Բաժիններ՝

«Ներդրում անելու համար պետք է լինի ստաբիլություն. Երևանի քաղաքապետարանի աշխատանքներում մենք ստաբիլություն չենք տեսնում». Միքայել Մանրիկյան

Երևանում իրականացվող աղբահանության վերաբերյալ քննարկման ժամանակ, անդրադառնալով «ՍանիՏեք» ընկերության հրավիրած վերջին ասուլիսին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն այն որակեցին՝ «ասուլիս՝ ոչնչի մասին» և «ջուրծեծոցի»:

Կոնկրետ լուծումներ, ըստ բանախոսների, չհնչեցին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աղբահանության խնդրի վերաբերյալ պատասխան-հարցազրույցում:

«Այդ հիմնարկը, որը ստեղծեց քաղաքապետը, Երևանի աղբին լուծում չի տալու: Ես վստահաբար եմ ասում, թող սխալվեմ, բայց այս մեքենաներով, թեկուզ դրանք հասնեն 50-ի, մենք չենք լուծելու աղբի խնդիրը:

Շատ շտապ պետք է «ՍանիՏեք» ընկերության հետ պայմանագրերից մեկը լուծարել և  հայտարարել մրցույթ, ներգրավել միջազգային ավելի բարեխիղճ, նորմալ աղբահանություն իրականացնող կազմակերպություն: Հիմա մեզ պետք է նոր միջազգային օպերատոր, որպեսզի կարողանանք հարցին լուծում տալ:

Կարդացեք նաև

Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ քաղաքապետարանը աղմուկ բարձրացրեց, թե իբր  հայտնաբերել են Տարոն Մարգարյանի ավտոբուսները պարկում, որոնք չեն գործում. այդ հենց անվտանգության բարձիկն էր քաղաքի տրանսպորտի, որը նախկին քաղաքային իշխանությունն ուներ: Տրանսպորտի առումով ուներ, բայց աղբահանության համար չուներ, ապրեք, դուք ստեղծեցիք, հիմա մեզ պետք է նոր միջազգային օպերատոր, որպեսզի կարողանանք հարցին լուծում տալ»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Սակայն նոր ներդրողի հարցում վստահ չէ Մ. Մանրիկյանը: Նա ընդգծեց, որ ներդրում անելու համար պետք է լինի ստաբիլություն. «Ցավոք, Երևանի քաղաքապետարանի գործադիր մարմնի աշխատանքներում մենք ստաբիլություն չենք տեսնում»:

«Ինչո՞ւ քաղաքապետարանը «ՍանիՏեքի» հարցով չի դիմում դատարան» հարցին ի պատասխան՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց.

«Կարծում եմ՝ վստահ չի, որ կհաղթի, այն կետերը, որոնք բարձրաձայնում եմ, որ կան ինչ-որ մութ անկյուններ երկուստեք բանակցությունների ընթացքում, մտահոգություն է քաղաքապետարանին, որ նա չի հաղթի»:

Նա ասաց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից գրավոր է պահանջել 6 ամիսների նամակագրությունը, սակայն քաղաքապետարանը միայն վերջին  2-3 ամսվա նամակագրությունն է տրամադրել, որտեղ, ըստ էության, ոչինչ չկա: Մ. Մանրիկյանն ընդգծեց, որ այդ բանակցությունները պետք է հանրայնացնել:

168.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերվում ՊԵԿ-ի կողմից «ՍանիՏեք» ընկերության դեմ հարուցված և չբարձրաձայնված քրեական գործին՝ Անի Խաչատրյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ ակնկալում են ՊԵԿ-ի արձագանքը, իսկ Միքայել Մանրիկյանը նշեց, որ տարակուսանք է ապրում ՊԵԿ-ի քաղաքականությունից, քանի որ գործը հարուցվել է փետրվարին, բայց այդ մասին չի բարձրաձայնվել:

Զարուհի Դիլանյան  

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս