«Սա օդից փող է». Գագիկ Աղաջանյանը՝ բյուջեի մուտքերի 25% աճի մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օրերս հրապարակված իր հոդվածում նշել էր, որ հարկերի և պետական տուրքերի եկամուտների մասով այս տարվա կիսամյակում եղել է 65.5 մլրդ դրամ գերակատարում, իսկ մաքսատուրքերի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի մասով՝ թերակատարում՝ 2.4 մլրդ դրամ, արդյունքում՝ «զուտ հիմունքով»՝ 63.1 մլրդ դրամ գերակատարում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղատնային գործունեությամբ զբաղվողների հարկային պարտավորությունները «սահմանափակվում են» միայն պետական տուրք վճարելով (իսկ դրա չափը հաստատուն է թե՛ այս տարի, թե՛ նախորդ տարիներին), ակնհայտ է, որ ավտոմեքենաների ներմուծումից և պետական տուրքի գծով չէ, որ պայմանավորված է հարկային եկամուտների գերակատարումը»,- գրել էր նա։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, սակայն, կարծում է, որ բյուջեի հավելյալ մուտքերը հիմնականում ապահովվել են ներկրված ավտոմեքենաների հաշվին:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին 6 ամսում ներկրվել է 67.000 ավտոմեքենա, իսկ ըստ Դավիթ Անանյանի՝ երկրորդ կիսամյակում մեքենաների քանակն ավելանալու է երկրաչափական պրոգրեսիայով, և սպասվում է այդ թվի կրկնապատկում, նույնիսկ՝ եռապատկում:
Գ. Աղաջանյանի հաշվարկով՝ այդ ավտոմեքենաների միջին մաքսազերծման արժեքը 1300-1500 դոլարով հաշվարկելու դեպքում ստացվում է 100 միլիոն դոլար.
«Այդ գումարը մտել է ՀՀ բյուջե մեր ժողովրդի ձեռներեցության հաշվին, որ կարողանում է ԱՄՆ-ից ավտոմեքենաներ բերել, մաքսազերծել ու հետո վաճառել արտերկիր: Արդյունքում՝ քաղաքացիներից յուրաքանչյուրի ձեռքին ևս մի 1500 դոլար մնաց, ընդհանուր՝ մոտ 100 մլն դոլար: Հարց չի՞ առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ դոլարի գինն ընկավ Հայաստանում: Որովհետև լրացուցիչ արտարժույթ է մտել երկիր ու շարունակում է մտնել: Ու թվերը, իրոք, շատ մեծ են: Մարդիկ դոլարը բանկում փոխանակում են, դրամն արժևորվում է, և 480-ից դարձավ 470: Այդ 100 մլն դոլարը որևէ կերպ չէր նախատեսվել, որ կմտնի բյուջե, և նույնքան էլ՝ մարդկանց գրպանները, այնտեղից էլ՝ տնտեսություն: Դա բերեց ակտիվության: Ընդ որում՝ սա՝ դեռևս կես տարում»:
Գ. Աղաջանյանը հիշեցրեց «Լինսի» հիմնադրամի կողմից ճանապարհաշինարարության համար հատկացված 200 մլն դոլարը, թե այդ ժամանակ տնտեսական ինչ ակտիվություն սկսվեց.
«Հիմա մենք առաջին կիսամյակում արդեն 100 մլն ունենք, երկրորդ կիսամյակում կավելանա ևս 200 մլն: Հետևաբար՝ բյուջեն կստանա 300 մլն փող, այդքան էլ կմնա մարդկանց ձեռքին: Բայց դա պետք չէ կապել իշխանության, քաղաքականության հետ: Սա արդյունք է նրա, որ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ Հայաստանին բացառություններ տրվեցին: Մարդիկ ուշ գլխի ընկան, շուտ գլխի ընկնեին՝ կարելի էր ավելի շատ փող աշխատել»:
Գ.Աղաջանյանը նշեց, որ հաջորդ տարի այս գումարն այս ծավալով չի լինի, բայց կլինի զարգացում, որը կապահովվի այսօրվա տնտեսության պոտենցիալով. «Այսինքն՝ սա օդից փող է»: