Բաժիններ՝

«Անտեղի վատնումները պրակտիկորեն վերացել են». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում` ներկայացնելով  2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, հայտարարեց, որ չի ներկայացնելու թվերը, այլ կտա միայն քաղաքական գնահատական, քանի որ ոլորտի բյուջեն իրենք չեն կազմել, այլ ժառանգել են։

Նրա խոսքով՝ նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահության ոլորտը, 2017 թվականի բյուջեի համեմատ 2018 թվականին նվազեցրել է ոլորտին տրվող գումարները։

«Ի տարբերություն նախորդի, 2019 թվականի բյուջեն աննախադեպ աճ է գրանցել առողջապահության մասով։ Էլ ավելի աննախադեպ աճ կլինի 2020 թվականի համար, ինչն արդեն ամրագրված է միջնաժամկետ տարեկան ծասերով։

Նախորդ Կառավարությունում բյուջեն հիմնական բաշխվում էր անձնական պայմանավորվածությունների հիման վրա և անհամաչափ։ Իմ առաջին քայլը եղավ այդ ակնհայտ ու անիմաստ բաշխումները շատ արագ փոխելը, որի արդյունքում որոշ բժշկական կենտրոններ զրկվեցին միլիոնավոր դրամներից, որոնք հիմնականում նկարվում էին։

Այսինքն՝ տարվա վերջում այդ գումարները պարզապես փոշիացվում էին։ Օրինակ՝ Դիլիջանում կար հակատուրբերկուլոզիան դիսպանսեր, որը 300 մլն դրամ բյուջե ուներ, այնտեղ «բուժվում» կամ հանգստանում էին երեխաներ, որոնք շփվել էին տուրբերկուլոզով հիվանդների հետ։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որ տարբեր պայմանավորվածությունների հիման վրա երեխաներն իրեեց ընտանքիների հետ այնտեղ հանգստանում էին»,- նշեց Առողջապահության նախարարը։

Նա նաև մատնանշեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որի տարեկան բյուջեն կազմել է 5 մլրդ դրամ, սակայն 2018 թվականը փակել են 4 մլրդ դրամով։

«Համաչափ բաշխման շնորհիվ մենք կարողացանք գումարն ուղղել նաև մարզեր, բարձրացրեցինք նաև բուժաշխատողների աշխատավարձը՝ խոսքը 10 հազար բուժաշխատողների մասին է։ Մեր տնտեսական ռեսուրսների հաշվին կարողացանք ձեռք բերել նաև հավելյալ դեղորայք։ Եթե այս ամենին տանք քաղաքական գնահատական, կարող ենք փաստել, որ առնվազն անտեղի վատնումները պրակտիկորեն վերացել են, բաշխումները դարձել են հնարավորինս համաչափ և 2019 թվականի համար ունենք աննախադեպ աճ՝ 9 միլիարդ դրամի  չափով, նման բան անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել»,- շեշտեց Արսեն Թորոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս