Մտածիր վաղվա մասին
Վերնագիրն անցած կիրակի Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններում հաղթած թեկնածուի կարգախոսն է: 1990 թվականից երկրի անփոփոխ ղեկավար Նուրսուլթան Նազարբաևն այս տարվա մարտին հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից: Նախկին նախագահը մնացել է երկրի Անվտանգության խորհրդի և իշխող «Նուր օթան» կուսակցության ղեկավար: Ինչպես նաև՝ երկրի Սահմանադրական խորհրդի անդամ:
Այս կոչումներից բացի, Նազարբաևը ևս մեկ կոչում ունի, որի մասին կխոսենք հետո: Մարտ ամսից երկրի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները փոխանցվել էին Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Հենց նա էլ արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության ղեկավարն էր, ուստի, միջազգային փորձագետների կարծիքով՝ ընտրությունների արդյունքն ի սկզբանե կանխորոշված էր: Բայց ցանկացած երկրում ընտրությունները որոշակի քաղաքական գործընթացներ են ծնում, որոնք, որպես կանոն, հետք են թողնում երկրի քաղաքական կյանքի վրա: Հետևաբար՝ ղազախստանյան այս ընտրությունները բազում առումներով եզակի էին: Նախ՝ ասենք, որ թեկնածուները յոթն էին և նրանցից մեկը կին է:
Սա եզակի է, կամ հազվադեպ փաստ է ոչ միայն արևելյան, այլ նաև հետխորհրդային շատ երկրների համար: Ամենաերիտասարդ թեկնածուն 55 տարեկան էր, ամեաառաջացած տարիք ունեցողը` 66: Հիշո՞ւմ եք արևելյան պնդումը, որ՝ «Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում»: Ամեն ինչ կատարվեց այս իմաստնության հանգույն:
Մասնակիցների 70 տոկոսից ավելիի ձայներով նախագահ ընտրվեց ամենաավագը` Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ընտրությունների ընթացքը հետաքրքիր էր հետևյալ մանրամասներով: Լռության օրն արդեն հավաքված էին նախընտրական համարյա բոլոր բաներ-պաստառները (ի տարբերություն մեր ընտրությունների՝ շենքերի պատերին ու մուտքերին ցուցապաստառներ չէին էլ փակցվել: Բայց քաղաքի տեսքի ու մաքրության մասին՝ ավելի ուշ): Լռության օրվա լույս ընտրության օրվա գիշերը Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինն Ամերիկայում չեմպիոնական մարտում հաղթել էր: Ողջ Ղազախստանն օրը սկսեց այս լուրի քննարկումով: Ապա լրատվամիջոցները հրապարակեցին Նուրսուլթան Նազարբաևի նամակը բռնցքամարտիկին:
Նամակը գրված էր պաշտոնական բլանկի վրա, որի գլխագրում գրված է՝ «Նուրսուլթան Նազարբաև. Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, Ելբասի»: Ելբասի բառը թարգմանվում է՝ ժողովրդի առաջնորդ` դա նախկին նախագահի պաշտոնական պատվանունն է: Ելբասիի նամակից նետո հրապարակվեց այդ պահին դեռ թեկնածու Տոկաևի նամակը բռնցքամարտիկին:
Ապագա նախագահի ընտրատեղամասը նորակառույց մայրաքաղաքի օպերայի և բալետի շենքում էր: Քվեարկությունից հետո նա խոսեց երկրի առջև ծագած խնդիրների մասին՝ առաջին հերթին կարևորելով սոցիալ-տնտեսական խնդիրները: Առանձնացնենք, որ Տոկաևը երիտասարդներին երկրի առջև ծառացող խնդիրների լուծման հարցում համբերություն մաղթեց, իսկ իրավապաշտպաններին` հանդուրժողականություն:
Ապագա նախագահը լրագրողների հարցերին պատասխանում էր ղազախերեն, ռուսերեն և անգլերեն` հնչեցված հարցի լեզվով: Ընտրությունների ընթացքին հազարից ավելի միջազգային դիտորդներ էին մասնակցում: Նրանցից 432-ն ԱՊՀ երկրներից էին: Ընթացքը լուսաբանում էին 40 երկրից ժամանած 227 լրագրողներ: Համեմատության համար կարելի է նշել, որ նախորդ ու հերթական ընտրություններին (2015-ին) արտասահմանցի 167 լրագրող էր հավատարմագրվել: Մոտ մեկ ժամ հետո իր ընտրական տեղամաս ժամանեց Ելբասին:
Այն փաստը, որ ընտրությունների հանրահայտ դիտորդներն ու հյուրերն այս տեղամասում էին, ապացույցն էր այն բանի, որ երկրի կառավարման ոլորտում նախկին նախագահը մեծ ազդեցություն ու հեղինակություն ունի: Ընտրությունների ընթացքում ներկա և նախկին մայրաքաղաքներում (Ղազախստանում Ալմա-Աթան անվանում են նաև հարավային մայրաքաղաք) բողոքի ցույցեր եղան:
Նուր-Սուլթանում ցույցը մարդաշատ չէր` բազմազավակ մայրերը բողոքում էին, որ պետությունն ուշացնում է խոստացած անվճար բնակարանների հատկացումը: Ալմա-Աթայի միտինգները հավանաբար ավելի մարդաշատ էին: Նուր-Սուլթանը, ինչպես վայել է մայրաքաղաքին, երկրի քաղաքական կենտրոնն է: Բայց տնտեսական կյանքում անհամեմատելի մեծ տեսակարար կշիռ ունի Ալմա-Աթան, որ ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը:
Ալմա-Աթայում ցույցի ընթացքում նաև քաղաքական փոփոխությունների պահանջներ էին հնչել: Պաշտոնական լրատվությունը հայտարարեց, որ երկրում բերման է ենթարկվել մոտ 500 մարդ: Պաշտոնական լրատվություն հրապարակվեց, որ բախման ընթացքում երեք ոստիկան է տուժել: Դատախազությունն ընտրական կարգի խախտման համար 84 ֆիզիկական և իրավաբանական անձանց էր տուգանել:
Հետո հաջորդ օրը հրապարակվեց, որ մասնակցությումը մոտ 65.9 տոկոս է: Ասեք, որ սա բարձր է, այսպես համարվող, «դեմոկրատական մասնակցության թվից», սակայն ցածր է «տոտոլիտար երկրի մասնակցության» ցուցանիշից: Ընտրություններից զատ, կարևոր մանրամասներ կան, որ կներկայացնեմ հաջորդիվ: Խոսքը ԵԱՏՄ մեր գործընկեր երկրի 1997թ. մայրաքաղաքի կարգավիճակ ստացած և այսօր մոտ երեք անգամ բնակչության աճ արձանագրած քաղաքի կենցաղի ու խնդիրների մասին է: Կրկնում եմ` հաջորդիվ: