Տնտեսական ակտիվության աճը նահանջել է՝ հեղափոխական տեմպերով առաջ գնալու փոխարեն. Ի՞նչն է խանգարում տնտեսությանը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կեսի տնտեսական ցուցանիշները։ Դրանց համաձայն` տնտեսությունը գտնվում է բարձր ակտիվության մեջ։ Բայց դա այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր, ասենք, մեկ ամիս առաջ։

Առաջին կիսամյակի օպերատիվ տվյալները վկայում են, որ հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը նվազել է։ Եթե տարեսկզբի առաջին հինգ ամիսներին այն հասնում էր 7,3 տոկոսի, ապա արդեն վեց ամիսների արդյունքներով իջել է 6,5 տոկոսի։ Այսինքն` միանգամից նահանջել է 0,8 կետով։

Հետընթացը մե՞ծ է, թե՞ փոքր, թող որոշի կառավարությունը։ Ուղղակի հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի ոչ վաղ անցյալում արված մի հայտարարություն` «Բոլոր ազդակները կան` ասելու, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ լավ ազդակի մեջ»։ Եթե լավ ազդակներն այսպես են արտահայտվում, ապա այլ բան դժվար է ասել։

Փաստն այն է, որ Հայաստանի տնտեսության աճը շարունակում է խարսխված մնալ առաջին հերթին՝ ծառայությունների վրա։ Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, առաջնայինը շահումով խաղերն են։ Ծառայությունների այս հատվածն այնքան է առաջ գնացել, որ նույնիսկ անցել է ֆինանսականին։ Ոչինչ որ շահումով խաղերի ոլորտում գրեթե հավելյալ արդյունք չի ստեղծվում։ Ու բնավ զարմանալի չէ, որ տնտեսական ակտիվության աճերը հասարակությունը հիմնականում չի զգում։

Հավելյալ արդյունքի ստեղծման գործում կարևոր դեր ունի տնտեսության իրական հատվածը։ Ցավոք, այստեղ զարգացումները ծառայությունների ոլորտի նման հեղափոխական չեն։ Նույնիսկ հակահեղափոխական են։

Այնպես, ինչպես, ասենք` գյուղատնտեսությունը, որը շարունակում է ազատ անկումը։ Ու դա տեղի է ունենում այն պարագայում, երբ կառավարությունը տնտեսության այս ճյուղը հայտարարել է գերակա։ Գերակա ճյուղում առաջին կիսամյակում արտադրության ծավալները 7,4 տոկոսով նվազել են։

Անկման տեմպն առաջին եռամսյակի համեմատ նույնիսկ խորացել է։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից գյուղոլորտի ցուցանիշները ներկայացվում են ոչ թե ամսական, այլ եռամսյակային կտրվածքով։ Իսկ առաջին եռամսյակում գյուղատնտեսության անկումը այնքան էլ մեծ չէր` 0,2 տոկոս։

Իրավիճակը հուսադրող չէ շինարարության մեջ։ Թեև, ի տարբերություն գյուղատնտեսության, այստեղ աճ կա, բայց տեմպը գնալով նահանջում է։ Եթե հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունեցել տարեսկզբի համեմատ, ապա կարելի է ասել, որ շինարարության աճի տեմպը պարզապես գահավիժել է։

Կիսամյակի արդյունքներով այն կազմել է ընդամենը 4,7 տոկոս։ Մինչդեռ հունվար-փետրվարին անցնում էր 20 տոկոսից։ Թերևս, դա էլ ժամանակին հիմք տվեց Նիկոլ Փաշինյանին հերթական հեղափոխական հայտարարությունն անել` «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել շինարարության ոլորտում: Ե՛վ հունվարին, և՛ փետրվարին շինարարության ոլորտում ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։ Մյուս կողմից՝ լրջագույն աճ է նկատվում հիպոթեքային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, հիպոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին, նախորդ տարվա փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոսով: Հիպոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով` 70 մլրդ դրամ: Այս ցուցանիշները մեզ թույլ են տալիս ասել, որ Հայաստանը, ըստ էության, կանգնած է շինարարական բումի նախաշեմին»։

Եվ ո՞ւր է այդ բումը։ Վարչապետի հայտարարությունից շատ չանցած շինարարության աճը կտրուկ կրճատվեց. մարտին այն կազմեց ընդամենը՝ 0,5, ապրիլին` 1,8, մայիսին` 2 տոկոս։ Հունիսը ևս հաջող չի դասավորվել շինարարության համար` արձանագրվել է հազիվ 0,6 տոկոս աճ։

Այս տեմպերով գնալու դեպքում, կասկած չկա, որ տարեվերջին ոլորտում աճը կմոտենա զրոյի։ Առայժմ այն մեծ արագությամբ հետ է գնում. հինգ ամսվա տվյալներով տնտեսության այդ ճյուղի զարգացումները հասնում էին 6,1 տոկոսի, արդեն վեց ամսվա ցուցանիշը 4,7 տոկոս է։

Տարվա առաջին կեսի կտրվածքով պաշտոնական վիճակագրությունը գրանցել է արդյունաբերության 6,9 տոկոս աճ։ Վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ տարեսկզբին տնտեսության այդ ճյուղում անկումային իրավիճակ էր։

Այլ հարց է, թե ինչի՞ հաշվին է արդյունաբերությունը, հատկապես՝ վերջին երկու ամիսներին, բարձր աճ արձանագրում։ Ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ արդյունաբերության մեջ ներդրումները շատ չեն, կրճատվել է նաև բանկային կապիտալը։ Ու այդ պայմաններում, հրապարակված վիճակագրական ցուցանիշներից տպավորություն է ստեղծվում, որ տնտեսության այս ճյուղում բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Որտե՞ղ և ինչի՞ հաշվին են այդ զարգացումները, դժվար է ասել։

Փաստն այն է, որ արդյունաբերության ակտիվությունը ոչ մի կերպ չի երևում արտահանման ցուցանիշներում։ Չնայած  արձանագրված 6,5 տոկոս տնտեսական ակտիվությանը և արդյունաբերության 6,9 տոկոս աճին, այնուհանդերձ արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումները տարվա առաջին կեսին նվազել են։ Նախորդ տարվա համեմատ՝ 0,5 տոկոսով պակաս արտահանում է արվել։

Անկում է գրանցվել նաև էներգետիկայում։ Արտադրության ծավալները 5,5 տոկոսով նվազել են։

Ինչքան էլ տարօրինակ է, հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի Թեհրանում արած հայտարարություններից հետո էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան բավական կտրուկ պակասել է։ Հիմնականում դրա հետևանք է նաև ոլորտի արտադրության ծավալների կրճատումը։

Առաջին կիսամյակի տնտեսական գործընթացները միջին աշխատավարձի վրա ունեցել են 5,6 տոկոս աճի ազդեցությունը։ Բայց դա առավել բարձր է արտահայտվել պետական հատվածում։ Տարեսկզբի վեց ամիսներին այստեղ միջին աշխատավարձն ավելացել է 6,4 տոկոսով։ Պետք է ենթադրել, որ դրա վրա էական ազդեցություն են ունեցել հատկապես պարգևատրումները։

Մասնավորում կամ տնտեսության հատվածում աշխատավարձի աճի տեմպն անհամեմատ ցածր է` ընդամենը 3,9 տոկոս։ Մի բան, ինչը ոչ պակաս կարևոր ցուցանիշ է տնտեսության վիճակի գնահատման համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս