Արցախում նախագահի թեկնածուների վարկանիշը կտրուկ փոփոխվում է
Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական տարբեր շրջանակներից սկսել են հասարակական կարծիքի ուսումնասիրություն կազմակերպել՝ գնահատելու այս կամ այն թեկնածուի ուժերը: Արցախցիների փոխանցմամբ, տարբեր համայնքներում մարդիկ պարբերաբար հանդիպել են հարցախույզ իրականացնող խմբերի: Փորձեցինք ծանոթանալ նախնական գնահատումների արդյունքներին, պարզել նաև, թե հատկապես ում նախաձեռնությամբ և որ կազմակերպությունն է հարցումներ իրականացրել:
Սամվել Բաբայանի հեռախոսն անջատված էր, նրա գրասենյակի հետ կապ հաստատել ևս չհաջողվեց: Այս պահի դրությամբ հայտնի մյուս թեկնածուներից որևէ մեկը 168.am–ի հետ զրույցում չխոստավանեց իր առնչությունը վարկանիշի հետազոտության գործընթացին:
Թեկնածուներից մեկի գրասենյակից որոշակի տեղեկատվություն փոխանցեցին այն մասին, որ հարցումներն արդեն երկու փուլով են անցկացվել և առաջին վարկանիշի ուսումնասիրությունն իրականացվել է ապրիլ ամսին, ընդ որում՝ աղբյուրի պնդմամբ՝ ամփոփվել են բավականին ուշագրավ արդյունքներ:
«Դրանք ներքին օգտագործման նպատակով արված հարցումներ են, հետևապես՝ հրապարակայնացնելու ենթակա չեն, բայց ցուցանիշների մասով կտրուկ փոփոխություն է նկատվել, ինչը թվերով արտահայտված ասել չեմ կարող»,- նշում է աղբյուրը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:
Նրա խոսքով՝ դեռևս ամիսներ առաջ ի մի բերած արցախցիների կարծիքը խիստ դրական է արտահայտվել հատկապես Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի թեկնածության մասով: Որպես երկրի առաջնորդ՝ վարկանիշային ցուցակում ամենամեծ վստահությունն այս առաջնորդի նկատմամբ է եղել:
Հաջորդ առավելություն ունեցող թեկնածուն սյունակում ԼՂՀ նախկին վաչապետ, «Ազատ Հայրենիք« կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանն է:
ԼՂՀ պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որքան էլ զարմանալի թվա, աննշան տարբերությամբ է զիջում Արայիկ Հարությունյանին, իսկ վերջին տեղում, ըստ հարցումների արդյունքների՝ Աշոտ Ղուլյանն է:
Նկատենք, հարցումների այդ շրջանում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը դեռևս պաշտոնավարել է պետական կառավարման համակարգում՝ որպես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Ավելին՝ նույն այդ շրջանը համընկել է նաև Հայաստանի և Արցախի իշխանություների միջև առկա լարվածության, Հայաստանի իշխանությունների կողմից այս պաշտոնյայի և առհասարակ գեներալիտետի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մի քանի դրվագների հետ (հեռահար բանավեճ, ըստ մամուլի՝ հրաժարականի հակադրանք Փաշինյանի կողմից): Հիշեցնենք դրանցից մեկը ՝ Երևանում ոստիկանության կողմից Վիտալի Բալասանյանին ուղեկցած մեքենայի խուզարկության փորձը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց:
Եվ ուշագրավ է այն, որ բավականին հետաքրքիր դասավորություն են ստացել նույն ընկերության՝ դրանից երկու ամիս անց՝ հուլիս ամսին կատարված հարցումների արդյունքները:
Վերջին ուսումնասիրությունների տվյալներով՝ արցախցի նախագահացուների ցանկը գլխավորել է Արայիկ Հարությունյանը, ընդ որում՝ երկրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել է Աշոտ Ղուլյանը, իսկ ահա նախկինում առաջատար դիրքեր զբաղեցրած Վիտալի Բալասանյանը՝ Աշոտ Ղուլյանի վարկանիշի չնչին տարբերությամբ զբաղեցրել է երրորդ տեղը: Մեր տեղեկություններով՝ էականորեն զիջել է դիրքերը ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Ստացվում է՝ անգամ 21.000-անոց ստորագրահավաքի ֆոնին այս թեկնածուն արձանագրել է վարկանիշի տխուր ցուցանիշ:
Պետք է ընդգծել, որ այդ երկու հարցումներում Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անունը ներառված չի եղել թեկնածուների ցանկում: Հիշեցնենք, արտաքին գերատեսչության ղեկավարն իր հնարավոր առաջադրման մասին վերջերս է ակնարկել:
Ներկուլիսային քննարկումներում չեն բացառում վարկածը, որ նախընտրականի ինչ-որ փուլում Վիտալի Բալասանյանն ու Մասիս Մայիլյանը կմիավորվեն և Արցախի նախագահական ընտրություններին հանդես կգան միասնական թեկնածուով:
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված Արայիկ Հարությունյանի վարկանիշի փոփոխությունը, մանավանդ, որ Սամվել Բաբայանի հետ ակտիվ բանակցություններ է սկսել, մյուս կողմից՝ չեն դադարում Արցախի գեներալիտետի հանդեպ ակնհայտ ճնշումները Երևանի կողմից, իսկ Արայիկ Հարությունյանը դիտարկվում է Հայաստանի գործող իշխանության համար նախընտրելի թեկնածու, պատասխանը ոչ միանշանակ էր:
Հետևությունը մեկն է՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան հանդիպումները տեղի են ունեցել հուլիսին և գուցե շատ ավելի վաղ, մինչդեռ դրանց մասին տեղեկատվությունը՝ լուսանկարներով, հաստատող մեկնաբանություններով, հրապարակային դաշտ նետվեց օգոստոս ամսին:
Այսինքն՝ այս ամենի ռեզոնանսը հանրային ընկալումներում դեռ հետո կարտահայտվի, իսկ լավ, թե վատ՝ ցույց կտա ժամանակը:
Իսկ մյուս էական գործոնը, որ հետագայում դարձյալ հետագիծ կթողնի, թերևս, պայմանավորված է «Մարտի 1»-ի գործով քննության զարգացումներով:
Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ ՀՀ իշխանությունների կողմից գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու քաղաքական որոշում է կայացվել: Իսկ եթե այն իրականություն դառնա, բնական է, որ սպասվող իրադարձությունների ֆոնին կտրուկ իրավիճակ կփոխվի՝ ինչպես ներքաղաքական դաշտում, այնպես էլ՝ հանրային տրամադրություններում, և հետևաբար՝ թեկնածուների վարկանիշային աղյուսակում:
Ընդ որում՝ չի բացառվում, որ գեներալիտետի թիրախավորումը լրիվ հակառակ ռեզոնանսը տա, արցախցին, ի վերջո, ժամանակին իր պաշտպանությունը գտել է նրանց պայքարի ետևում:
Հիշեցնենք, որ «BBC» բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների՝ 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը:
Իսկ Օգանովսկին բրիտանական գործակալության հրապարակումն անհեթեթություն էր համարել՝ նշելով, որ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման ինքը չի տվել։
Սյուզի Բադոյան