Ծիրանի բերքը վարակվել է սնկային հիվանդություններով. ինչպես պայքարել
«Անձրևների պատճառով լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ծիրանը վարակվել է սնկային հիվանդություններով, ինչը նշանակում է, որ բերքը կորցնում է ապրանքային տեսքը, իսկ նման պտուղներն արտահանման համար պիտանի չեն կարող լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:
«Այս ձևի անձրևներ չէին եղել: Մենք հիմնականում բերքի կորուստ ունեցանք անձրևների հետևանքով՝ փոշոտում չեղավ, ինչի արդյունքում ունեցանք նոսր բերք:
Սնկային հիվանդություններն ակտիվանում են այն ժամանակ, երբ անձրևից հետո միանգամից շոգ է անում: Օդի հարաբերական խոնավությունը բարձրանում է, սունկը սկսում է աշխատել: Գյուղացիներին կոչ եմ անում «Կուռզատ» և «Կուպրաստատ» թունաքիմիկատներն օգտագործել ամեն անձրևից հետո՝ մեկ հեկատրի հաշվարկով 3.5-4 կգ՝ 400 լիտր ջրի մեջ բացելով: Շատ մատչելի հակասնկային թունաքիմիկատներ են: Ամենակարևորը՝ այսօր վտանգ կա նաև դեղձի, խնձորի, կեռասի դեպքում»,- նշեց Հրաչ Բերբերյանը:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարի խոսքով՝ սնկային հիվանդությունները կազդեն բերքի քանակի, ապրանքի տեսքի վրա, և դրանց արտահանումը չի լինի:
«Ծիրանի արտահանումը երկու անգամ պակասելու է: Սնկային հիվանդությունն այն է, որ բծեր կան վրան, տեսքը հարթ չի լինում: Վտանգ չի պարունակում, ուղղակի ապրանքային տեսքն է կորցնում: Ռուսաստանում դա չի վաճառվի, բայց մեր սպառողները վերցնում-ուտում են»,- ընդգծեց նա:
Անի Կարապետյան