Բաժիններ՝

«Այս աղմուկը բարձրացավ կոնկրետ դատական ակտից հետո». Փաստաբանը՝ դատական համակարգի բարեփոխումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, թե՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը», Ազգային ժողովում մեկնարկեցին անցումային արդարադատության հարցերով լսումներ։

«Այս աղմուկը բարձրացավ կոնկրետ դատական ակտից հետո»,- թեմային անդրադառնալով՝ նշեց փաստաբան Գեորգի Աղաջանյանը։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Քրեական դատավարության օրենսգրքի 53, 55 հոդվածները, որոնք վերաբերում են դատախազին, քննիչին, թույլ են տալիս կոնկրետ լուծումներ, եթե կայացվել է անարդար ակտ։

Անցումային արդարադատությունը՝ որպես հանրային վստահությունը բարձրացնելուն ուղղված քայլ, անելուց առաջ, ըստ փաստաբանի՝ անհրաժեշտ է սոցհարցում հենց հանրության շրջանում։

Աղաջանյանը, սակայն, հավելեց, որ քաղաքացին ոչ միշտ է օբյեկտիվ գնահատում իրավիճակը. «Մեր փաստաբանական համայնքն ամենաինտենսիվ առնչվողն ու մասնագիտական կարծիք ձևավորողն է. քաղաքացին, ամեն դեպքում, դժգոհ է լինելու, եթե դատապարտվեց»։

Վեթինգի գործիքակազմի անաչառության մասին 168.am-ի դիտարկմանը փաստաբանն արձագանքեց՝ ասելով, որ վեթինգի մեխանիզմի մասին մինչ այս քննարկումներ եղել են, «բայց այդ օտարահունչ բառը հասարակության մեջ միանգամից տարածվեց»։

«Կան գործիքներ, որոնք նախատեսում են լծակներ»,- ասաց նա՝ նշելով, որ վեթինգի արդյունքում չեն կարող պարզել դատավորի մասնագիտական որակները։

Իսկ դատական համակարգը ներկայացնող այն անունները, որոնք բարձրացվեցին այս թեմայի առնչությամբ, ըստ փաստաբանի, այդ համակարգում վստահություն վայելող անուններ էին. «Նույն վերաքննիչ դատարանի նախագահը, առաջին ատյանի մի քանի դատավորներ, ում անունները բարձրաձայնվեցին… Չեմ կարող ասել՝ ինչու էդպես եղավ, բայց նրանք վայելում են հարգանք՝ որպես ինքուրույն-խիստ դատավորներ, ովքեր կարողանում են մրցակցային նիստ անել և կաշկանդված չեն»։

Մեր հարցին, թե անցումային արդարադատության հարցով ԱԺ լսումներին ի՞նչ գնահատական կտա, փաստաբանը պատասխանեց. «Շատ ելույթներ եղան, բայց ես կոնկրետ ռեալ առաջարկ չեմ լսել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս