»։ Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը պետք է հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։
168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիրի Կարապետյանից հետաքրքրվեց՝ Սիրիայի կառավարությունից կա՞ պաշտոնական դիմում ՀՀ կառավարությանը Սիրիա զորախումբ ուղարկելու վերաբերյալ, կարո՞ղ է տրամադրել։
«Այո, դիմում կա, բայց իմ ձեռքի տակ չէ, բայց հիմքում ընկած է հումանիտար մարդասիրական առաքելության մեր պայմանագիրը 2001 թվականի, մշտական շփումը Սիրիայի կառավարության հետ, մեր վճռականությունն ու տրամադրվածությունը՝ օժանդակել Սիրիայի ժողովրդին, նաև նեցուկ կանգնել հայերին, որ բնակվում են մեծ վնասներ կրած համայնքներում, մասնավորապես՝ Հալեպում»,- ասաց Վ.Կարապետյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ իրավական հիմքն այդ պայմանագի՞րն է, վարչապետի մամուլի քարտուղարը հաստատող պատասխան տվեց. «Իրավական հիմքը այդ պայմանագիրն է, այո»: