Բաժիններ՝

Ինչու է ԱԱԾ թիրախում հայտնվել Առողջապահության նախարարությունը

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) թիրախում է հայտնվել Առողջապահության նախարարությունը: ԱԱԾ-ին մասնավորապես հետաքրքրում է սոցփաթեթի ծրագրի շրջանակներում իրականացված առողջապահական բաղադրիչի կատարման ողջ գործընթացը: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ ծառայության աշխատակիցները փորփրում են դեռևս 2012 թվականից մեկնարկած ծրագրի ողջ կատարողականներն ու փաստաթղթերը:

Եվ դա պատահական չէ։ Սոցփաթեթի ծրագրի ողջ գործառույթն իրականացվել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության միջոցով: Իսկ մինչ հեղափոխությունը գործակալության պետի տեղակալը ամիսներ առաջ ԱԱԾ կողմից կաշառք վերցնելու պահին ձերբակալված Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն է եղել:

Չնայած բացառված չէ նաև մյուս՝ թերևս, ավելի արժանահավատ վարկածը. սոցփաթեթի ծրագրի կատարողականի հետքերով հեղափոխական իշխանությունը փորձում է թելերը տանել մինչև ՀՀԿ-ական նախկին կարկառուն գործիչներ՝ ապօրինի հարստացման աղմկոտ բացահայտումների հույսով:
Դեռևս տարիներ առաջ մամուլը հաճախ էր անդրադառնում այս ծրագրում ընդգրկված ապահովագրական երկու հիմնական ընկերություններին:

Շուրջ 100 հազար շահառուի համար իջեցված բյուջետային ծախսի շրջանառությունը, հիշեցնենք, ժամանակին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը որոշեց իրականացնել միայն երկու ապահովագրական ընկերությունների միջոցով՝ «Ինգո Արմենիայի» և բժշկական ապահովագրության ոլորտում մասնագիտացած «Գարանտ Ինշուրանս» (որը մինչև 2012թ. հուլիսը կոչվում էր «Գարանտ Լիմենս») ընկերության: Դրանցից առաջինը կապվում էր ՀՀԿ-ական նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, մյուսը՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի: «Գարանտ Լիմենսի» բաժնետոմսերի մոտ 26%-ը պատկանում էր Արա Բաբլոյանի կնոջը։ 2003 թվականից «Գարանտ Ինշուրանսը» բժշկական ապահովագրության ոլորտում եղել է առաջատարներից մեկը։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը մասնագիտությամբ ատամնաբույժ Արման Բաբլոյանն է՝ Արա Բաբլոյանի որդին։ Ընկերության խորհրդի անդամներից են ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը՝ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրենը, «Արֆին» վարկային ընկերության ղեկավար Անահիտ Գաբրիելյանը, իրավաբան Նաիրա Մանուչարյանը, ինժեներ Սերգո Սումբատյանը։

Իհարկե, ավելի ուշ հայտնի դարձավ, որ սոցփաթեթների նույն այս ծրագրով սեփական ընկերությանը պետական միջոցներով կարողացել է «սնել» նաև վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նշանակված Առողջապահության նախարարը՝ Լևոն Ալթունյանը: Վերջինս «Ինգո Արմենիայի» բաժնետերերից է, 2004-ից եղել է «Ինգո Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրենը: 2002-2006թթ. եղել է «Ապահովագրական շուկայի ասոցիացիայի» (ԻԱՄ) հիմնադիր նախագահը։

Հիշեցնենք, որ Լ. Ալթունյանի պաշտոնավարման շրջանում ամենամեծ փաթեթը հենց «Ինգո Արմենիա» ընկերությանն էր բաժին հասել:

ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր հետ առնչվող «Ինգո Արմենիայի» հետ կնքել էր 250 միլիոն 864 հազար դրամի պայմանագիր՝ հիվանդանոցային ծառայությունների համար: Այդ ընթացքում հիմնվեց նաև նրան և այլ բաժնետերերի պատկանող մասնավոր՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնը:

Այդ շրջանում «Վարդանանց» բժշկական կենտրոնը առավոտից մինչ ուշ գիշեր հազիվ հասցնում էր սոցփաթեթով այս կենտրոն ուղղորդված պետական ծառայողների ապահովագրական փաթեթները սպասարկել: Փաստորեն, «Ինգո Արմենիան», որ զուգահեռաբար նաև մաքասակետում էր ապահովագրական ծառայություն մատուցում, առողջապահական ոլորտով տարիներ շարունակ եկամուտներ էր ապահովում երկու վարչապետների՝ թե Տիգրան Սարգսյանի, և թե Կարեն Կարապետյանի կառավարության օրոք:

Մի խիստ ուշագրավ փաստ ևս. առողջապահական ոլորտում ապահովագրական ծառայություն մատուցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանքի հետ կապվող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, ուստի բացառված չէ, որ սոցփաթեթի կծիկի վրա սևեռվածության պատճառներից հիմնականը հենց Քոչարյանի գործոնը լինի: Հիշեցնենք, որ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության համասեփականատեր է Ռ. Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյան, նա ունի 60% բաժնեմաս։

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս