Բաժիններ՝

«ԿԱՊԱՆ-ԷՆԵՂՋԻ» ընկերությունը կտուգանվի 500.000 դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում՝ սեպտեմբերի 4-ին, նախատեսում է 500 հազար դրամով տուգանել «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂՋԻ» ՓԲ ընկերությանը:

Ուշագրավ է տուգանքի հիմնավորումը. ընկերությունը 1 օր ուշացրել է տարեկան հաշվետվությունը, իսկ քանի որ անցած տարի նույնպես նման խախտում էր թույլ տվել և նախազգուշացվել, ապա  ենթակա է տուգանման:

ՀԾԿՀ հաստատած կարգի համաձայն՝ արտադրված էլեկտրական էներգիայի վերաբերյալ տեղեկատվությունն էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից ներկայացվում է կիսամյակային արդյունքներով՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը: 2019 թվականի 1-ին կիսամյակի տեղեկատվությունն ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել 2019 թվականի հուլիսի 26-ին: Ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով ՀԾԿՀ-ն օգոստոսի 7-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ վերջինս ծանուցվել է:

Ընկերությունն օգոստոսի 16-ի գրությամբ Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվության ներկայացման ժամկետի խախտման հիմնավորումը, որում նշելով որոշակի տեխնիկական բնույթի խնդիրներ, ըստ էության ընդունել է խախտման փաստն ու հայցել Հանձնաժողովի ներողամտությունը:

Սակայն Հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի №345Ա որոշմամբ ընկերությունը նախազգուշացվել էր Կարգով սահմանված Տեղեկատվության ներկայացման ժամկետի խախտման համար: Հանձնաժողովի իրականացրած վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը նախորդ վարչական վարույթն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին խախտել է կարգով սահմանված տեղեկատվության ներկայացման ժամկետը, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին և 10-րդ մասերը, ապա պետք է տուգանել հինգ հարյուր հազար դրամ գումարի չափով:

«ԿԱՊԱՆ-ԷՆԵՂՋԻ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.: Պետռեգիստրում սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը փակ է: Մեր տեղեկություններով՝ ներկայումս սեփականատերը ֆրանսիացի Դանիել Պիժոն է, որն էլ հենց գրանցված է ընկերության տնօրեն:

«ԿԱՊԱՆ-ԷՆԵՂՋԻ» ՓԲԸ-ն իր գույքը ձեռք է բերել 2003թ.: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետգույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գույքի կազմից առանձնացվել է Կապան-Քաջարան մայրուղու 12-րդ կիլոմետրի վրա գտնվող` 240245 հազար դրամ հաշվեկշռային արժեքով և 194742 հազար դրամ գնահատված արժեքով «Ողջի-1» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը, և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂՋԻ» ընկերությանը: Ընդ որում՝ այդ գույքը գնահատվել է 194 մլն 742 հազար դրամ, սակայն մասնավորեցման համար սահմանվել է ընդամենը 29 մլն 212 հազար դրամ գին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս