Բաժիններ՝

«Կառավարությունը փորձում է ներդրումային փաթեթ պատրաստել «Նաիրիտի» համար, որպեսզի հասկանա՝ հետաքրքրված ներդրողներ իրականում կա՞ն, թե՞ ոչ»

Իշխանափոխությունից հետո «Նաիրիտ» գործարանի վերագործարկման նոր հույս էր առաջացել: Գործարանի նախկին թալանի հետ փոխկապակցվող անձանց բացակայությունը ՀՀ իշխանությունների վերին էշելոնում «Նաիրիտի» ճակատագրով մտահոգ քաղաքացիներին թույլ տվեց մտածել, որ նախկին խոչընդոտները վերացել են, և այժմ թե՛ չարաշահումները կբացահայտվեն, թե՛ գործուն քայլեր կիրականացվեն քիմիական հսկային վերակենդանացնելու համար: Առավել ևս նոր իշխանությունները պետք է որ գիտակցեին, որ տնտեսության այս լոկոմոտիվի աշխատանքը տնտեսական հեղափոխության հզոր խթաններից մեկը կարող է դառնալ:

Քննչական կոմիտեում դեռևս 2017թ. «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում սկսվել է ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննություն: Սակայն դեռևս որևէ նորություն չկա:

168.am-ը ՔԿ-ին հարցում է ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ ընթացքում է քրգործը, արդյո՞ք կան մեղադրյալներ: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:

Մայիսի 8-ին կայացած ամփոփիչ ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ անդրադարձավ «Նաիրիտի» ճակատագրին:

Նա հայտարարեց, որ Ներդրումների նախարարությունը մի շարք հանդիպումներ, քննարկումներ է ունեցել այս հարցով:

«Ես ասել եմ, որ, երբ կտեսնեք, որ կա ինչ-որ լուրջ իրականանալի ծրագիր, ինձ տեղյակ պահեք, որպեսզի մենք այդ ծրագրով զբաղվենք: Առայժմ ինձ տեղյակ չեն պահել»,- ասաց վարչապետը:

Պոտենցիալ ներդրողների մասին այսօր էլ խոսք չկա:

Էկոնոմիկայի նախարարությունից (նախկինում՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) մեզ հայտնեցին, որ մայիսից հետո որևէ շարժ չկա «Նաիրիտի» հարցով:

Հայաստանի կառավարությունը, ըստ էության, մերժել է EU-ASIA Business Finance Centre միջազգային հոլդինգին, որի նախագահ Աշոտ Գրիգորյանն արդեն տարիներ շարունակ փորձում է ստանալ «Նաիրիտը» վերագործարկելու իրավունք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Աշոտ Գրիգորյանին անվանել է «չստացված ավանտյուրիստ», որը չունի ֆինանսական միջոցներ և չի կարող անհրաժեշտ ներդրումները կատարել «Նաիրիտում»։

ՀՀ կառավարությունը հոլդինգից պահանջել է բանկային տեղեկանք՝ պահանջվող գումարի առկայության մասին, ինչը, սակայն, հոլդինգը չի ներկայացրել:

Միակ ուրախալի լուրը «Նաիրիտի» հարցում, թերևս, սնանկության գործընթացի կասեցումն է՝ գործարանի մաս-մաս աճուրդով վաճառքը դադարեցվել է, որոշվել է այն ամբողջությամբ վաճառքի հանել:

Այժմ կրկին ներդրողների ակտիվ փնտրտուք է ընթանում, առնվազն՝ գործարանի համակարգող խմբի կողմից: Սակայն նաիրիտցիները նշում են, որ կառավարությունը որևէ քայլ չի անում, և եթե մերժում են հոլդինգին, պարզ չէ, թե կոնկրետ ինչ է առաջարկվում այլ ներդրողներին, ինչ պայմաններով է գործարանը վաճառվում:

Ավելին՝ նաիրիտցիները պնդում են, որ Հայաստանում 100 % պետական բաժնեմասով «Նաիրիտն» աշխատեցնելու փոխարեն՝ ՀՀ կառավարության անդամները շահագրգիռ են «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության զարգացման հարցում, որի 40 % բաժնեմասն է պատկանում ՀՀ-ին:

«Շանսի-Նաիրիտը» հիմնվել է 2004թ., արտադրանք սկսել է տալ 2010 թվականից: Մի քանի տարի առաջ ՀՀ նախորդ կառավարությունը հայտարարել է, թե ուր որ է՝ մեր պետությունը շահույթ է ստանալու հայ-չինական գործարանից, բայց մինչ օրս անգամ մի լումա ՀՀ բյուջե մուտք չի եղել։

Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ կառավարությունը փորձում է ներդրումային փաթեթ պատրաստել «Նաիրիտի» համար, որպեսզի հասկանա՝ հետաքրքրված ներդրողներ իրականում կա՞ն, թե՞ ոչ: Ըստ նրա՝ որևէ կազմակերպության հետ այս պահին բանակցություններ չկան:

Վ.Սիսեռյանի խոսքով՝ ավելի լավ է ունենալ նեդրումային փաթեթը, պայմանները, որից հետո ներդրողների հետ աշխատանքը հնարավոր կլինի ճիշտ կառուցել. «Ճիշտը դա է, անիմաստ է թղթեր ստորագրել, կամ պայմանների մասին խոսել, երբ չունես հստակ առաջարկ: Պետք է լինի մեկ փաթեթ, որը նույն պայմաններով առաջարկվի տարբեր կողմերին: Ինչո՞ւ պետք է մեկի հետ մի ձևով խոսել, մյուսի հետ՝ մեկ այլ ձևով: Մենք պետք է բոլորին նույն պայմաններով փաթեթ ներկայացնենք, ով կհետաքրքրվի, կնստենք, կխոսենք»:

Դիտարկմանը, որ նախկինում կազմվել էին ներդրումային փաթեթներ, Վ.Սիսեռյանը պատասխանեց, որ իրենք օգտվում են այդ փաթեթներից, տարբերակները թարմացնում են և ամբողջական նոր փաթեթ են կազմում: Թե ե՞րբ կավարտվի այդ աշխատանքը, պարզ չէ:

Անդրադառնալով «Շանսի-Նաիրիտին»՝ Վ.Սիսեռյանը, ով նաև հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ է, հերքեց, որ ՀՀ կառավարությունն ուշադրությունը կենտրոնացրել է «Շանսի-Նաիրիտի» վրա և անտեսում է հայաստանյան գործարանը.

«Մեր ուշադրությունը ոչ մի բանի վրա կենտրոնացած չի, այդ գործարանն էլ մենք չենք բացել, մենք ընդամենը շարունակում ենք նախկինների ստորագրած պայմանագրի կատարումը: Այդ գործարանով իրականում ոչ ոք լավ չի զբաղվել, պարտքերի մեջ է ընկել, մենք փորձում ենք շտկել և լավ իրավիճակի բերել: Ես ո՛չ մեղադրում եմ նախկիններին, ո՛չ արդարացնում եմ, փորձ է եղել, մեկը մյուսի հետ կապ չունի: Դա ճիշտ չէ: Մենք ունենք պարտավորություններ, որոնցով էլ շարժվում ենք «Շանսի-Նաիրիտի» հետ կապված, որևէ նոր նախաձեռնություն չկա: Պարզապես փորձում ենք ավելի լավ պայմաններ ստեղծել, որ ինչ-որ կերպ կարողանանք օգտվել այդ գործարանից: Այն բավականին մեծ պարտք է կուտակել, և Հայաստանն իր չափով պատասխանատու է: Լուծումներ ենք փնտրում, պետք է փորձենք մինուսը պլյուսի գնալ: Անցած տարի առաջին տարին էր, որ փակվել է 7-8 մլն դոլար պլյուսով, բայց այս տարի մինուս է գնում նորից, որովհետև արտադրական կարողությունները նվազել են: Փորձում ենք այնպես անել, որ պլյուս փակենք»:

Վ.Սիսեռյանը վստահեցրեց, որ Հայաստանի «Նաիրիտի» մասով էլ կառավարությունն ինտենսիվ աշխատում է. «Երբ փաթեթը պատրաստ կլինի, կփորձենք ներդրողներ գտնել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս