Սասուն Միքայելյանի մանդատի հարցն օրակարգային կդառնա՞
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում այս օրերին ամենաակտուալ քննարկվող թեման Սասուն Միքայելյանն է դարձել, հատկապես՝ նրա բացակայելն Ազգային ժողովի նիստերից:
«Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախագահի նիստերին չներկայանալն իշխող ուժի ներսում համարում են որոշակի վերաբերմունք, ինչին, չեն բացառում, որ շուտով համարժեք պատասխան կտրվի: Իշխող ուժի ներսում կուսակցի հետ սրված հարաբերությունները նոր երանգներ են ստանում՝ հատկապես հայտնի քվեարկությանը նրա բոյկոտելուց հետո:
Հիշեցնենք, վարչապետի համար խիստ կարևոր քվեարկության ժամանակ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունը պիտի հաստատեին Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնում, Սասուն Միքայելյանը տոտալ իգնոր արեց թիմին և չներկայացավ ԱԺ՝ քվեարկության:
Այս քայլը շատերը համարեցին կուսակցության վարքագծին տրված պատասխան՝ առ այն, որ կուսակիցները թույլ չտվեցին Սասուն Միքայելյանին ընդգրկվել ՔՊ վարչության կազմում: Իսկ դա նշանակում է, որ Սասուն Միքայելյանն այլևս մեկն է բոլորից, նա «ներսի մարդ» չէ, հետևաբար՝ իրավիճակի տերը լինել չի կարող: Ասում են՝ նեղ միջավայրում մտերմիկ քննարկումների ժամանակ Սասուն Միքայելյանն այս ամենի մասով բավականին կոշտ է արձագանքել, ասել է՝ «Էդ մանդատով ես մարդ չեմ դառնում, թող դարձողները մտածեն, պետք լինի` կտանեմ կշպրտեմ իրանց, ես խնդիր չունեմ, 32 հազար ավել ձայն եմ բերել կուսակցության համար»: Սասուն Միքայելյանը համարում է, որ իր «ամագի» դիմաց ստացած ընդամենը մի մանդատ է եղել, ուրիշ ոչինչ, որը կարող է զիջել ցանկացած պահի:
Սակայն չմոռանանք, նույն Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանն արժևորեց այն աստիճան, որ նրա՝ չկշռադատված հայտարարությունների համար հակամարտության մեջ մտավ Արցախի իշխանությունների հետ, իր դեմ հանեց գեներալիտետի մի զգալի հատվածին և այսօր դրա ծանր ազդեցությունը զգում է ամեն քայլափոխի:
Ըստ ՔՊ-ականների ներքին խոսակցությունների՝ Սասուն Միքայելյանը մոռանում է, թե ինչպես Փաշինյանի բարի կամքով հասավ իր համար ամենաբաղձալի պաշտոնին, և այսօր ԵԿՄ-ում նա զբաղեցնում է «գեներալ Մանվելի» դիրքերը՝ դրանից բխող բոլոր վայելքներով:
Ի դեպ, Սասուն Միքայելյանի վայելքների մասով, ասում են, վերջերս զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, նրան բավականին ուշագրավ տեղեկություններ են փոխանցել հատկապես այն մասին, թե ինչպես է նա մտել արտահանողների ոլորտ, և թե ինչ ահռելի եկամուտ է ստացել մի քանի ամսում՝ նոր բացված բիզնեսից: Ավելին, 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործադիրի կազմից որոշ անդամներ վարչապետին հանգամանորեն ներկայացրել են այն բոլոր նրբերանգները, այդ թվում՝ Սասուն Միքայելյանի հուշարարների մասին, որոնց ջանքերով նա կարճ ժամանակում կարողացել է օրենքը շրջանցելով՝ մեծ եկամուտներ ստանալ:
Մի քանի օր է, փորձում ենք կապ հաստատել Սասուն Միքայելյանի հետ՝ մեր ունեցած տեղեկատվությունը ճշտելու նպատակով, սակայն ԵԿՄ նախագահն ամենաանհասանելի պատգամավորն է դարձել վերջին շրջանում:
Օրեր շարունակ, ընդ որում՝ ցանկացած ժամի, նրա հետ ոչ մի կերպ կապի դուրս գալ չհաջողվեց, նրա հեռախոսով մեզ պատասխանող տարբեր անձինք փոխանցում են, թե պարոն Միքայելյանը շատ ծանրաբեռնված է և հեռախոսով խոսելու րոպե անգամ ժամանակ չունի:
Սյուզի Բադոյան