Դավադիր պայմանավորվածությո՞ւն
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է անցկացրել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուգասզյանի հետ։ Առաջին հայացքից թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, երբ երկրի վարչապետը հանդիպում է քաղաքական դաշտում գործող կուսակցությունների ղեկավարների հետ, բայց դա միայն առաջին հայացքից։ Իսկ հիմա՝ ավելի հանգամանալից։
Եթե խորամուխ ենք լինում աշխարհաքաղաքական այն զարգացումներին, որոնք այսօր առկա են մեր տարածաշրջանում, և ընդհանրապես, երկրում տիրող քաոտիկ ու չլուծված հարցերի շարքին, այս հանդիպումը ոչ միայն անակնկալ էր, այլև հակապետական, քանի որ ակնհայտ է՝ երկրի վարչապետը փաստացի ընդունել է տեռորիստների պարագլուխներին։ Ասենք՝ ինչո՞վ է Սեֆիլյանը տարբերվում Խատաբից, կամ, ասենք, Չուգասզյանը՝ Բասաևից։ Պարզ ասած՝ ոչնչով։ Ավելին, իրենց ակնհայտ հակապետական լինելու փաստը «Սասնա ծռերը» քանիցս ապացուցել են։ Նրանք չունեն ոչ մի պետականամետ գաղափար, նրանց թիվ մեկ գաղափարը սեպարատիզմն ու անջատողական ծայրահեղականությունն է։ Եվ ահա, նրանց ընդունում է երկրի ղեկավարը։ Հարց է առաջանում՝ ի՞նչ ընդհանուր քննարկման նյութ ունեն Փաշինյանն ու տեռորիստները, որոնց զինված գործողությունների ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ՝ 3 ոստիկաններ զոհվեցին։
Հավանաբար շատերն են հիշում 2016-ի հուլիսյան հայտնի դեպքերը, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը և հասարակական խժդժություններ էին տեղի ունենում գնդի մերձակայքում։ Այդ ժամանակ, իրավիճակից փորձեց ամեն կերպ օգտվել Փաշինյանը՝ ինչ-ինչ քայլեր ձեռնարկեց, սակայն «Սասնա ծռերը» դժգոհեցին և Փաշինյանին հեռացրեցին տարածքից։ Հիշեցնենք, 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստերից մեկում հրապարակվել էին գնդի գրավման օրերին խմբի անդամների՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները։ Խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանն իր ծանոթ-ընկերների հետ խոսելիս անդրադարձել էր ԱԺ նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում հանրահավաքների ժամանակ հայտարարություններով էր հանդես գալիս:
«Ժողովրդին ասա՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն… վեդրո ճարեք: Տղեքին ասա, որ Նիկոլին չլսեն»,- խոսափողի մյուս կողմում գտնվող տղամարդուն ասել էր Պավլիկ Մանուկյանը: Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ էլ Պավլիկ Մանուկյանը հրահանգել էր. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերևա»:
Վերջինս նաև հայհոյանքներ էր հնչեցրել: Դատավարության ընթացքում, 2018թ. մարտին, իր խոսքերը լսելով՝ դահլիճում գտնվող ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը բղավել էր. «Հիմա էլ ենք նույնը ասում, հենց հիմա»:
Ինչևէ: Այսօրվա հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է, որ իրենք իրենց խորհուրդներն են ներկայացրել Փաշինյանին։ Կարող ենք եզրակացնել, թե ինչ խորհուրդներ են տվել տեռորիստները, ասենք՝ Ամուլսարի հարցի կարգավորման կամ, օրինակ՝ տնտեսական կոլապսային իրավիճակի մասին։ Սա ներքին հարցերի հետ կապված։ Իսկ թե ինչպե՞ս է հետագայում մեկնաբանելու հայրենի իշխանությունը ՀՀ-ում հակառուսական թիվ մեկ ուժի ներկայացուցիչների հետ առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին ընդառաջ, դա արդեն զավեշտի ժանրից է, քանի որ տրամաբանության ոչ մի տիրույթում չի տեղավորվում՝ հակառուս «Սասնա ծռերը», հանդիպում են նախկին հակառուս, այժմ արդեն «ՌԴ մեծ բարեկամ» Նիկոլ Փաշինյանին ու Վլադիմիր Պուտինի այցից առաջ ստեղծում մի ունիկալ «քաղաքական խճանկար»։
Տեղին է նշել, որ հանդիպման մեկնած Գարեգին Չուգասզյանը, ըստ վերջին շրջանում սոցցանցերում և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, հանդիսանում է ՀՀ-ում «Սորոսի» գրասենյակի հիմնադրման «կնքահայրը»։ Եթե այս պրիզմայով դիտարկենք հանդիպումը, ապա հնարավոր է՝ որոշ, հեռուն գնացող եզրակացություններ անել։ Չի կարելի բացառել, որ Փաշինյանը նրանց հետ քննարկել է ՀՀ-ում ստեղծված բարդագույն և իշխանությունների համար անելանելի իրավիճակից փրկվելու և թեմաները շրջանցելու հարցը, կամ հերթական սադրանքի պլանավորումն է եղել։ Դա բնորոշ է Փաշինյանի գործելաոճին, նա իր քաղաքական ամիբիցիաները բավարարելու համար կարող է գնալ հնարավոր բոլոր գործարքներին՝ կապ չունի, թե դիմացինը ով է, սատանա՞ն, թե՞ զինված խմբավորման անդամները։
Արմեն Հովասափյան