«Հասկանո՞ւմ եք, որ սա անուղեղ արարքի դրսևորում է՝ ուղղված ոչ միայն Մանվել Գրիգորյանին խոշտանգելուն, այլև Հայաստանը միջազգային ատյաններում խայտառակ անելուն». Փաստաբան

Եվրոպական դատարանի կայացրած որոշման հիման վրա, այսօր առավոտյան ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որը վերջինիս նախընտրած հիվանդանոցն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մ. Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, ըստ որի` Մ. Գրիգորյանի բուժումը պետք է իրականացվի ոչ թե դատապարտյալների հիվանդանոցում, այլ  քաղաքացիական հիվանդանոցում։

«Երեկ երեկոյան եմ այցելել Մանվել Գրիգորյանին։ Հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց տեղափոխելը մեծ ցնցում է նրա համար, չնայած բոլոր անհրաժեշտ միջամտությունները տեղում արվում են, բայց ավելորդ տեղաշարժը տալիս է իր բացասական արդյունքը։ Մարդն իր բուժումը ստանում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, բայց հանկարծ ինչ-որ մութ ուժեր որոշեցին, որ նրան պետք է տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց՝ իր կամքին հակառակ։

Այնուհետև ոտնահարելով նրա իրավունքները՝ թույլ չտվեցին, որպեսզի տեսակցի իր փաստաբանների հետ։ Վիճակը ծայրահեղ դառնալուց հետո ստիպված եղան կրկին տեղափոխել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Սպասեցին այնքան, մինչև ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, որից հետո նրան տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ։ Հիմա հասկանո՞ւմ եք, որ սա անուղեղ և անհետևողական արարքի դրսևորում է, որն ուղղված է ոչ միայն Մանվել Գրիգորյանին խոշտանգելուն, այլև մեր երկիրը միջազգային ատյաններում խայտառակ անելուն։ Կարծում եմ՝ այս ամենին պետք է լուրջ ուշադրություն դարձնեն»,- ասաց փաստաբանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ առնվազն մեկ պաշտոնյա գոնե ձևական պետք է պատասխանատվության ենթարկվի միայն նրա համար, որ Մ. Գրիգորյանին խոշտանգելու գործի գլխին է կանգնած և միջազգային ատյաններում Հայաստանի վարկանիշը նվազեցնելով է զբաղված։

Հարցին՝ սևեր ուժեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, ովքե՞ր են Մանվել Գրիգորյանին խոշտանգելու գործի գլխին կանգնած, փաստաբանը պատասխանեց.

«Հիմա, երբ Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է դատարանում, ակնհայտ է դառնում, որ առաջադրված մեղադրանքը, մեղմ ասած, այդքան էլ հիմնավոր չէ, ուստի փորձում են առաջ բերել այնպիսի նոր հանգամանքներ ու լուրեր՝ իրականությանը չհամապատասխանող, որպեսզի նորից հանրությանը գրգռեն՝ գիտակցելով, որ սննդի գողության հետ կապված մեղադրանքը չեն կարողանում հիմնավորել և խայտառակ են լինում։ Այս ամենի հետևում պատվեր եմ տեսնում և, կարծում եմ՝ սա ձեռնտու է այն մարդկանց, որոնք նպատակաուղղված զբաղված են Արցախի ազատամարտի հերոսների անունները վարկաբեկելով և բանակի վրա բացասական ազդեցություն թողնելով։ Այսինքն՝ զբաղված են մարտական ոգին ջարդելով»,- շեշտեց Արսեն Մկրտչյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը բուժումը ստանում է բարեկամների միջոցների հաշվին։

Թե որքա՞ն ժամանակ Մ. Գրիգորյանը կմնա «Նաիրի» ԲԿ-ում՝ հարցին, փաստաբանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ կոնկրետ ժամանակահատված նշված չէ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս