«Այլասերման տարածումը չի կարող վտանգավոր չլինել». ՎԵՏՕ-ն մոտոերթ է իրականացնում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները՝ Նարեկ Մալյանի ղեկավարությամբ, այսօր մոտոերթ են անցկացնում և տարբեր օրերի կլինեն ՀՀ 11 քաղաքաներում, որպեսզի բնակչությանն իրազեկեն Ստամբուլյան կոնվենցիայի բացասական կողմերի մասին։
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Մալյանը նշեց, որ ամիսներ առաջ ընկերների հետ միասին հիմադրել են «Սև ագռավ» մոտոակումբը, որի մասնակիցների միջոցով էլ իրականացնում են մոտոերթը։
«Այսօրվա ակցիան Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ է, չնայած մեր մոտոակումբի հետաքրքրությունների շրջանակներից քաղաքական բաղադրիչը դուրս է, սակայն Ստամբուլյան կոնվենցիայի մեջ մենք տեսել ենք լուրջ ստորջրյա խութեր, որոնք հետագայում մեծ խնդիրներ կարող են առաջացնել։
Մենք տեսանք, որ կոնվենցիայի վավերացման նախապատրաստական աշխատանքներ էին տանում հասարակության շրջանում, այնպիսի լուրեր էին տարածում, թե իբրև հայ տղամարդիկ առիթ փնտրում, հայ կանանց բռնաբարելու համար, սա իրականության հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Նարեկ Մալյանը։
Նա տեղեկացրեց, որ «Հաղթանակ» զբոսայգու մոտից մոտոերթը կշրջի Երևանում, այնուհետև կլինի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Դիլիջան, Վանաձոր քաղաքներում, այսօր կգիշերեն վրաններում, իսկ վաղը կմեկնեն Սպիտակ, Գյումրի, Թալին, Աշտարակ քաղաքաները, որից հետո կվերադառնան Երևան և մոտոերթը կեզրափակեն ռոք համերգով։
Ըստ Նարեկ Մալյանի, մոտոերթին միացել են նաև այնպիսի մարդիկ, որոնք մոտոցիկլետ չունեն, սակայն երթին կմասնակցեն ավտոմեքենաներով։
Մոտոակումբի ղեկավար, դերասան Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ իրենց նպատակն է, որպեսզի բնակչությանն իրազեկեն, թե ինչու Ստամբուլյան կոնվենցիյն չի կարող Հայաստանում վավերացվել, քանի որ անհամատեղելի է ազգային արժեքների և ընտանիքի գաղափարի հետ։
«Ստամբուլյան կոնվենցիան մեզ հետ կապ չունի, սա իրազեկման ակցիա է։ Կարծում եմ՝ մարդկանց մեծամասնությունն ուղղակի տեղյակ չէ մեր ակցիայի մասին, թե չէ այսօր մի քանի հազար մարդ կլիներ այստեղ։ Այլասերման տարածումը չի կարող վտանգավոր չլինել»,- ասաց դերասանը։
Զվարթ Խաչատրյան