Շուշին պետք է դառնա ապագայի քաղաք՝ զարգացած ենթակառուցվածքներով, գրավիչ ու ժամանակակից տեսքով. Արթուր Հայրապետյան

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Շուշիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված են հինգ թեկնածուներ՝ Սամվել Բորիսի Աղաջանյան, Վլադիկ Կնյազի Համբարձումյան, Արթուր Ալեքսանդրի Հայրապետյան, Խաչատուր Ռոմայի Հայրիյան, Արծվիկ Աշոտի Սարգսյան:

«Արցախպրես»-ի թղթակիցը նախընտրական ծրագրին վերաբերող մի շարք հարցերի շուրջ զրուցել է Շուշիի քաղաքապետի պաշտոնում ինքնառաջադրված, անկուսակցական թեկնածու Արթուր Հայրապետյանի հետ:

Ա. Հայրապետյանն ասել է, որ Շուշիի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իր որոշումն ինքը համարում է իր աշխատանքային գործունեության տրամաբանական շարունակությունը։

«ՊԲ շարքերում երկարատև ծառայության ընթացքում սերտորեն կապված եմ եղել Շուշիի հետ։ Բազմաթիվ ազատամարտիկներ իրենց կյանքն են նվիրել Շուշիի ազատագրման համար, այսօր ես ուզում եմ գիտելիքներս ու փորձս ծառայեցնել իրենց երազած Շուշին ստեղծելու գործին։ Նախընտրական ծրագրիս հիմքում ընկած է բարեկարգ Շուշի ու բարեկեցիկ կյանքով ապրող շուշեցի ունենալու տեսլականը։ Առաջին հերթին անհրաժեշտ եմ համարում համայնքապետարան–քաղաքացի փոխհարաբերությունների բարելավումը։ Քաղաքային իշխանության գործունեությունը պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու հաշվետու։ Այս հարցում մեծ դեր ունի ավագանու ինստիտուտը, որը պետք է դառնա գործող ու դինամիկ մարմին։ Գաղտնիք չէ, որ Շուշին ունի զբոսաշրջային մեծ պոտենցիալ։ Այն լիովին բացահայտելու համար պետք է բարելավել ենթակառուցվածքները։ Մենք պարտավոր ենք յուրաքանչյուր այցելուի ներկայանալ խնամված ու հետաքրքիր տեսքով»,- մանրամասնել է Ա. Հայրապետյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Շուշի քաղաքի զարգացումն ապահովելու համար խթանելու են ներդրումները։ Նա վստահ է՝ հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցները կցանկանան նպաստել քաղաքի զարգացմանը։ Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչը կենսական նշանակություն ունի բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում։ Սոցիալական օգնությանը զուգահեռ անհրաժեշտ է մարդկանց ապահովել աշխատանքով, խթանել ձեռնարկատիրությունը՝ բոլորի համար արդար ու հավասար պայմաններ երաշխավորելով։ Համայնքի ուշադրության կենտրոնում պետք է լինեն նորաստեղծ ընտանիքները։

Ա. Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ գիտությունը, կրթությունն ու արվեստը եղել են Շուշիի այցեքարտը։ Համայնքապետարանի կարևոր խնդիրներից է լինելու կրթօջախների արդիականացումը, արվեստի ու արհեստների զարգացումը։ Շուշին պետք է դառնա ապագայի քաղաք՝ զարգացած ենթակառուցվածքներով, գրավիչ ու ժամանակակից տեսքով։

Խոսելով խնդիրների մասին քաղաքապետի թեկնածուն մասնավորապես նշել է. «Որպես այդպիսիք կնշեմ փողոցների բարեկարգման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման, զբաղվածության, Շուշիի ընդհանուր ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրները։ Ծայրամասերում հրատապ է նաև աղբահանության հարցը։ Աշխատանքներ պետք է տանենք պատմական հուշարձան հանդիսացող շինությունների ու նրանց մերձակա տարածքների բարեկարգման ուղղությամբ։ Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնվել են բազմաբնակարան շենքերի մուտքերի բարեկարգման խնդիրը ու քաղաքում ազատ ժամանցի համար նախատեսված վայրերի պակասը»։

Զրույցի վերջում Ա. Հայրապետյանն ասել է, որ ինքն ակնկալում է առողջ մրցակցություն և հուսով է` ընտրված թեկնածուները հետամուտ կլինեն իրենց ծրագրերի իրականացմանը։

Տեսանյութեր

Լրահոս