Մեղրու տարածաշրջանում անտառային հրդեհի հետևանքով այրվել է 12 հա բուսածածկ տարածք
Մեղրու տարածաշրջանում օգոստոսի 11-ին անտառային տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 09:46-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից:
Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Աշխատանքներում ներգրավել է թրթուրավոր տեխնիկա: