
Կառավարությունը կքննարկի Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար սիմֆոնիկ նվագախմբին 5 մլն դրամ հատկացնելու հարցը

ՀՀ կառավարությունը կքննարկի Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի անցկացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես դրամաշնորհ 5 մլն դրամ գումար հատկացնելու հարցը:
Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում:
«Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման միջոցով կարժևորվի մեծ կոմպոզիտորի հոբելյանը և ստեղծագործական հարուստ գործունեությունը, ինչը և կնպաստի համաշխարհային մշակութային արդի գործընթացներում Հայաստանի դիրքորոշմանը՝ որպես մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող և խոշորածավալ մշակութային նախագծեր իրականացնող երկիր»,- նշված է որոշման տեքստում:
Նախատեսված գումարը կհատկացվի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: