«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի հաշվին են այդ ավելացումները». Արկադի Խաչատրյան
2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտների 25 տոկոսանոց աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր «աննախադեպ»: 168.am-ը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բիզնեսի համար ծանր բեռ է եղել այս հավելագրումը:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի հաշվին են այդ ավելացումները: Եթե դրանք ստվերի կրճատման հաշվին են, ապա՝ ո՞ր սեգմենտի ստվերի կրճատման, ինչպիսի՞ սուբյեկտներ են դրանք, լրացուցիչ ստվերային աշխատավարձերի՞, թե՞ ստվերային զբաղվածության բացահայտման, թե՞ առհասարակ թաքցված շրջանառությունների ու շահույթների հաշվին են»,- ասաց Ա.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ զգալի ավելացումներ կան պարզապես ավտոմեքենաների ներկրման ծավալների ավելացման արդյունքում, և այդտեղից էլ լրացուցիչ բավականաչափ մուտքեր կան:
Ա.Խաչատրյանը նշեց, որ ստվերի կրճատման արդյունքում այն գումարը, որ մնում էր գործարարների գրպանում, հիմա հայտնվում է երկրի բյուջեում. «Այս առումով իրենք պետք է տուժեն, բայց «տուժելը» հարաբերական է: Դա պարտականություն է, որ պետք է անել»:
Նրա կարծիքով՝ այդ 25%-ը տարվա արդյունքներով չի պահպանվի. «Համաձայն նոր հարկային օրենսգրքի՝ երբ ստուգման ակտերը գրվում են, դրանք անբողոքարկելի են դառնում 2 ամիս հետո, և նոր միայն դրանք ճանաչվում են պետական բյուջեի մուտքեր:
Այսինքն՝ տարվա վերջում այդպիսի մեծ տեմպեր կարող են չարձանագրվել, այդ ցուցանիշը կարող է նվազել: Բայց ընդհանուր առմամբ՝ տարին կարելի է դրական գնահատել այդ առումով»: