Արցախում խժդժություններ են սպասվում. Բակո Սահակյանը դիրքավորվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում եւս մեկ նշանակում կլինի․ Քննչական կոմիտեի ղեկավար կնշանակվի Իգոր Գրիգորյանը, ով նախկինում եղել է ոստիկանության քննչական վարչության պետը, ոստիկանապետ։
Հիշեցնենք, որ երեկ Բակո Սահակյանի հրամանագրով Արշավիր Ղարամյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, իսկ մի քանի օր առաջ էլ Լեւոն Մնացականյանը՝ ոստիկանապետ։ Նշված երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են։
Օրերս նաեւ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը:
Այս նշանակումները ոմանք մեկնաբանում են նրանով, որ Արցախի իշխանությունները դիրքավորվում են, քանի որ լուրեր կան, որ վճռական պահին հնարավոր է ՀՀ իշխանություններն Արցախում խժդժություններ սկսեն, ուստի առանցքային պաշտոններում վստահելի մարդկանց են նշանակում։
Չի բացառվում, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի մերժումից հետո Սամվել Բաբայանն իր կողմնակիցներին հանի փողոց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: