«Այո, ես դժգոհ եմ». Դավիթ Անանյան
Պետությունը չի սուբսիդավորելու բիզնեսի կողմից ներկրված ՀԴՄ սարքավորումների համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ տնտեսվարողը գնա, բերի, 120 հազարով վաճառի, պետությունը սուբսիդավորի՞ դրա մի մասը: Ո՛չ, պետությունը կարող է միայն ունենալ մի խմբաքանակ, որքան պարտականություն ունի անվճար տրամադրելու սահմանամերձ գոտիներում գործունեություն իրականացնողներին: Մենք այդքան ենք գնելու միայն»,- ասաց Դ.Անանյանը:
Դիտարկմանը՝ դժգոհություն չի՞ լինի, որ նախկինները 60 հազար դրամով են գնել, Դ.Անանյանը նշեց, որ այդ ժամանակ պետությունը սուբսիդավորել է, իսկ բիզնեսի ներկրածը չի սուբսիդավորելու:
Հարցին՝ դուք դժգո՞հ եք ազատականացումից, Դ.Անանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Ես դժգոհ եմ ազատականացման գործընթացի ակտիվ մասնակիցների լռությունից և անգործությունից: Ես դրանից եմ դժգոհ, որովհետև ազատականացումը սկզբում եղել է մեղադրանքի շեշտադրումներով, որ ՊԵԿ-ը դարձրել է մենաշնորհ և այնտեղ գումարներ է աշխատում: Շատ լավ: Գումարներ չենք աշխատում, ուզում եք ազատականացնենք, ազատականացրեցինք: Եթե դուք խնդիր ունեիք ազատականացված բիզնես միջավայրում գործունեություն իրականացնելու, դուք արդեն պետք է իրականացրած լինեիք: Եվ շատ հեշտ է, երբ մարդու մոտ ինչ-որ բան չի ստացվում, նա կարող է հայտարարություն անել՝ մենք բերեցինք, ՊԵԿ-ը խոչընդոտեց:
Եթե ինչ-որ մեկը կբերի փաստ, որ մենք խոչընդոտել ենք, ամենախիստ պատասխանատվության կենթարկվի ցանկացած պաշտոնյա՝ ինձանից սկսած մինչև խոչընդոտ ստեղծողը՝ ով ուզում է լինի, եթե կապացուցի, որ մենք ինչ-որ արհեստական խոչընդոտ ենք բան արել: Այո, ես դժգոհ եմ: Բայց ոչ թե դժգոհ եմ ազատականացումից, այլ ձեռնարկված ազատականացման շրջանակներում ձեռնարկված ակունքներում կանգնած մարդկանց անգործությունից: Եվ այս իրավիճակը, որ կա, սա կոլելտիվ ինչ-որ բան չանելու իրավիճակ է»: