«Երկրի երկու ամենահզոր ընտրովի մարդիկ մեզ խնդրի լուծման փոխարեն՝ բացատրում են, թե խնդիրն ինչո՞ւ կա». Դավիթ Խաժակյան
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը հեռարձակվում էր վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերով։
Հանդիպման թեման աղբահանության խնդիրն էր, միակ թիրախը՝ «ՍանիՏեքը»։ Այդպես էլ մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը որևէ դրվագով չընդունեց իր մեղքն աղբահանության այսօրվա աղետալի վիճակի համար, ընդհակառակը, նույնիսկ գովեց իրեն՝ մի քանի անգամ կրկնելով, որ, փաստորեն, ըստ էության համայնքապատկան երկրորդ օպերատոր ներգրավելով՝ կարողանում է կատարյալ իրականացնել Դավիթաշեն վարչական շրջանի աղբահանությունը։
Վարչապետն էլ իր հերթին՝ քաղաքապետին հարց չտվեց այն մասին, թե այդ ինչպե՞ս է, որ նախորդ իշխանությունների օրոք 5.6 միլիարդ դրամ բյուջեով իրականացվում էր քաղաքում քիչ թե շատ տանելի աղբահանություն, իսկ այսօր եղած 7.6 միլիարդով ու դրան ավելացրած նաև օգոստոսի 9-ին հրավիրած ավագանու նիստով հավելյալ դուրս գրված և հատկացված 1.7 միլիարդ դրամով, այսինքն՝ նախորդ բյուջեից շուրջ 4 միլիարդ դրամ ավելի գումարով, քաղաքն իսկական աղբանոցի է վերածվել։
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, մեկնաբանելով վարչապետի ու քաղաքապետի աշխատանքային հանդիպումը, ասաց, որ օրեր առաջ Էդմոն Մարուքյանի հետ իրենց ֆեյսբուքյան զրույցում կրկին անգամ պնդեցին, որ քաղաքային խնդիրների լուծման պատասխանատուն այլևս Նիկոլ Փաշինյանն է, քանի որ քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել են հանուն իր ներկայացրած օրակարգի, և ոչ՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի օգտին։
«Այս առումով ես դրական եմ համարում վարչապետի միջամտությունը, որ վերջապես ականջալուր եղավ և քննարկման առարկա դարձրեց այն խնդիրները, որոնք ամիսներ շարունակ չեն լուծվում։
Բայց գիտե՞ք, թե՛ քաղաքացիները, թե՛ մենք խնդիրների գոյության բացատրություն չենք պահանջում, այլ ակնկալում ենք լուծումներ։ Ինքս՝ որպես ավագանու անդամ, բազմիցս ներկայացրել եմ խնդրի էությունը։ Ստացվում է, որ Հայաստանի երկու ամենամեծ ընտրովի պաշտոն զբաղեցնող անձինք բավականաչափ պաշտոնավարելուց հետո մեզ դեռ բացատրում են, թե ինչումն է խնդիրը, և, որ մինչև հոկտեմբեր ամիսը դրա վերջնական կարգավորմանը պետք չէ սպասել»,- նշեց Դավիթ Խաժակյանը։
Այն հարցին, թե այդ հանդիպման մեջ ինքը որևէ կառուցողական պահ տեսա՞վ, արդյո՞ք նկատելի էին խնդրի լուծման ուղիները, դրանք առաջարկվեցի՞ն արդյոք երկու բարձր պաշտոնյաների կողմից, Երևանի ավագանու անդամը պատասխանեց, որ նման բան ինքը չտեսավ, և ընդհակառակը, երկու ամենահզոր ընտրովի մարդիկ մեզ խնդրի լուծման փոխարեն՝ բացատրում են, թե խնդիրն ինչի կա։
«Քաղաքապետն ասում է, որ մենք չենք լուծում պայմանագիրը, քանի որ այն ծառայությունը, որը դեռևս մատուցում է «ՍանիՏեքը», անհրաժեշտություն է, և պնդում է, որ պայմանագրի լուծման այլ հիմքեր չկան։ Նախ՝ մենք պարբերաբար ասել ենք, որ պետք է լուծել սկզբում մեկ պայմանագիրը, որպեսզի «ՍանիՏեքն» իր ունեցած բոլոր հզորությունները կենտրոնացնի քաղաքի մի կեսի վրա։ Բայց այդուհանդերձ, ես խիստ կասկածում եմ, որ նույնիսկ տարեվերջին քաղաքապետը կխզի երկու պայմանագրերն էլ, և այս իմաստով կարծում եմ, որ խնդիրը մասնակի է ներկայացվում։ Մնացյալ գործընթացները, որոնք տեղի էին ունեցել հունվար ամսից սկսած, քաղաքապետը ներկայացրեց աղճատված կերպով՝ տպավորություն ստեղծելով, թե առաջացած բոլոր խնդիրներն անխուսափելի էին»,- նկատեց Դավիթ Խաժակյանը։
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է, ըստ իրեն, խնդիրը մասնակի ներկայացվում, Երևանի ավագանու անդամը պատասխանեց, թե կարծում է՝ փորձ է արվում մի կողմից՝ մեղավորությունն ամբողջությամբ բարդել մասնավորի վրա, մյուս կողմից՝ նրան շատ նեղություն չտալ։
«Այն բանից հետո, երբ «ՍանիՏեքը» դատական հայց ներկայացրեց քաղաքապետարանի դեմ, վերջիններս երկու մանր տուգանքից հետո դադարեցրին այդ գործընթացը և աշխատանքի կիսով չափ կատարման դիմաց շարունակում են գումարը վճարել ամբողջությամբ։ Սա, իհարկե, խնդրահարույց է»,- հավելեց Դավիթ Խաժակյանը։
Հարցին, թե այն դեպքում, երբ, ինչպես քաղաքապետն է նշում, «ՍանիՏեքն» իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում, ինչո՞ւ չեն ուզում «շատ նեղացնել» վերջինիս, Դավիթ Խաժակյանը պատասխանեց.
«Չգիտեմ: Հուսանք՝ մյուս զրույցում վարչապետն այդ հարցն էլ կտա»։