«Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել». Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահի պնդումները հարցազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է հանրությանը ընդարձակ պարզաբանումներ տար, թե ինչպե՞ս է իր ընտանիքը դարձել միլիոնատեր եւ ինչպես է սա առնչվում հանրության նկատմամբ պարտավորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքի հետ:
«Ինչպե՞ս է իր որդու հաշվեհամարին 18 միլիոն դոլար հայտնվել՝ սկսած այն ժամանակներից, երբ Քոչարյանը զբաղեցնում էր ՀՀ ղեկավարի պաշտոնը: Այս հարցերին պարոն Քոչարյանը չի անդրադառնում եւ այս հարցով, կարծում եմ, ամենայն մանրամասնությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
Ինչ վերաբերվում է նրա արած մի շարք պնդումներին, պետք է հուսալ, որ պարոն Քոչարյանը նկատի չունի, որ արցախյան ազատամարտում ներդրում ունեցած մարդը կարող է կոռումպացված լինելու, սեփական քաղաքացիների վրա կրակելու, կամ նման հրաման տալու արտոնություն ունենալ:
Կարծում եմ նաեւ՝ պատմականորեն արձանագրված փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրված տարածքները ԼՂ անորոշ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին հանձնելու տարբերակը: Համենայնդեպս՝ ականատեսների մանրամասն վկայություններին ի պատասխան որեւէ համոզիչ հերքում չի հնչել:
Ինչ վերաբերվում է Արցախի նկատմամբ վարչապետ Փաշինյանի վերաբերմունքին, կարծում եմ սրա մասին ամփոփ պատկերացում է տալիս այն, որ Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում: Մի բան, որ Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել: