«Տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, իսկ Հայաստանը դրանք չի նկատում՝ զբաղված է ԱԺ-ում տեղի ունեցող շոուներով». Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, իսկ Հայաստանը դրանք չի նկատում, քանի որ զբաղված է ԱԺ-ում տեղի ունեցող շոուներով և Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրմամբ։

Ըստ նրա՝ շատ լուրջ հայտարարություն տեղի ունեցավ նաև Արցախի հարցի շուրջ, երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է զորքերը դուրս բերելու և խաղաղապահներ տեղակայելու հարցը։

«Չնայած մերոնք պնդում են, որ բանակցություններ չեն ընթանում, որ ընդամենը պատմական ակնարկներ են անում, իրար հետ են ծանոթանում, բայց տվյալ դեպքում ինքս հակված եմ ավելի շատ հավատալու Մամեդյարովին, այսինքն՝ այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք՝ «Լավրովյան պլանի», փաստորեն, արդեն հայտարարվեց, որ այդ պլանն է այժմ քննարկվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղասի Ենոքյանը։

Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քաղաքագետը նկատեց՝ այդ դեպքերը որոշ չափով նման են Հայաստանում նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած իրադարձություններին, քանի որ Վրաստանում էլ հասարակությունը դժգոհ է իշխանություններից և այդ դժգոհությունների համար անհրաժեշտ էր մեկ կաթիլ։

Աղասի Ենոքյանի բնորոշմամբ՝ Վրաստանում տեղի ունեցող դեպքերի պատճառն անհեթեթություն էր, քանի որ ամեն ինչ սկիզբ էր առել նրանից, որ Ռուսաստանի պատվիրակության անդամ պատգամավորը ելույթ էր ունեցել Ուղղափառության համաժողովի ժամանակ։

«Մեծ հաշվով, սա պրովոկացիա էր։ Վրացիները դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, զարգացող ռուս-վրացական հարաբերություններից, քանի որ ցանկանում են ավելի կոշտ վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ, ուստի այդ ամենը հաշվի առնելով՝ մի շարք պահանջներ առաջ քաշեցին, որի արդյունքում հրաժարական ներկայացրեց խորհրդարանի նախագահը։ Պարզ է, որ Ռուսաստանն այս հնարավորությունն օգտագործում է և Վրաստանի նկատմամբ կիրառում պատժամիջոցներ։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանն է քայլեր իրականացնում, մենք տեսանք, որ փակեցին Լարսը, ականատես եղանք, որ հայերին տեղափոխող ավտոբուսը չթողեցին անցնել սահմանը։ Այս ամենը բերելու է Հայաստանի շատ լուրջ շրջափակման»,- շեշտեց Աղասի Ենոքյանը։

Նա նաև հավելեց, որ թե՛ Իրան-ԱՄՆ, թե՛ ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ օր առաջ Հայաստանի իշխանությունները հայտնեն իրենց դիրքորոշումը, որը չի վնասի այդ երկրների հետ ունեցած հարաբերություններին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս