Կառավարությունը հավանություն տվեց Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթին
Կառավարությունը հավանություն տվեց Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթին և այն ճանաչեց անհետաձգելի:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ օրենքի արդյունքում կբարելավվի Հայաստանի դիրքը Doing business վարկանշային ցանկում, կբարձրացվի սնանկության ոլորտի կարգավորման արդյունավետությունն ու սնանկության կառավարիչների հաշվետվողականությունը, կապահովվի սնանկության վարույթի թափանցիկությունը, սնանկության վարույթում կներդրվեն էլեկտրոնային կառավարման մեխանիզմներ եւ այլն:
««Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի ցածր դիրքը պայմանավորված է մի շարք ցուցիչներով գրանցված բացասական արդյունքներով: Այդ ցուցիչների շարքին է դասվում նաև «Սնանկության» ցուցիչը՝ սնանկության ոլորտը կարգավորող օրենսդրությունում եւ պրակտիկայում առկա հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների առկայության պատճառով, որոնց լուծման նպատակով սահմանվել են հետևյալ կարգավորումները.
սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակում, ինչն ուղղակիորեն ազդելու է սնանկության վարույթի ժամկետների և արդյունավետության վրա,
որոշակիորեն նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները,
սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում,
սահմանվել է պարտապանի իրավունքը՝ սնանկ ճանաչվելուց հետո ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ, հրաժարվելու ակնհայտ ծանր պայմաններով կնքված պայմանագրերից, դիմելու դատարան՝ իր համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների պայմանագրերի գործողությունը շարունակելու խնդրանքով,
սահմանվել է պարտատիրոջ իրավունքը՝ կառավարչից պահանջելու ֆինանսական բնույթի տեղեկություններ և այլն»,- ասաց Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ բացառվել է նաև Սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Արդարադատության նախարարության հետ համաձայնեցման որոշակի շեմը գերազանցող անդամավճարների եւ անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը, ինչպես նաեւ սահմանվել են սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմքերը, վարույթի իրականացման կարգը եւ այլ մանրամասները եւ որպես կարգապահական վարույթ հարուցող մարմին նախատեսվել է նաև Արդարադատության նախարարությունը: